«Կարելի է շատ երկար դիմանալ, եթե վերջնարդյունքը հայանպաստ լուծումն է լինելու, բայց չգիտենք՝ ինչի՞ համար ենք դիմանում այս ամենին»․ Մերի Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ստեփանակերտի «Արևիկ» բժշկական կենտրոնի բժիշկ Մերի Գրիգորյանը

– Տիկի՛ն Գրիգորյան, Արցախն արդեն քառասուն օր է՝ շրջափակված է մնում, ու, բնականաբար, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է։ Ի՞նչ վիճակ է Արցախում։

– Դուք ճիշտ նկատեցիք, որ Արցախում գնալով խորանում է հումանիտար ճգնաժամը, ու ոչ թե եզրին ենք, որ անընդհատ ասում են՝ մենք հումանիտար աղետի եզրին ենք, ո՛չ, մենք հումանիտար աղետի մեջ ենք։ Սնունդ, դեղորայք՝ բոլորը գիտեն, որ այդ ամենը Արցախում չկա, ճիշտ է, բոլորն էլ ունեն դրանց կարիքը, բայց հենց սկզբից դա երկրորդ պլան է մղված եղել, հիմնականում մարդկանց մտահոգում է միջանցքի բացվելու ու ազատ տեղաշարժվելու խնդիրը։

Գիտեք, որ գազամատակարարման բացակայության պատճառով ուսումնական հաստատություններն են փակվել, որովհետև ջեռուցումը հիմնականում գազով էր իրականացվում, ու երեխաները տանն են: Որոշ հիմնարկներ անցել են օնլայն աշխատանքի, նույնիսկ մեզ մոտ էլ՝ բուժհիմնարկներում, այսօր սովորականից քիչ ենք աշխատել՝ էլեկտրաէներգիայի խնայողության պատճառով։

Բացի դրանից, գիտեք, կա դիզվառելիքի խնդիր ևս, ինչն էլ ավելի է խորացնում այս աղետը, որովհետև եթե գյուղերում ինչ-որ չափով սնունդ կա, ապա դիզվառելիքի բացակայության հետևանքով գյուղացին չի կարողանում դրանք բերել Ստեփանակերտ ու վաճառել։ Քրոնիկ հիվանդների համար ևս իրավիճակը բարդ է, որովհետև հիվանդանոց գալու համար խնդիր է առաջացել։ Մի խոսքվ՝ խնդիրները գնալով խորանում են։

– Ճանապարհի փակման առաջին իսկ օրից, ի թիվս այլ խնդիրների, ընդգծվեց մանկական կերի բացակայության փաստը։ Մանկական կերի բացակայության հետևանքով թերսնուցման վտանգ կա՞, թե՞ թերսնուցումն արդեն իրողություն է մանկահասակ երեխաների մոտ։

– Ճիշտն ասած, այո՛, ի սկզբանե կար մանկական կերի պակասը։ Կարմիր խաչի միջոցով աննշան փորձ է արվում փակել այդ բացը․ դեղատները ստացել են որոշ քանակության, բայց դա չի բավականացնելու երեխաներին: Բայց այդ կերախառնուրդների բացակայությունից պակաս էական չէ նաև բանջարեղենի բացակայությունը, որովհետև վեց ամսականից հետո երեխաները պետք է հավելյալ սնունդ ընդունեն, իսկ դա հիմնականում բանջարեղենային սնունդն է։

Ա՛յ սրա բացակայությունը երեխաների մոտ բերելու է ավիտամինոզների, թերսնուցման, ու սա ոչ միայն վաղ մանկական հասակի երեխաների մոտ, այլ նաև մեծահասակ երեխաների մոտ բերելու է փորկապությունների: Ասեմ ձեզ, որ արդեն ունենք փորկապության խնդրով դիմողների թվի աճ, քանի որ հիմնական սնունդը ծանր խմորային է, երեխաները ոչ ռացիոնալ սնունդ են օգտագործում, մեծերն էլի ոչինչ, մի կերպ կարող են էս ամենի միջով անցնել։

– Բնակչության մոտ ի՞նչ տրամադրություններ ու տրամադրվածություն են նկատելի։

– Չկան խուճապային տրամադրություններ, չկա ընկճախտ, բայց կա անորոշություն, որն ինձ թվում է ամենավտանգավորն է։ Անորոշության զգացումն է ամենատանջողը։ Մենք ավելի վատ վիճակում էլ ենք եղել․ ես ինքս դպրոցական եմ եղել, ու այդ ժամանակ սննդի պակասն անհամեմատ ավելի էր, բայց գիտեինք, որ անկախացման ճանապարհին ենք, ու բոլոր հետխորհրդային շրջաններում էր այդ վիճակը, բայց հիմա՝ 2023 թվականին, երբ աշխարհում այդ հարցերը բոլորը կարգավորված են, մենք նորից երեսուն տարի հետ ենք գնացել։

Դժվարությունները չեն կոտրում մեր ժողովրդին, բայց հիմա անորոշություն է, չգիտենք՝ ինչի համար է այս ամենն արվում ընդհանրապես, կարելի՞ է քաղաքական նպատակների հասնելու համար ինչ-որ ազգի ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակել։ Էդ անորոշությունն է, որ մարդկանց տանջում է, թե չէ ընկճվել չկա, իրար օգնելով փորձում են դուրս գալ էս վիճակից։

– Այսինքն՝ նկատի ունեք, որ եթե այն ժամանակ պարզ էր, թե հանուն ինչի էին զրկանքներ կրում, ապա հիմա անհա՞յտ է։

– Այո՛, որովհետև բլոկադայի սկզբում կեղծ ակտիվիստները պատճառաբանում էին, թե Կաշենի հանքում ունեն խնդիրներ, հանքի շահագործումը ժամանակավորապես կասեցվեց, բայց ճանապարհը շարունակում է փակ մնալ, մենք չենք կարողանում ազատ տեղաշարժվել։ Իսկ թե իրական նպատակը ո՞րն է, արդյոք էս ամեն ինչն ավարտվելու է հայանպաստ լուծմա՞մբ, չգիտենք, իսկ այն ժամանակ հույս կար։ Մարդիկ հիմնականում պայքարում էին Հայաստանին միանալու համար ու դրան հասնելու համար պատրաստ էին ամեն ինչի։

– Քաղաքական ու այլ նպատակները չգիտեք, բայց արցախահայության նպատակը ո՞րն է։

– Ուզում է ապրել իր հողում, չլքի իր հայրենիքը, ուզում են ապրել բնականոն կյանքով, իրենց երեխաներն ունենան կրթություն և ունենան կապ Մայր Հայաստանի հետ։ Մեր միակ ցանկությունը սա է, բայց գլոբալ ու վերջնական ցանկությունը միշտ էլ եղել է Հայաստանին միանալը։

– Տիկի՛ն Գրիգորյան, վերջին շրջանում ակտիվորեն խոսում են, որ եթե Լաչինի միջանցքը բացվի, արցախահայության մեծ մասը լքելու է Արցախը։ Նման տրամադրություններ նկատո՞ւմ եք ձեր շրջապատում։

– Ճիշտն ասած, իմ շրջապատում նման ցանկություն հայտնողներ չկան, ասեմ ավելին, որ Երևանում մնացած արցախցիները ամեն հնարավոր միջոց փորձում են, նույնիսկ պատրաստ են ցանկացած գումար տալ՝ Արցախ վերադառնալու համար, դա արդեն խոսում է հակառակի մասին։

Պարադոքս է․ ասում են՝ արցախցիները դուրս են գալու, բայց Երևանում մնացած արցախցիները պատրաստ են ցանկացած տարբերակով գալ Արցախ, էդ ո՞նց է ստացվում, որ պատրաստվում ենք դուրս գալ։ Էդքան պատերազմ, զոհ եղել է, որ մենք մեր հողում մնանք։

– Որքա՞ն ժամանակ է պատրաստ արցախցին կրել այս զրկանքներն ու ապրել շրջափակման պայմաններում։

– Էլի եմ ասում, մենք պետք է իմանանք՝ հանուն ինչի է դա արվում, մենք չգիտենք դա։ Եթե արվում է նրա համար, որ վերջում հայանպաստ արդյունք ստանանք՝ կարելի է շատ երկար դիմանալ։ Բայց մենք չգիտենք՝ ինչի՞ համար ենք դիմանում այս ամենին։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am