«Անբարոյական է Մնացական Մարտիրոսյանի նշանակումը, նաև անբարոյական էր ՀՀ նախագահի նման գործողությունը». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, ինչպե՞ս եք գնահատում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։

– Խիստ բացասական, սա նշանակում է, որ գործող իշխանությունները որևէ ցանկություն չունեն բարեփոխումների, և իրենց պետք են մնացական մարտիրոսյաններ, կոնկրետ անձի հետ չեմ կապում, որովհետև Մնացական Մարտիրոսյանը միակը չէ, կան բազմաթիվ նմանատիպ այլ դատավորներ, որոնց տեղը հաստատ դատական համակարգում չէր, լրիվ ուրիշ վայրում էր, մենք էլ պիտի գնայինք նրանց հնարավոր խախտված իրավունքների մասին արձանագրություններ կազմեինք, բայց փոխարենը մենք տեսանք արդեն նախագահի ստորագրությամբ հաստատումը, որ շատերը կարծում էին, թե նախագահը չի ստորագրի այդ որոշումը, բայց պարզվեց, որ նախագահը գործում է նույն տրամաբանության մեջ։

Դա այն պարագայում, երբ ՀՀ Սահմանադրության համաձայն նախագահն ունի պարտավորություն՝ իր լիազորություններն իրականացնել՝ առաջնորդվելով «բացառապես համապետական և համազգային շահերով»։

Իմ մեջ շատ կոնկրետ հարց է ծագում, այդ ո՞ր համազգային շահն էր պահանջում Մնացական Մարտիրոսյանին նշանակել դատարանի նախագահ։ Անտրամաբանական, ավելին ասեմ՝ անբարոյական է նման նշանակումը, անբարոյական էին ԲԴԽ-ի առաջարկն ու քվեարկությունը, և նաև անբարոյական էր նախագահի նման գործողությունը:

Գոնե նա այն մարդն էր, որը ՀԱԿ-ի թիմից էր եղել ու շատ լավ գիտեր Մնացական Մարտիրոսյանի անցած ճանապարհը։ Նման մարդու վերաբերյալ ստորագրել նման որոշում, նշանակում է զուրկ լինել բոլոր տեսակի բարոյական նորմերից, դա խայտառակություն է նախագահի համար։

– Իշխանության շահագրգռությունը ո՞րն է՝ ձեր ասած մնացական մարտիրոսյաններով լցնել դատական համակարգը։

– Բոլոր ժամանակներում ցանկացած իշխանություն ուզում է ունենալ կառավարելի արդարադատություն իրականացնող համակարգ, իսկ դրա կառավարելիությունը կարելի է ապահովել միայն մի բանով, երբ որ դու ունենում ես պաշտոնյաներ, որոնք այնպիսի անցյալ ունեն, ինչի հիման վրա կարող ես անընդհատ կոմպրոմատներ նրա դեմ դնել ու ամեն անգամ սպառնալ՝ քրեական գործ հարուցելու հնարավորությամբ։ Այդպիսի մարդիկ կանեն ցանկացած գործողություն, միայն թե պատասխանատվությունից խուսափեն։

Կոնկրետ Մնացական Մարտիրոսյանի պարագայում՝ այս հետևողական նշանակումները իմ մեջ տպավորություն են ստեղծել, որ ինչ-որ գործարք կա իշխանությունների ու Մնացական Մարտիրոսյանի միջև: Չեմ կարող հաստատել, բայց այդպիսի տպավորություն ունեմ, որովհետև չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը. ամբողջ դատական համակարգում արդյոք չկա՞ր որևէ մեկ այլ դատավոր, որն արժանի կլիներ դատարանի նախագահ լինելուն կամ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր լինելուն։ Սա նման է ինչ-որ գործարքի. կա՛մ ինչ-որ բան արդեն արել է, ինչի դիմաց էլ պետք է ստանա լավ պաշտոն, կա՛մ դեռ պատրաստվում է անել, դրա համար է ստանում լավ պաշտոն։

Ուրիշ տրամաբանություն այս նշանակման մեջ չեմ տեսնում։ Այն հայտարարությունները, թե մենք մեր բարեփոխումների, գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն ենք կրում, ուղղակի զրոյանում են՝ սկսած դատական համակարգի իբր բարեփոխումներից, որովհետև որևէ մեկն այս տապալումների համար քաղաքական պատասխանատվություն այդպես էլ չկրեց, վերջացրած ռազմական ոլորտով, երբ այսքան խնդիրներից հետո որևէ մեկը քաղաքական պատասխանատվություն չկրեց։ Գործող իշխանությունն ունի զրո քաղաքական պատասխանատվություն։

– Տիկի՛ն Կարապետյանց, դուք ասում եք՝ տապալումներ, բայց գործող իշխանությունը շարունակաբար պնդում է, որ բոլոր ոլորտներում «աննախադեպ բարեփոխումներ» են արվում, իրենք համաձայն չեն, որ այս նշանակումները տապալումներ են։

– Մնացական Մարտիրոսյանի գոյությունը դատական համակարգում խոսում է այդ համակարգում բարեփոխման տոտալ տապալման մասին։ Բազմաթիվ այլ ոլորտներում պարբերաբար տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես, բանակում արձանագրվող դեպքերը խոսում են տոտալ տապալման մասին։

Այն ոլորտներում, որոնց ես առնչվում եմ, կա տոտալ տապալում։ Իրենք կարող են անընդհատ կրկնել իրենց հաղթանակների ու աննախադեպության մասին, ես կարող եմ ասել, որ, այո՛, աննախադեպ տապալված են բոլոր գործողությունները։

– Իսկ ձեր տպավորությամբ՝ իրեն հեղափոխական ուժ համարող իշխանությունն իսկապե՞ս իր առջև բարեփոխումների խնդիր դրել էր, թե՞ ոչ։

– Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ, որովհետև ցանկացած մարդ, որը հեղափոխության է մասնակցում ու հեղափոխական նպատակներ ունի, շատ լավ հասկանում է, որ հեղափոխությունն իրեն տալիս է շատ փոքր ժամանակաշրջան, որի ընթացքում կարող ես անել գործողություններ, որոնք ստանդարտից դուրս են, որոնք հեղափոխությունից հինգ տարի հետո դու չես կարող անել, որովհետև քեզ ոչ մեկը թույլ չի տա։ Երբ հեղափոխությունից անմիջապես հետո փոփոխություններ չարվեցին, տարբեր պատճառաբանություններ հորինեցին, թե ինչու չարեցին, խոսում էր նրա մասին, որ իրենք որևէ փոփոխություն անելու ցանկություն չունեն։

Դեռ երեք տարի առաջ եմ ասել, որ ուղղակի իշխանությունը փոխանցել են գործող վարչակազմին, ու մեծ իմաստով փոփոխությունների չգնալը, այդ թվում նաև՝ Սահմանադրության՝ Սերժի հագով կարված, արդարադատության ոլորտում փոփոխություն չանելը խոսում է միայն մի բանի մասին, որ դու ուղղակի վարձակալ ես ու իշխանությունը պետք է վերադարձնես այն տեսքով, ինչպես ստացել ես։ Դու կարող ես քո վարձակալած տարածքում մանր-մունր փոփոխություններ անել, բայց ոչ հիմնասյուները փոխել, որովհետև դու չես դրանց տերը։

– Այսինքն՝ ստացվում է, որ նախկիններին քննադատելով՝ նրանց հեռացրին, որ իրե՞նք շարունակեն նրանց գործը։

– Թերևս ավելի վատ տարբերակով են շարունակում, որովհետև եթե մենք գիտեինք, որ նախկինները սրիկա են, ու իրենք էլ չէին թաքցնում դա, այն հայտնի հայտարարությունները, որ «բոլոր ճանապարհներն անցնում են Մելիք-Ադամյանով, բոլորը մեր հաճախորդներն են, ինչքան ուզենք, էնքան խփենք», եթե այս հայտարարությունները նրանք անում էին ազատորեն ու բաց, ապա սրանք եկան խոստումներով, մարդկանց հույս ներշնչելով, իսկ հիմա մարդկանց մեջ էդ հույսն ուղղակի սպանված է: Մարդիկ սկսել են կորցնել հույսը դեպի դրական փոփոխությունները, կորցրել են հույսը՝ արդյոք մենք կարո՞ղ ենք ունենալ պետականություն, որովհետև նրանց ներշնչել են, որ մեզնից ոչինչ կախված չէ։

Սա ամենամեծ սրիկայությունն էր, որ այս իշխանությունն արեց, բայց հասարակությունը պատերազմից հետո սկսեց արթնանալ, ես մեծ հույսեր ունեմ, որ մենք դեռ կունենանք նորմալ համակարգեր, պետություն ու կապրենք այդ պետության մեջ, որովհետև շատ մարդիկ հիմա սկսել են լուծումներ առաջարկել ու պատրաստ են փոփոխությունների:

Ցավոք, դեռ չի ստացվում մոբիլիզացնել այն ուժերին, որոնք կկարողանան ստանձնել Հայաստանն իրական փոփոխությունների տանելու առաքելությունը, բայց ընթացքում նաև լյուստրացիա է գնում, ու մենք ունենալու ենք այդ ուժերը, որոնք կկարողանան ստանձնել փոփոխությունների տանելու այդ մեծ պատասխանատվությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am