Միգրանտների համար Ռուսաստանը բարձրացնում է հարկերը և խստացումներ ներդնում. Տաթևիկ Բեժանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

– Տիկի՛ն Բեժանյան, տեղեկացրեք, խնդրում եմ, ի՞նչ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի միգրացիոն ոլորտում, որոնք կարող են անդրադառնալ հայ միգրանտների վրա:

– Այն փոփոխությունները, որոնք վերաբերում են միգրանտներին, անկախ ազգությունից, վերաբերելու են բոլորին, այդ թվում՝ հայերին: Այդ բոլոր փոփոխությունները 2023-ի հունվարի 1-ից արդեն ուժի մեջ են:

Առաջին միգրացիոն փոփոխությունը վերաբերում է հարկերի բարձրացմանը: ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար դրանք բարձրանալու են շուրջ 6.5 տոկոսով, իսկ ոչ ԵԱՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների համար հարկերը կբարձրանան 11-11.5 տոկոսով: Այսինքն՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները ընդհանուր կվճարեն 43 տոկոս հարկ՝ նախկին 37.5-ի փոխարեն:

– Ի՞նչ հարկերի մասին է խոսքը:

– Դա աշխատավարձից գանձվող հարկն է՝ եկամտային հարկ, կենսաթոշակային վճար, պարտադիր բժշկական ապահովագրություն և այլն:

– Դա մե՞ծ բեռ է միգրանտների համար:

– Չէ՛, հարցը մեծ բեռը չէ, ուղղակի սովորաբար գործատուները հարկեր չվճարենլու համար խուսափում են պայմանագիր կնքելուց: Մենք նրանց զգուշացնում ենք, որ նախ՝ պատրաստ եղեք, ձեր աշխատավարձի 43 տոկոսը հարկ է գնալու, հետո՝ եթե գործատուն առաջարկի պայմանագիր չկնքել, չպետք է համաձայնել, որովհետև պայմանագրի բացակայությունը միգրանտին հնարավորություն չի տա 90 օրից ավելի գտնվել Ռուսաստանի տարածքում ու երկարացնել միգրացիոն հաշվառումը: Իսկ եթե անձինք չկարողանան դա անել, 90-րդ օրը ուղղակի կդառնան անօրինական միգրանտ: Ու բացի այդ, կախված նրանից, թե Ռուսաստանում ինչքան անօրինական կմնան, սահմանը հատելիս կարող է 3-10 տարով այդ երկիր մուտքի արգելք վաստակեն:

– Իսկ որո՞նք են մյուս փոփոխությունները:

– Այո, միգրացիոն օրենսդրական մի քանի փոփոխություններ կան, որոնցից մեկի համաձայն՝ եթե օտարերկրացին աշխատանքային պայմանագիր ունի, գտնվում է Ռուսաստանում և ցանկանում է տանել իր ընտանիքի անդամներին, ապա պետք է ցույց տա, որ բավարար եկամուտներ ունի, որ կարող է ապահովել նրանց կենսապահովման նվազագույն չափը:

Օրինակ՝ Մոսկվայի դեպքում դա կազմում է 20589 ռուբլի, ու եթե, օրինակ՝ անձը տանում է իր կնոջը և երկու երեխաներին, նշանակում է չորս հոգու համար պետք է ցույց տա պաշտոնապես գրանցված շուրջ 80 հազար ռուբլի (455 հազար ՀՀ դրամ) գումար: Գրանցված օրինական գումար: Այս դեպքում կարող է խնդիր առաջանալ: Սովորաբար եթե գործատուն չի ուզում ամբողջ աշխատավարձը ցույց տալ, ապա անձը չի կարող ընտանիքը տանել, իսկ եթե տանում է, ապա պարտավոր է ամբողջը ցույց տալ:

Սա ներկայացնում եմ, որ մարդիկ պատրաստ լինեն նման փոփոխություններին:

– Նախկինում նման բան չկա՞ր:

– Ո՛չ, եթե նախկինում անձը կնքում էր աշխատանքային պայմանագիր, ապա դրա ժամկետով իր ընտանիքի անդամներին մեկ տարի ժամկետով կարող էր իր հետ տանել, իսկ աշխատանքային պայմանագրից ելնելով էլ՝ ընտանիքի անդամների միգրացիոն հաշվառումն առանց սահմանը հատելու կարող էին երկարացնել:

– Շատ լավ, իսկ ո՞րն էր հաջորդ օրենսդրական փոփոխությունը:

– Հաջորդը, ես կասեի՝ դրական փոփոխություն է. եթե նախկինում անձինք մուտք էին գործում Ռուսաստանի տարածք աշխատելու նպատակով, պարտավոր էին միգրացիոն քարտում «Նպատակը» դաշտի դիմաց նշել աշխատանք, եթե հանկարծ նշեին մասնավոր այց, ապա իրավունք չէին ունենում աշխատելու, իսկ եթե ուզում էին աշխատել, ապա պետք է սահմանը հատեին, նորից մուտք գործեին, այցի նպատակը նշեին՝ աշխատանք, որ կարողանային աշխատել:

Բայց հիմա՝ այս տարվա հունվարից, միայն ԵԱՏՄ քաղաքացիներին թույլատրված է առանց սահմանը հատելու գնալ իրենց հաշվառման տարածքային միգրացիոն կենտրոն և միգրացիոն քարտը փոխել: Եթե, օրինակ՝ մասնավոր այցով եք գնացել ու ուզում են աշխատել, պետք է նշեն՝ աշխատանք: Ցանկացած նպատակ կարելի է փոփոխել՝ աշխատանք նպատակով: Այս դեպքում արդեն գործում են 2021 թվականին ընդունված փոփոխությունները, որոնց համաձայն աշխատանքային միգրանտը պարտավոր է համալիր բուժզննում անցնել, բայց նախկինում գործող 90 օրվա փոխարեն՝ 30-օրյա ժամկետում:

– Իսկ, տիկի՛ն Բեժանյան, եթե իրավիճակը այսպես եք վերլուծում, ինչ եզրահանգման եք գալիս, այդ փոփոխությունները իսկապե՞ս միտված են բարդացնելու միգրանտի կյանքը, և մեկ հարց էլ՝ արդյոք հնարավո՞ր է այլ ելքեր գտնել՝ շրջանցելով այս փոփոխությունները:

– Ռուսաստանը միգրացիոն օրենսդրությունը խստացնում է՝ նպատակ ունենալով հնարավորինս բոլորին բերել հարկային դաշտ, փորձում է այնպես անել, որ իրական եկամուտները ցույց տան, քանի որ ստվերը բավականին մեծանում է:

Ինչ վերաբերում է այլ ելքեր գտնելուն, ապա կարող եմ ասել, որ, սովորաբար, երբ միգրանտների կյանքը խստանում է, նրանք փորձում են քաղաքացիություն ստանալ, որ կարողանան ավելի հեշտ ապրել:

Բայց մյուս կողմից՝ քաղաքացիներն էլ այլ խնդիր են ունենում: Բայց ամեն դեպքում միգրացիոն օրենսդրությունը, ռուսական կողմի պնդմամբ, խստացնելու հստակություն մտցնելու նպատակը անօրինական աշխատանքը օրինական դաշտ բերելն է:

– Տիկի՛ն Բեժանյան, ռուս-ուկրաինական պատերազմը, դրա հետևանքով տնտեսական խնդիրները, ինչպես նաև զորահավաքը ինչպե՞ս են ազդել Հայաստանից Ռուսաստան միգրացիոն հոսքերի վրա, ունե՞ք տվյալներ:

– Վերջնական տարեկան տվյալներ դեռ չկան, բայց կարող եմ ներկայացնել 2021-ի և 2022-ի առաջին ինն ամիսների վիճակագրությունը: Այսպես՝ 2021-ի առաջին ինն ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացու անձնագրով ՌԴ-ում միգրացիոն հաշվառման (տվյալը կարող է պարունակել նաև նախորդ տարվանից տվյալներ) է կանգնել 437.276 անձ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 394.917: Աշխատելու նպատակով 2021-ի ինն ամիսներին ՌԴ մուտք գործած ՀՀ քաղաքացիների թիվը եղել է 298.801, 2022-ին՝ 262.555:

Աշխատանքային կամ քաղիրավական պայմանագիր կնքած ՀՀ քաղաքացիների թիվը 2021-ի ինն ամիսների ընթացքում կազմել է 112.348, իսկ 2022-ին՝ 85.694: Բոլոր տողերում մենք նվազում ենք տեսնում:

Ուղղակի, ցավոք, Ռուսաստանի քաղաքացիություն ստացող հայաստանցիների թիվը, չնայած ստեղծված իրավիճակին, չի նվազում. 2021-ի ինն ամիսներին 34.195 հայաստանցի է Ռուսաստանի քաղաքացիություն ստացել, իսկ 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 32.788:

Քաղաքացիություն ստանալն այնպես չէ՝ այսօր դիմեցիր, վաղը կստանաս: Այս մարդկանց մի հիմնական մասը ժամանակավոր բնակության իրավունք է ունեցել, հետո ստացել է կացության իրավունք, այնուհետև արդեն հասել է իրենց հերթը, որ ստանան քաղաքացիություն:

Ցավալին այն է, որ Ռուսաստանի տարածքում ամբողջ միգրացիոն հոսքերի մեջ Հայաստանի քաղաքացիները կազմում են 3.5 տոկոս՝ ի տարբերություն Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիների, որոնք կազմում են 30-40 տոկոս, բայց Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների թվով հայաստանցիները 3-րդ տեղում են՝ տաջիկներից և ուզբեկներից հետո:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am