«Հոգնեցուցիչ է լսել մարդկանց, որոնք նախկին իշխանության մաս են եղել ու հիմա էլ հոխորտում են»․ Արմեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, խորհրդարանն այսօր քննարկում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի առաջին միջնորդագիրը: Ինչպե՞ս եք վերաբերվում սկսված գործընթացին, իշխանությունն ինչո՞ւ է նման քայլի գնում։

– Կարծում եմ, որ դա վրեժ է «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հարցի վերաբերյալ» խորագրով կազմակերպված խորհրդարանական լսումների համար, անկեղծ, ես այդ տպավորությունն ունեմ։ Քաղտեխնոլոգ ասեմ կամ ինչ-որ բանիմաց մարդ՝ պետք է այս կառավարությանը խորհուրդ տա, թե ընդհանրապես ի՛նչ այլ մեթոդներ կարող են կիրառել, բացի այդ նախկին-ներկա մեթոդից։

Դե, իրենք պարտավոր էին թույլ տալ այդ խորհրդարանական լսումները, իհարկե այդ լսումների ժամանակ ինձ համար շատ անընդունելի կարծիքներ հնչեցին, այդ թվում նաև՝ իշխող խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթը, ընդհանուր շատ բացասական երևույթ էր։

Տպավորություն է, որ երբ սոցիոլոգիան ցույց է տալիս, որ իրենց վարկանիշն ավելի վատ է, քան իրենք կուզեին, իրենք հիշում են, որ կան նախկինները, ու կան իրենք, ու կարող են դրա վրա խաղալ։ Բնականաբար այդ մեթոդի արդյունավետությունը ընկնում է, իհարկե ժամանակը չի կարող իրենց օգտին աշխատել, եթե իրենք միշտ պատրաստվում են այդ մեթոդի վրա հիմնվել։

Երկրորդ՝ արդեն հոգնեցնում են՝ նույն սերիան անընդհատ ցույց տալով, ախր, թող մի նոր բան հնարեն, էլի, ինչ-որ մի լավ բան անեն, մի բարեփոխում անեն մինչև վերջ այս երկրի համար, արտաքին քաղաքական կարևորագույն որոշում ընդունեն, ոչ թե անընդհատ խոսք տան։

Երկու կողմն էլ արդեն հոգնեցրել է բոլորին, լավ, ասենք Օհանյանին զրկեցին մանդատից, ու պարզվեց՝ դրանից իրենց հեղինակությունը չբարձրացավ կամ քիչ բարձրացավ, հետո ի՞նչ պետք է անեն․ ամբողջ խմբակցությանը՝ երկու-երկու ձերբակալելով գնալո՞ւ են, իրենց կարծիքով՝ այդ կերպ 20 տարի յոլա կտանե՞ն։

Այս առումով ահավոր վրդովված եմ, որ ՀՀ քաղաքացիներին դնում են մանկամիտների տեղ։ Իշխանության այս մեթոդը նրա համար է, որ նախկինների ֆոնի վրա ավելի լավը երևան, քան կան։ Կարող են Սեյրան Օհանյանի անուն, ազգանունն էլ ձեռքից խլել, բայց հետո՞, իրենք ինչո՞ւ են վատ կառավարում այս երկիրը։ Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ունեմ հարց․ ինչո՞ւ են իրենք այսքան վատ կառավարում այն երկիրը, որը վստահվել է իրենց երկրորդ անգամ։ Այս հարցի պատասխանը թող տան, հետո նոր ձերբակալեն մարդկանց։

– Բայց իշխանությունը համակարծիք չէ, թե վատ է կառավարում երկիրը, ըստ իրենց՝ առկա բոլոր խնդիրներն էլ գալիս են նախկին իշխանությունների սխալներից։ Օրինակ՝ պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր՝ այդ նույն նիստի ժամանակ ասաց, որ «Մեր զինվորն այսօր վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել եք ու կերել»։

– Ուրեմն նույն Գևորգ Պապոյանը այդ «ուտողների» թիմի երկարամյա անդամ է եղել, ու դրա և մյուս բաների պատասխանատվության կրող է նաև ինքը, սկսենք դրանից։ Հոգնեցուցիչ է լսել մարդկանց, որոնք իշխանափոխության համար տարիներ շարունակ ոչինչ չեն արել, այլ ընդհակառակը՝ նախկին իշխանության մաս են եղել ու հիմա այնպես են հոխորտում, կարծես այլմոլորակային են եղել ու նոր են եկել, հիմա էլ վրդովված են։

Խնդիրն այն է, որ այս երկրում ով գա իշխանության՝ պետք է պատասխանատվություն կրի իր ընտրողների առաջ, որպեսզի գոնե ընդհանուր գծերով իրենց խոստումները կարողանան իրականացնել։ Եթե չեն բավարարում գիտելիքը, կամքը, կամ հանգամանքները թույլ չեն տալիս, ուրեմն պետք են նոր ընտրություններ, բայց իրենք հույս են դրել, որ նախկին-ներկա խաղերի վրա մինչև խոր ծերություն կառավարելու են, նման բան չի՛ լինելու։

– Պարո՛ն Հովհաննիսյան, այդ պատասխանատվությունն ինչո՞ւ չի զգում, չի պատրաստվում կրել գործող իշխանությունը։ Ինչո՞ւ են ամեն հարցում շարունակում մեղադրել նախկիններին։

– Իրենց ինտելեկտը չի բավականացնում նոր բան մտածելու, դա ուղեղի սրության հարց է։ Երկրորդը՝ մեր ժողովրդի մի մասի մոտ, իհարկե շատ ավելի քիչ, քան նախկինում էր, դա աշխատում է, ու քանի դեռ աշխատում է, իրենք մտածում են այդ հատվածի վրա աշխատել, մինչև տեսնեն՝ ինչ է լինում։ Երրորդ՝ այնտեղ կան մարդիկ, երևի դա հոգեբանական կամ ինտելեկտուալ խնդիր է, որոնք ի վիճակի չեն որևէ բանի համար պատասխանատվություն ստանձնելու։

Որպես օրինակ չբերեմ պատերազմը, կացարանում այրված զինվորների դեպքը և այլն, այլ ամենասովորական բանը, օրինակ՝ ճանապարհը պետք է սարքվեր կես տարում, երեք տարի է՝ չի սարքվում: Նորմալ խնդիր է, բոլոր երկրներում էլ կարող է լինել, չէ՞, բայց իրենք պետք է ասեն, որ դա նրա համար էր, որովհետև նախկինները… դե մենք ինչ անենք։ Այսինքն՝ նրանք ի վիճակի չեն ընդունելու, որ գոնե ճանապարհի մասով մեղավոր են։ Այս իշխանությանը հաղթահարելու լավագույն ձևը նախկինների մասին մոռանալն է, ոչ թե նրանց առաջ տանելը, քավ լիցի, Աստված չտա, այլ մոռանալ նախկիններին ու մտածել, թե ոնց ունենալ ադեկվատ ազգային կառավարություն Հայաստանում։

– Իշխանության մոտ ստացվո՞ւմ է դեռ, ձեր ասած՝ այդ հնարքը նպատակին ծառայեցնել։

– Նրանց թվում է, թե՝ հա, բայց ես վստահ եմ, որ արդեն չի ստացվում, ու քանի որ իրենք դեռ համոզված են, որ ստացվում է, իրենց իմացած միակ հնարքը կիրառելու են։

– Պարո՛ն Հովհաննիսյան, իշխանությունը նմանօրինակ քայլերը հիմնավորում է նրանով, որ այս կերպ իրենք փորձում են նախկինում արված սխալներն ուղղել, ինչն էլ նպաստելու է երկիրն ավելի լավ կառավարելուն։ Ընդունո՞ւմ եք այս հիմնավորումը։

– Եթե ուզում են երկիրը լավ կառավարել, թող ԱԺ նախագահի եղբայրը բազմաթիվ տենդերներ չհաղթի։ Երկրի լավ կառավարման համար առաջին հերթին պետք է պատասխանատվություն նախ սեփական իշխանության գործողությունների համար, երկրորդ հերթին, այո՛, պետք է նախկինում արված սխալները ուղղես ու ապագա իշխանության պլատֆորմ ստեղծես։

Իսկ ի՞նչ են անում իրենք ապագայի համար, ես նույնիսկ չեմ էլ ուզում խոսել, որովհետև դա սարսափելի է։ Մեղադրում են, սխալներ են մատնանշում, շատ լավ, բայց ո՞վ է պատասխանատվության ենթարկելու նրանց, ո՞վ է շտկում այդ սխալները։

Իրար պաս տալով՝ եկել ու ԱԺ-ն «գրավել» են մի հատ նորմալ պետականամետ խմբակցություն չկա, բոլորը ռուսական գործակալների հավաքածու են ու հիմա ուզում են ասեն, որ այս երկիրը վատ վիճակում է, որովհետև նախկին ռուսական գործակալներն ավելի վատն էին, քան այսօրվանները․ լավ ինչքա՞ն կարելի է հուսալ, որ մարդիկ դրան հավատում են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am