«Մենք պատրաստ ենք ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միայն մեկ պայմանով». Արցախցի պատգամավոր

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ իրավիճակ է Արցախում, քաղաքական՝ նկատի ունեմ. մենք պարբերաբար լսում ենք հնարավոր պաշտոնանկությունների, փոխատեղումների մասին: Ի՞նչ է կատարվում հիմա այդտեղ:

– Մեր խմբակցության ղեկավարը արդեն հայտնել է, որ որոշակի քննարկումներ կան Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին, բայց այս պահին առարկայական որևէ քննարկում չկա: Բայց նաև շեշտեց, որ Արցախի նախագահի ու Ռուբեն Վարդանյանի միջև անձնական որևէ լարվածություն չկա: Ես այս պահին խմբակցության ղեկավարի ասածին ավելացնելու որևէ բան չունեմ:

– Արդյոք այդ քննարկումները պայմանավորված են Ալիևի հայտարարություններո՞վ: Հիշեցնեմ՝ նա հերթական անգամ անընդունելի է համարել Վարդանյանի ներկայությունը Արցախում և բացառել է Ռուբեն Վարդանյանի հետ որևէ բանակցություն:

– Չեմ կարծում, որովհետև մինչ այդ հայտարարությունը արդեն նման խոսակցություններ կային՝ պայմանավորված թե՛ կառավարման մոդելներով, թե՛ արտաքին եկող ազդակներով:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, գիտեք՝ առաջին անգամը չէ, և ամենաբարձր մակարդակներով Ադրբեջանը կոնկրետ փորձում է թիրախավորել կոնկրետ Ռուբեն Վարդանյանի անձը: Նա Մյունխենում չդիմացավ և դժգոհություն հայտնեց, որ իր ասելով՝ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից գործուղված մարդ է, Ռուսաստանի դրածոն է:

Ի դեպ, մյունխենյան հանդիպման ժամանակ Ադրբեջանը փորձեց երկու անգամ ռուսական կողմին թիրախավորել: Մեկը՝ երբ հայտարարեց, որ իրենց համար անընդունելի է Ռուբեն Վարդանյանը, որովհետև Ռուսաստանի դրածոն է, իսկ երկրորդը՝ երբ խոսեց անցակետեր տեղադրելու մասին՝ ասելով, որ դրանց տեղադրման գաղափարն առաջացել է ԵՄ ներկայացուցիչների մոտ, և, ըստ էության, նրանք դեմ չեն արտահայտվել:

Բայց Ալիևը մոռանում է, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Կարծում եմ՝ միակ կողմը, որի հետ Ադրբեջանը պետք է այդ հարցը քննարկի, հենց Ռուսաստանն է: Բայց նա այդ քայլերով փորձեց Ռուսաստանին անտեսել, արհամարհել: Կարծում եմ՝ հայկական դիվանագիտությունը այս ուղղությամբ պետք է բավականին հասցեական աշխատի:

– Դուք ասում եք՝ ռուսական խաղաղապահ առաքելության ներքո է Լաչինի միջանցքի վերահսկողությունը, բայց փաստորեն այդ միջանցքը 60 օրից ավելի է՝ փակ է:

– Փակ է, բայց ռուսական կողմը ամեն օր հայտարարություն է տարածում, թե միջանցքը բացելու ուղղությամբ բանակցություններ է իրականացնում, աշխատում է: Բայց Ադրբեջանը արդեն իր համար որոշումներ է կայացրել՝ անտեսելով նրանց:

Ադրբեջանի թիվ մեկ նպատակը հիմա արցախահայության կամքը կոտրելն է, Արցախում արտագաղթելու տրամադրություններ սերմանելը: Բայց նաև նրանք առաջին իսկ օրվանից խաղաղապահ առաքելությանը ամեն կերպ փորձում են վարկաբեկել ու ստվեր գցել նրանց գործունեության վրա:

– Պարո՛ն Հարությունյան, Ալիևը նաև հայտարարել էր, թե «պատրաստ են բանակցելու հայ համայնքի այն ներկայացուցիչներ հետ, ովքեր ծնվել և ապրում են Ղարաբաղում»: Ի՞նչ եք հասկանում այս հայտարարությունից, այսինքն՝ նրանք պատրաստ են բանակցությունների՞:

– Չեմ կարծում, մենք մեր խմբակցությունում այս մասին այսօր առիթ ունեցանք քննարկել. մենք պատրաստ ենք ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միայն մեկ պայմանով՝ Արցախը վերականգնվի որպես լիիրավ բանակցային կողմ:

Բայց Ալիևը մյունխենյան հարթակում շեշտեց՝ ոչ թե Արցախի կամ Արցախի ղեկավարության, այլ Ադրբեջանի բնակչության հետ: Ըստ էության, նման մոտեցումը մեզ համար անընդունելի է: Կարծում եմ՝ նույնը գիտակցում է նաև Ալիևը, և սա պարզապես սեփական լսարանի համար ինչ-որ ականջահաճո հայտարարություն էր, որն արեց: Մեզ համար դա չի կարող ընդունելի լինել:

– Հայաստանում արդեն կան տեղեկություններ, որ Ռուբեն Վարդանյանն արդեն հեռանում է, նրա թիմը հանձնվել է: Ալիևի հայտարարությանը զուգահեռ նման տրամադրությունները չե՞ն նշանակում, որ ընդառաջ են գնում նրա խոսքին, անուղղակի կատարում նրա պահանջը:

– Ես համաձայն չեմ այն ձևակերպմանը, որ Վարդանյանի թիմը հանձնվել է, որովհետև պայքարել և հանուն Արցախի գործել չի նշանակում պաշտոն զբաղեցնել: Եթե հետ գնանք՝ ի սկզբանե Ռուբեն Վարդանյանը Արցախ էր տեղափոխվել ոչ թե որևէ պաշտոն զբաղեցնելու համար, այլ տեղափոխվել է Արցախում ապրելու ու գործունեություն ծավալելու համար: Միգուցե որևիցե գործիքակազմի փոփոխություն կլինի, բայց դա չի նշանակում հանձնվել կամ պայքարից հրաժարվել:

Ես չեմ կարծում, թե Ռուբեն Վարդանյանի պաշտոնից ազատվելը Ալիևի խոսքին ընդառաջ քայլ է, միգուցե աշխարհաքաղաքական կենտրոններից թելադրանքներ կան, որ այս պահին չպետք է լարվածություն լինի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am