«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը
– Պարո՛ն Պետրոսյան, Եվրամիությունը երեկվանից՝ փետրվարի 20-ից, Հայաստանում սկսել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում։ Այս առաքելության ներկայությունը որքանո՞վ է կաշկանդելու ադրբեջանական կողմին, որպեսզի ռազմական նոր ագրեսիա չսանձազերծեն։
– Ես համոզված եմ, որ այդ առաքելությունը ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության շահերի հետ, նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ, ըստ էության, նրանք գալիս են նաև մոնիթորինգ անելու, որպեսզի տեսնեն, թե ռուսական զորակազմն ինչ վիճակում է, որպեսզի Հայաստանը չհարձակվի Ադրբեջանի վրա։
Բայց, իմ խորին համոզմամբ, բացի ռուսական կողմի գործոնից, նրանց տեղակայման նպատակներից մեկն էլ Իրանի նկատմամբ դիտարկում իրականացնելն է։ Այսինքն՝ ԵՄ առաքելությունը ունի դիտարկման երկու ուղղություն՝ Ռուսաստան ու Իրան, դա որևէ կերպ կապված չէ Հայաստանի հետ։ Այստեղ բոլորովին այլ նպատակ է առկա, որի մասին, ինչպես ասացի արդեն, բարձրաձայնեց նաև Նիկոլ Փաշինյանը, սակայն միայն Ռուսաստանի մասով, բայց այստեղ կա նաև Իրանի գործոնը։ Քաղաքական մտքից դուրս կլինի ասել, թե ԵՄ առաքելությունը եկել է, որպեսզի Հայաստանի վրա հարձակում չլինի, կամ մոնիթորինգ իրականացնելու նպատակով։
– Այսինքն՝ համակարծի՞ք եք ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն մտքին, որ «ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը՝ Եվրամիության ներկայացուցիչներն անազնիվ են: Այն ծավալվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շուրջ, հետևաբար դրան անհրաժեշտ է համապատասխանաբար վերաբերվել»։
– Ես ոչ թե նրա հետ եմ համակարծիք, այլ պատմական փաստերից ելնելով եմ նման եզրահանգում անում։ Նույնիսկ եթե դա չլիներ քաղաքացիական խաղաղ առաքելություն, այլ լիներ, պայմանական ասած, խաղաղապահ առաքելություն զենքով, միևնույն է՝ նրանք ևս որևէ բան չէին կարողանալու ապահովել կամ երաշխավորել։ Բազմաթիվ են պատմական օրինակները, երբ եվրոպացի խաղաղապահների աչքի առաջ, որ դիտորդ չէին, այլ հենց խաղաղապահ էին ու զենքով, ցեղասպանություններ են իրականացվել։
Մեծագույն միֆ է, թե այս առաքելությունը կանխելու է ռազմական նոր հարձակումները, պատմության մեջ նույնիսկ չկա նման բան։ Ամեն մի խաղաղապահ առաքելություն իր շահի համար է գտնվում տվյալ վայրում, բայց ոչ երբեք բնակչության պաշտպանության կամ խաղաղության համար։ Մենք ոչ թե կարող ենք հղում տալ Զախարովային, այլ հենց մեր երկրի վարչապետի խոսքին, որի մասին վերևում արդեն ասացի։
– Պարո՛ն Պետրոսյան, Ռուսաստանի մասով նպատակը պարզ է՝ դուրս մղել նրան տարածաշրջանից, իսկ Իրանի պարագայում խնդիրը ո՞րն է։
– Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանել՝ միևնույն ժամանակ թույլ չտալով, որ Իրանը զբաղեցնի տարածաշրջանը։ Պետք է հաշվի առնել, որ այս գլոբալ հակամարտությունն ուղղված է նաև Իրան-Ռուսաստան համագործակցության դեմ, որովհետև սա գլոբալ առումով Արևմուտքի խնդիրն է։ Ես, իհարկե, գնահատական չեմ հնչեցնում, թե Արևմուտքը լավ կամ վատ է անում, ուղղակի ասում եմ, որ յուրաքանչյուրն իր տեսանկյունից սպասարկում է իր շահը, սա այդ երկրների շահերի բախման գոտի է, բայց մենք այստեղ չենք ձևակերպում մեր շահը ու այս ամենից մենք որևէ կերպ չենք կարող շահել։ Այս գործընթացները տեղի են ունենում մեր շուրջը՝ առանց մեր մասնակցության։
– Եթե երկրի վարչապետը գիտի այս առաքելության տեղակայման բուն նպատակը, որը, ինչպես ասում եք՝ չի կարող որևէ օգուտ բերել մեր պետությանը, ապա ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը համաձայնել այդ առաքելության տեղակայմանը Հայաստանում։
– Որովհետև վաղուց է պարզ, որ Հայաստանի իշխանությունը խորքային առումով իրականացնում է լրջագույն հակառուսական քաղաքականություն․ դուք նայեք իշխանության ներկայացուցիչների խոսույթը, իշխանական լրատվականները, իշխանությանը սպասարկող քաղաքական ուժերին և այլն, աննախադեպ, համատարած հակառուսականություն է։
Ես, իհարկե, սա չեմ ասում այն տեսանկյունից, թե ռուսները մեր բարեկամներն են, ռազմավարական դաշնակիցները, սա պետության ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է, որովհետև մենք իրավունք չունենք ոչ միայն չլինել հակառուս, այլ նաև հակաարևմտյան ու, առհասարակ, հակա- ինչ-որ մի բանական, մենք պարզապես դրա իրավունքը չունենք, որովհետև դա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է։
Բայց ես պետք է ընդգծեմ նաև, որ ռուսական կողմը այս տարածքից երբեք չի հրաժարվելու, Արևմուտքը երբեք չի դադարելու պայքարել այս տարածքի համար, թուրքական կողմը երբեք այս տարածքից չի հրաժարվելու, ուղղակի արանքում մենք չհիմնավորված խոստումների, մտապատկերումների հետևանքով կորցնում ենք մեր հողն ու պետությունը։ Այս տարածքում երբեք չի լինելու խաղաղություն, այս տարածքը միշտ լինելու է քաղաքակրթությունների բախման կետ, այս տարածքում մշտապես լինելու է ազդեցություն ունենալու ձգտում տարբեր երկրների կողմից։
– Այսինքն՝ այս առաքելության տեղակայումը տարածաշրջանում իրադրությունն ավելի զգայո՞ւն է դարձնելու, այլ ոչ թե հակառա՞կը։
– Բնականաբար, ավելի է սրում հենց այդ հարաբերությունները, որովհետև Հայաստանն ավելի է մոտեցնում գերտերությունների բախման գոտի դառնալուն, շատ ավելի է մոտեցնում, որովհետև այն գործնականում որևէ խնդիր չի լուծելու, տեսականորեն էլ հնարավոր չէ լուծել։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am