«Բաքու-Մոսկվա ռազմավարական պայմանագրից պարզ է դառնում Ալիևի «էկոակտիվիստ» օպերացիայի բուն նպատակն ու հասցեատերը». Կարեն Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը 

– Պարո՛ն Հովհաննիսյան, նկատի ունենալով Արցախում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, կասեք՝ ի՞նչ վիճակ է այդտեղ։

– Որևէ լարվածություն հասարակության մեջ չկա, քաղաքական որոշ ուժեր որոշակի դիրքավորում են վերցրել պետնախարարի պաշտոնանկության հրամանագրից հետո և իրենց քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու նպատակով կարծես թե փորձում են վերախմբավորվել ու ավելի ակտիվ զբաղվել ներքաղաքական կյանքով։ Ժողովրդի մեջ որևէ լարվածություն չկա, նրանք այս պահին հիմնականում մտահոգված են իրենց առօրյա հոգսերով, գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանը սկսվում է, և բնակչության մեծ մասը, շրջափակումից դաս քաղելով, մտածում է հողը մշակելու մասին։

Առօրյա հոգսերն այնքան շատ են, որ մեծ հաշվով մարդիկ ներքաղաքական վայրիվերումներին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, ու եթե նկատել էիք, մինչև Ռուբեն Վարդանյանի ազատման հրամանագրի ստորագրումը սոցցանցերում մեծ ակտիվություն էր, բայց ազատելուց հետո ինքներդ համոզվեցիք, որ գործնականում որևէ բան չհետևեց այդ կոչ-գրառումներին։

– Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության շրջանառվող պատճառներին վստահաբար ծանոթ եք, իսկ ձեր համոզմամբ՝ ո՞րն էր նրան պաշտոնի նշանակելու, ապա հեռացնելու պատճառը։

– Այս ամբողջ խնդիրը պետք է դիտարկել Բաքու-Մոսկվա 2022 թվականի փետրվարի վերջին կնքված ռազմավարական պայմանագրի պրիզմայով։ Եթե վերընթերցենք այդ պայմանագրի մեզ վերաբերող որոշ կետեր, ապա պարզ կլինի, թե Ալիևի այս «էկոակտիվիստ» օպերացիայի բուն նպատակը ո՛րն է, ու ո՛վ է բուն հասցեատերը։

Իմ պատկերացմամբ՝ Ալիևը, ելնելով տվյալ պայմանագրի դրույթներից, ուղղակի ձեռնոց նետեց Կրեմլին, հասկացնելով, որ եթե մենք պայմանագիր ունենք, որի համաձայն մեկս մյուսի տարածքում սեպարատ գործողություններ չիրականացնելու պայմանավորվածություն ունենք, ապա ճիշտ կլինի, որ Ռուսաստանի քաղաքացի չգա Արցախում պաշտոն զբաղեցնի, ինչը բացահայտ հայտարարեց Ալիևը ու չընդունեց այն փաստը, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից։

Հասկանալի է, որ պետություններն ունեն համապատասխան ինստիտուտներ, ունեն իրենց շահերը, և ուղղակիորեն այս ամենը կապել Ռուբեն Վարդանյանի անձի հետ, կարծում եմ՝ ով հասկանում է, թե ինչ են պետությունն ու պետական շահը, շեշտը չէր դնի դրա վրա։ Խնդիրը Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական պայմանագրի կետերի մեջ պետք է փնտրել։

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկությունից հետո տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե «արգելափակել է որոշ պետական մարմինների մեծ ֆինանսական միջոցների մսխման խողովակները, ինչը առաջացրել է այդ պաշտոնյաների դժգոհությունը» ինչի հետևանքով էլ, ըստ էության, նախագահը որոշում է կայացրել հեռացնել իրեն պաշտոնից։ Եթե իսկապես սա է ազատման պատճառը, նախ՝ ինչո՞վ եք բացատրում Վարդանյանի հակասական մեկնաբանությունները իր պաշտոնից ազատելու մասով, որովհետև սկզբում նման բան չէր ասվում, ու երկրորդ՝ ինչի՞ մասին է սա խոսում։

– Եթե պետական պաշտոնյան հայտնաբերել էր ֆինանսական խախտումներ, ապա ի պաշտոնե պարտավոր էր խախտման վերաբերյալ հայտարարություն տալ երկրի իրավապահ մարմիններին, որպեսզի համակողմանի քննությամբ պարզեին այդ խախտման խորությունն ու ծավալները, իսկ այն անհասցե արտահայտությունը, որ ինքն արել է, կարծում եմ, սխալ է, ճիշտ կլիներ կոնկրետ անուններ հնչեցնել։

Եթե Ռուբեն Վարդանյանը, այն ժամանակ, երբ ԱԺ-ն հաստատում էր 2023 թվականի բյուջեն, այդ ընթացքում հայտնաբերել էր այդ խախտումները, ճիշտ կլիներ խորհրդարանում ներկայացներ մսխումների խողովակներն ու այն նախարարներին, որոնք թույլ էին տվել այդ խախտումները։ Վերջին հաշվով, ինքը ձևավորեց կառավարությունը, ու եթե իր ձևավորած կառավարության մեջ կան նման մարդիկ, որոնք ֆինանսական մսխումներով են զբաղված եղել, ապա դա խոսում է այն մասին, որ նա պետական կառավարման փորձառություն չունի։

– Ձեր նախորդ պատասխանի մասով՝ մեկ ճշտող հարց տամ. եթե Արցախում կատարվողը պայմանավորում եք ռուս-ադրբեջանական փոխհարաբերություններով, որի հետևանքով մենք, ձեր տրամաբանությամբ, ականատես եղանք պաշտոնանկության դեպքի, սա ենթադրում է, որ Արցախում որոշումները կայացվում են արտաքին ճնշումների՞ միջոցով, որ Արցախի իշխանությունն ունա՞կ չէ ինքնուրույն որոշումներ ընդունելու։

– 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախը գտնվում է բարդագույն իրավիճակում, և հաճախ, ժողովրդի գոյապահպանման անվտանգությունից ելնելով, երկրի իշխանությունները ստիպված են լինում ավելի ճկուն մոտեցում ցուցաբերել, և երևի թե ինքներդ համոզվեցիք, որ 45 միլիոնանոց Ուկրաինան իր 220 հազար զորքով ուղղակի չկարողացավ դիմակայել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը կամ պատերազմին, ինչի հետևանքով այդ պետությունը հիմա գտնվում է լուրջ խնդրի մեջ։

Այս պարագայում, կներեք, մենք, որ ուղղակիորեն ունենք ժողովրդի գոյապահպանության հարց, ունե՞նք այդ իմունիտետը, որպեսզի միանձնյա ու աներկբայորեն բոլոր հարցերում կատարենք մեր սրտի ցանկությունը։ Պետք է լինել ավելի ճկուն, հասկանալ, որ Արցախն այսօր գտնվում է ամենադժվար ժամանակահատվածում, ու շատ հարցեր պետք է դիտարկել այլ պրիզմայով, որպեսզի կարողանանք կյանքն այնպես կազմակերպել, որ այսօր Արցախը չհայաթափվի, իսկ հաջորդ փուլում կարողանանք հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը։

– Հիմա Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը ի՞նչ տվեց կամ ի՞նչ է տալու Արցախին։

– Վերջին հաշվով, պետական կառավարման համակարգում նա այս 100 օրվա ընթացքում չի կարողացել հրաշք գործել, հասկանալի պատճառներով։ Մեծ հաշվով, Արցախին տալիս է այն, որ Ռուբեն Վարդանյանը՝ որպես հայ, հասարակական գործիչ, հայտնի բիզնեսմեն, հայտնի մարդ, երևի թե հույս ու վստահություն կներշնչի մեր հայրենակիցներին, որ իրենք մենակ չեն, որ նման մարդիկ կկանգնեն մեր կողքին, ու կփորձենք շարժվել այն ծանր ճանապարհով, որի վերջնանպատակը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։

– Պարո՛ն Հովհաննիսյան , ձեր տպավորությամբ՝ Ռուբեն Վարդանյանը քաղաքական հա՞յտ է ներկայացնում։

– Այդ մասին խոսելը դեռ վաղ է։ Ինձ համար այդ հայտի ներկայացման հեռանկարը դեռևս մշուշոտ է։ Այս պահին, կարծում եմ, նա լծված է Արցախի շենացման գործին ու Արցախում ժողովրդի հույսերն արդարացնելու ու Արցախը ճանաչելի դարձնելու աշխատանքին։

– Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, ըստ ձեզ, ե՞րբ ու ի՞նչ պայմաններով է լինելու։ Օրերս ռուսական միջնորդությամբ տեղի ունեցած Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների հանդիպումից ի՞նչ սպասելիքներ ունեք։

– Չեմ ուզում ժամանակից առաջ անցնել։ Այն, որ շրջափակման հետևանքով Արցախի թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական վիճակը բավականին բարդ է, այն, որ միջազգային հանրությունը ուղղակիորեն ստիպում է Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը, փաստ է, ու հիմա այն աշխատանքները, որոնց մասին ես այնքան էլ տեղեկացված չեմ, քանի որ որևէ խմբի մեջ չեմ, չեմ կարող ասել՝ ինչ կարելի է սպասել։ Միանշանակ է, որ այսպես շարունակելը բավական բարդ է։

– Բացառո՞ւմ եք տարբերակ, որ Լաչինի միջանցքը բացվի ադրբեջանական անցակետերի տեղադրմամբ, ինչի մասին անընդհատ խոսում են ադրբեջանցիները։

– 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքի գործարկման իրավական ռեժիմի մասին կա հստակ կետ, որտեղ որևէ բառ անգամ չկա ադրբեջանական անցակետի մասին։ Ելնելով դրանից՝ ենթադրում եմ, որ ադրբեջանական անցակետ չի լինելու, ու աշխարհը դա թույլ չի տալու։ Ենթադրում եմ, որ Ադրբեջանն ի վերջո միջազգային այս ճնշումների ներքո բացելու է ճանապարհը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am