Մարտունու ուղղությամբ կրակելը Ադրբեջանի պատասխանն էր Արցախի իշխանություններին․ Տաթևիկ Հայրապետյան

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, մարտի 1-ին Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարի միջնորդությամբ կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հանդիպումը։ Ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ կան այս հանդիպման հետ կապված։

– Ամենակարևորն այստեղ այն է, թե կողմերից յուրաքանչյուրն ինչպես է մեկնաբանել այս հանդիպումը։ Արցախի իշխանություններն ամենաբարձր մակարդակով, վերջացրած պատգամավորներով, դա մեկնաբանել են խոսակցություն տեխնիկական, կենցաղային հարցերի շուրջ՝ նաև միջանցքի ապաշրջափակման հետ կապված։ Ադրբեջանական կողմը, սակայն, դա մեկնաբանել էր որպես խոսակցություն ինտեգրացիայի շուրջ։ 

Իմ դիտարկմամբ՝ Արցախի իշխանություններն ավելի հստակ են ներկայացրել, թե հանդիպումն ինչի շուրջ է ընթացել, բայց այն, որ Արցախում տարբեր մակարդակներով ժխտեցին ինտեգրացման հետ կապված որևէ խոսակցություն, պատճառ հանդիսացավ, որ նույն օրվա երեկոյան Ադրբեջանը կրակ բացի Մարտունու շրջանի ուղղությամբ՝ թիրախավորելով գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող մարդկանց։ Դա Ադրբեջանի պատասխանն էր նրան, որ Արցախի իշխանությունները ժխտեցին ինտեգրացման հետ կապված խոսակցությունները։

– Այսինքն՝ Ադրբեջանը հանդիպման բոլորովին ա՞յլ բովանդակություն է ներկայացնում։

– Այո՛, տարբեր մակարդակներով այդ ամենը ներկայացնում են, ու ես վստահ եմ նաև՝ միջազգայիններին, որ սա ինտեգրացմանն ուղղված քայլ է, իսկ Արցախի համար կարևոր է, որ սա չընկալվի քաղաքական երկխոսություն, որովհետև քաղաքական երկխոսության համար Արցախում հայտարարել են, որ միջազգային մեխանիզմներ են պետք։ 

Ամենակարևորն այն է, որ Արցախը պատշաճ տեղեկատվական աշխատանք տանի, որ այս հանդիպումները չընկալվեն որպես քաղաքական երկխոսություն, հակառակ դեպքում, Ադրբեջանը ներկայացնելու է, որ իրենք ինտեգրացման գործընթաց են սկսել, ու լավ կլինի, որ միջազգայիններն առհասարակ իրենց չխանգարեն։

-Իսկ կողմերից որի՞ն կհաջողվի այսպես ասած իր տարբերակն առաջ տանել։ Եթե Ադրբեջանին հաջողվի համոզել, որ դրանք քաղաքական երկխոսություններ են, որո՞նք են լինելու հետևանքները Արցախի համար։

– Դրա հնարավոր հետևանքները կլինեն նրանք, որ եթե միջազգային հարթակներում խոսվում է, որ պետք է հստակ մեխանիզմ երկխոսության համար, արդեն կասեն, որ կա այդ երկխոսությունը, ու հավելյալ մեխանիզմների կարիք չկա։ Ադրբեջանը սա փորձելու է ներկայացնել «տեսանելի երկխոսություն», իսկ դա շատ վտանգավոր է, որովհետև ի՞նչ տեսանելի երկխոսության մասին է խոսքը, երբ արդեն երեք ամիս է՝ շրջափակված է պահում Արցախը, ասում են, որ խոսում են ինտեգրացիայի շուրջ ու երկու ժամ հետո էլ կրակում են նրանց վրա։ Ցանկացած տրամաբանող մարդ չի կարող սա ընկալել որպես ինտեգրացիայի գործընթաց։ 

Բայց պետք է նշել, որ Ադրբեջանը, բնականաբար, ավելի ինտենսիվ է աշխատում միջազգայինների հետ, իսկ Արցախն այդ հնարավորությունն այնքան էլ չունի հասկանալի պատճառներով։

Այստեղ Արցախը Հայաստանի օժանդակության կարիքն ունի, իսկ, իմ դիտարկմամբ, Հայաստանի իշխանություններն ուզում են այս հարցից իրենց մաքսիմալ հեռու տանեն, իսկ դա խնդրահարույց է։ Իրենք էլ պետք ճիշտ կոմունիկացնեն, թե ինչ շուրջ են ընթանում քննարկումները, սա շատ կարևոր է։

– Իսկ հումանիտար հարցերի լուծման մասով այս հանդիպումներից ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք, տիկի՛ն Հայրապետյան։

– Ակնկալիքն այն պետք է լիներ, որ եթե իրենց պայմաններից մեկը Ռուբեն Վարդանյանի հեռացումն էր, ապա դրանից հետո գուցե քայլեր ձեռնարկեին ճանապարհի բացման ուղղությամբ, բայց ես այդքան լավատես չեմ այդ հարցում։ 

Ադրբեջանի քաղաքականության տրամաբանությունը հետևյալն է․ եթե իրենք մի բանի հասել են, պետք է փորձեն մյուս բաներն իրագործել։ Արցախը չպետք է գնա որևէ զիջման․ երեկվա հաղորդագրության մեջ կար մոնիթորինգի մասին խոսակցություն ադրբեջանական կողմից, ես կարծում եմ, որ եթե ինչ-որ բանի շուրջ պայմանավորվեն, օրինակ՝ մտնեն հանք ու դուրս գան, ապա դա կարող է լինել միայն ճանապարհը բացելուց հետո, որովհետև ինչքան զիջում անեն, այնքան ադրբեջանցիները ճանապարհը չեն բացելու։ 

Արցախի իշխանությունները չպետք է անեն քայլեր, որոնք կամրապնդեն Ադրբեջանի դիրքերը, որովհետև արցախահայությունը շուրջ երեք ամիս զրկանքների չի դիմանում դրա համար։ Քաղաքական կամքի հարց է։ 

– Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների մասին ի՞նչ կարող եք ասել։

– Խնդիրը հետևյալն է․ մինչ այդ էլ են եղել հանդիպումներ, ու բոլորը դրա մասին տեղյակ են, խաղաղապահների միջնորդությամբ, տարբեր մակարդակներով։ Հիմա իրենք հատուկ են այդ ներկայացուցչին նշանակել, որպեսզի ցույց տան, որ համայնքների միջև շփում է ընթանում։ Իրենք միշտ փորձել են հարցը ներկայացնել որպես ադրբեջանական ու հայկական համայնքների միջև խնդիր, սա եղել է իրենց մշտական երազանքը, ու հիմա դա են փորձում իրագործել։

Կարևոր է, որ Արցախի ներկայացուցիչը հստակ հայտարարի, թե ինքն ինչ լիազորությունների շրջանակներում է գնում բանակցությունների, որ ինքը քաղաքական երկխոսություն վարելու լիազորություն չունի ու չի կարող դա անել, ու դրա համար այլ մեխանիզմներ են պետք։ 

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ադրբեջանն իրականում համաձայնել է այս հանդիպումներին՝ նպատակ ունենալով հենց այդ ինտեգրացիոն գիծն առաջ տանել։

– Միանշանակ այդպես է, իրենք հենց այնպես ոչ մի բանի չեն գնա, իրենք հաշվարկներ ու ծրագրեր ունեն, որոնք փորձում են իրականացնել, դրա համար եմ ասում, որ Արցախի իշխանություններն պետք է փորձեն շատ հստակ ու մաքսիմալ կոմունիկացվել արտաքին աշխարհի հետ, որպեսզի Ադրբեջանն իր ծրագրերն առաջ չտանի, Հայաստանի ԱԳՆ-ն պետք է օգնի այս հարցում, շատ կարևոր աշխատանք կա տանելու։ Սա հերթական փորձություն է, ու շահած դուրս կգա նա, ով ավելի խելացի կգործի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am