Ինչո՞ւ է հանրությունն արդարացնում բռնությունը. Գայանե Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

– Տիկի՛ն Աբրահամյան, վերջին օրերին սոցցանցերում բուռն քննարկվում են բռնության մասին պատմությունները, որոնք տարբեր կանայք են անանուն ներկայացնում։ Հատկապես տղամարդիկ կասկածի տակ են դնում, որ բռնություն կա, որ այդ պատմություններն իրական են, նաև ծաղր է նկատվում։ Ինչի՞ հետևանք է սա։ Եվ ընդհանրապես, ի՞նչ են ցույց տալիս այս պատմությունները։

– Ողջ աշխարհում էլ հաճախ որևէ դեպքի բարձրաձայնումից սկսվում է մյուսների երկար լռության մատնված դժբախտությունների վերհանման գործընթացը, սա հանրային միասնական պոռթկման և հաղթահարման շատ կարևոր փուլ է:

Եթե այն բոլոր մարդիկ, որոնք այսօր այս պատմությունները ծաղրանքով, թերահավատությամբ են ընդունում, մի պահ պատկերացնեին, թե այդ կանայք, աղջիկներն ու տղաները հոգեկան ի՛նչ ապրումների միջով են անցել, թե ինչպես են լռության ու մենության մեջ ինքնախարազանվել, ինքնավնասվել, եթե վերջապես ընկալեին, որ բռնության մշակույթը խորությամբ կրող, բռնարարներին հանդուրժող ու հաճախ արդարացնող հասարակության մեջ իրենց քույրերն ու երեխաները ևս ապահովագրված չեն բռնության զոհ դառնալուց, երբեք չէր լինի ծաղրանքի ու թերահավատության այս ցավալի պատկերը: 

Որևէ մեկը չի պնդում, թե հայ հասարակությունը խեղված ու բացառապես բռնարար է։ Բռնություն, հատկապես սեռական բռնություն, հետապնդումներ լինում են բոլոր երկրներում, սակայն սարսափելի է, երբ հասարակական ընկալումների ու ավանդականության խեղված պատկերացումների հետևանքով զոհերը կրկնակի զոհայնացման և սարսափելի մարգինալացման ու հանրային ճնշման են ենթարկվում:

Շատ են եղել նաև Հայաստանում, երբ հաճախ առավելապես մեղադրել են զոհին, որոշ պատճառներ բերելով՝ թե կարճ էր հագել, ուշ ժամի էր դուրս եկել և այլն։ Որևէ բան չի կարող արդարացնել բռնությունը, մարմնի անձեռնմխելիության խախտումը:

Իհարկե, պետք է միշտ, ցանկացած միջավայրում հաշվի առնել տվյալ հանրույթի մշակութային սովորույթներն ու ընկալումները, սակայն դրա խախտումը երբեք չի կարող լինել բռնությունն արդարացնելու հիմք, դա առնվազն նախամարդուն բնորոշ վայրենություն է: Ես հաճախ օրինակ եմ բերում. եթե որևէ մեկը շքամուտքով իջնելիս տեսնում է հարևանի մուտքի դուռը բաց, արդյոք դա նշանակում է, որ իրեն իրավունք է տրված գողություն անելու, և արդյոք այդ դեպքում գողը կարող է արդարացվել:

Բայց մյուս կողմից, ես կարող եմ պնդել, որ այդ ծաղրանքը մեկ այլ, շատ ավելի խոր խնդրի ցուցիչ է. շատ շատերը, որոնք այսօր ծաղրում են, բոլորիցս լավ գիտեն բռնության հետևանքները, վստահ եմ՝ նրանցից շատերն ունեն իրենց պատմությունը, սակայն դեռ դրա հետ առերեսվելու կարողություն, ուժ չունեն, դեռևս մերժման փուլում են։ Սա հոգեբանական խորքային խնդիր է, հոգեբանական պաշտպանական մեխանիզմներից, որի առկայության դեպքում ընդհանրապես մերժում են խնդրի գոյությունը:

– Ինչո՞ւ է այն մտածելակերպը արմատացած մեր հասարակությունում, որ բռնության ենթարկվողը պետք է լռի, ինչո՞ւ են լռել այս պատմությունների հեղինակները։ Ինչո՞ւ է ընդունված, որ այդ մասին չի կարելի խոսել, որ մեր ընտանիքները սուրբ են։

– Կեղծ բարեպաշտությունն ու կեղծ արժեքները քայքայել, խորապես խեղաթյուրել են հանրային ընկալումները իրական ավանդական ընտանիքի մասին, որտեղ սերը, փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունն ու փոխվստահությունը պետք է լինեին հիմքը և ոչ թե խնդիրների մասին չխոսելը, թաքցնելն ու կեղտոտ լվացքը հանրային աչքից հեռու պահելու հմտությունը:

Խնդրի գոյության մերժողականությունը անհնար է դարձնում խնդրի լուծումը։ Երբ դեռևս 2001 թվականին առաջին անգամ գրեցի ընտանեկան բռնության մասին, այն ժամանակ ԱԺ պատգամավորներն ինձ նախատում էին, թե մեր ընտանիքները սուրբ են, նման բան գոյություն չունի։ Ի դեպ, այն ժամանակ դրամաշնորհներ չկային, այդ խնդիրներով զբաղվող ՀԿ-ներ չկային՝ դրամաշնորհներ ստանալու համար։ Եվ միայն դրա համար այդ մասին բարձրաձայնելու մեղադրանք չէին հնչեցնում, պարզապես մերժում էին ընդունել խնդրի գոյությունը:

Սեռական բռնության խնդիրն առավել դժվար է ընդունել, չափազանց ավելի ծանր է ընդունել, երբ այդ բռնությունը հենց ընտանիքի ներսում է կատարվում։ Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական տվյալներով՝ երեխաների նկատմամբ հարուցված գործերի 47 տոկոսը իրականացվել է հենց ընտանիքների ներսում:

Սա չի նշանակում՝ մենք խեղված հասարակություն ենք, ամեն երկրում էլ խնդիրն առկա է, սակայն սա նշանակում է, որ մենք տարիներով և ոչ մի ուղղությամբ որպես պետություն աջակցման, իրազեկման, կրթական, առողջապահական ծրագիր չենք իրականացրել, սա է լրջագույն խնդիրը:

Այո՛, բոլոր երկրներում և հասարակություններում է դա առկա, սակայն կարևոր է, թե մեդիայի, հատկապես հեռուստասերիալների միջոցով ի՛նչ ուղերձներ ու ի՛նչ մշակույթ է քարոզվում, պետության կողմից ի՛նչ կանխարգելիչ քայլեր են իրականացվում, մեր երկրում հիմնականում բռնության մշակույթի քարոզ, արդարացում, բռնարարների հերոսացման, զոհերի կրկնակի զոհայնացման ընդհանուր մտայնությունն է ամենալուրջ մարտահրավերը, որի դեմ բոլոր ուղղություններով պետք է պայքարել: 

– Արդյոք այս ամենից հետո ի՞նչ պետք է անել` ավելի իրազեկված ու ավելի ուժեղ հասարակություն ունենալու համար։ Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ` ի՞նչ եք կարծում, կա՞ օրենսդրական կարգավորումների խնդիր։

– Օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, իհարկե, առկա է, սակայն խնդիրն իրապես բազմաշերտ է, մեկ օրենքով, մեկ դաշտի կարգավորմամբ այս խնդիրը չի լուծվելու։ Ընտանեկան բռնության օրենքի փոփոխությունը, կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը դեռևս բավարար չեն կարող լինել, պետք է աշխատանք տանել կրթության ոլորտում, իրավահավասարության, կանանց դերի բարձրացման ուղղությամբ, սոցիալական դերերի խիստ պարտադրող կարծրատիպերի և բռնությունը՝ որպես ներհասարակական խնդիրների լուծման մեթոդ, բացառելու միջոցով։

Սրանք երկար տարիների ռազմավարությունների և դրանց իրագործման արդյունք կարող են լինել, սակայն առաջին քայլը խնդիրն ընդունելն ու ընկալելն է, որ մենք խնդիրները ծածկադմբոց անելով՝ առողջ հասարակություն, առողջ ընտանիք չենք կառուցելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am