Անհանդուրժողականության մթնոլորտը ժամանակ առ ժամանակ պոռթկում է ամենաայլանդակ ձևերով. Ռուբեն Բաբայան 

Լուսանկարը՝ Sputnik Armenia

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը 

– Պարո՛ն Բաբայան, վերջին օրերին մեր շուրջը կատարվողի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում։

– Ինչ ասես կատարվում է․․․ իրականում այն անհանդուրժողականության մթնոլորտը, որ կա, ժամանակ առ ժամանակ պոռթկում է ամենաայլանդակ ձևերով, կարծում եմ, ամենացավալին երևի սա է։ 

Պարկեշտությունը, բարոյականությունը, ցավոք սրտի, ընկալվում են քաղաքական երանգով, սա էլ է շատ վատ։ Ես ընդհանրապես համոզված եմ, որ նման երևույթները որոշակի ժամանակ հետո իրենց սպառելու են, մարդիկ հոգնում են, մարդը, բոլոր դեպքերում, լուսավոր էակ է ու այդքան շատ երկար չի կարող ապրել ատելության մթնոլորտում, մնում է պարզապես, որ մենք հասկանանք այդ պահանջը, ոչ թե մեղադրենք միմյանց՝ եղած ու չեղած մեղքերի համար։ 

Մենք պետք է փորձենք իրար լսել ու հասկանալ, որ որևէ լավ բանի չի բերում նման մթնոլորտը, ու եթե մենք խոսում ենք, որ մենք պատերազմող երկիր ենք, ունենք թշնամի կամ հակառակորդ, ոնց կուզեք՝ կոչեք, այդ համատեքստում մենք հիմա թուլանում ենք ներսից, որից իրականում ոչ ոք չի շահում, բոլորս ենք կրում այդ ահավոր երևույթների հետևանքները։ 

Նման դրսևորումները թուլացնում են մեր պետությունը ներսից, իսկ այդ պարագայում այդ պետությունը գրավելու, քայքայելու համար շատ մեծ ջանքեր պետք չեն։ Թումանյանն էր ասում, որ ներսից ենք հիվանդ ու ներսից էլ պետք է բուժվենք, մինչև սա չհասկանանք՝ ոչինչ չի փոխվի։ Մի պահ պետք է կանգ առնել ու հասկանալ, որ հիմա մենք զբաղված ենք ինքնաոչնչացմամբ, ուրիշներին մեղադրել պետք չէ։

– Մարդիկ, որոնք պետք է օրինակ ծառայեն հանրության լայն զանգվածների համար, վերջին օրերին հատկապես տեսանք, որ լրիվ հակառակն են անում, օրինակ՝ խորհրդարանում պատգամավորների բառապաշարը՝ միմյանց հետ շփվելիս, խորհրդարանի նախագահի պահվածքը քաղաքացու նկատմամբ։ Ինչո՞ւ օրինակ հանդիսացող մարդիկ հանրությանը չեն մատուցում լավը, այլ վատն են հրամցնում։ Ինչո՞ւ է այսպես ստացվել։

– Գուցե սխալվում եմ, բայց կարծում եմ, որ քաղաքական գործիչները իրենց առջև պետք է խնդիր դնեն դառնալ պետական գործիչներ, չսահմանափակվել միայն յուրայինների դրական գնահատականներով։ Կա ևս մեկ բան. որքան շատ է քեզ տրված, նկատի ունեմ իրավունքների տեսանկյունից, այնքան շատ են քո պարտավորությունները։ 

Բոլորս էլ մարդ ենք ու կարող ենք ունենալ էմոցիոնալ պոռթկումներ, բաց պետական գործիչն ու հանրային գործիչը նա է, ով կարողանում է իրեն զսպել, հասկանալով, որ իր վրա շատ մեծ պարտավորություն է դրված, համենայնդեպս չտարածել, չշարունակել ատելության մթնոլորտը, հակառակ դեպքում չպետք է զբաղեցնել այդ տեղն ու դերը։ 

Հանրային գործչի զսպաշապիկը պետք է շատ ամուր լինի։ Սա ներքին մշակույթի հարց է․ մշակույթն իրականում ունի շատ կիրառական նշանակություն, այն մարդուն դարձնում է ավելի հանդուրժող ու կիրթ, իսկ երբ մշակույթը ընկալվում է պարզապես ժամանց, արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք։ 

– Պարո՛ն Բաբայան, լիահո՞ւյս եք, որ մոտ ապագայում մենք կդադարեցնենք ինքնաոչնչացմամբ զբաղվել, ինչպես դուք բնորոշեցիք։

– Չի կարելի նստել ճյուղի վրա ու սղոցել այն, չէ՞, պետք է հասկանաս, որ ընկնելու ես՝ անկախ նրանից՝ դուր է գալիս այդ ճյուղը քեզ, թե ոչ։ Կարճամիտ չպետք է լինել, աշխարհը ստեղծված է այսպես, որ ինչ-որ բան ոչնչացնելով՝ ինքներս մեզ ենք ոչնչացնում։ Վայրկենական շահը միայն վնասում է ապագայի շահը ու հենց քեզ։ Պաշտպանվելու բնական կարիքը, լայն իմաստով, մեզ համար պետք է ուղեցույց դառնա։ Սկսել պետք է սեփական անձից, ես մի շատ լավ նկար էի տեսել․ լուցկու հատիկները հերթով այրվում են գլխիկներից, իսկ մեկ լուցկու հատիկ մի քայլ հետ է անում ու դրանով իսկ դադարեցնում է հրդեհը, այ փորձիր այդ մեկ լուցկու հատիկը լինել, հրդեհը, ատելությունը չտարածել։ 

– Ինչո՞ւ մենք լավը չենք տարածում այնպիսի ջանասիրությամբ, ինչպես անում ենք վատի, դատապարտելիի ժամանակ։

– Կարծում եմ, որովհետև չենք հասկանում լավի պրակտիկ օգուտը։ Ցավոք սրտի, շատ ենք առաջնորդվել տարբեր կեղծ մոտեցումներով, որ ուժն ու դաժանությունն են հարց լուծում։ Նույնիսկ դաստիարակության մեջ ծնողներն ասում են, չէ՞, եթե քեզ վիրավորում են` դու էլ նույնը արա, ծեծում են քեզ` դու էլ ծեծիր։ 

Այս ամենը գալիս է մանկությունից, մեզ թվում է, թե չարությունն ու ատելությունը ուժ են, իրականում թուլություն են, որովհետև եթե դու դրանց վրա ես կառուցում քո արժեհամակարգը, միշտ կգտնվի մեկը, որն ավելի ուժեղ է այդ ոլորտում։ Առավելևս մի ժողովուրդ, որն իրեն համարում է առաջին քրիստոնյա ժողովուրդը, պետք է ապրի քրիստոնեական սկզբունքներով, մի քիչ գոնե, միայն եկեղեցի այցելելն ու մոմ վառելը չեն քրիստոնյա լինելը։ 

Մենք շրջանցում ենք նորմալ բարոյական օրենքները․ պարկեշտությունից էլ լավ բա՞ն, էլ չեմ ասում, որ սեփական կարծիքը ներկայացնել, հաստատել կարելի է առանց վիրավորանքի, եթե դու համոզված ես քո ճշմարտացի լինելու մեջ։ Նա, ով համոզված է իր սկզբունքների ու ճշմարտացիության մեջ, կռվի, վիրավորանքի պետք չունի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am