Փաշինյանի խոսքից ակնհայտ է, որ քննարկվում է Ադրբեջանի նախապատրաստած խաղաղության պայմանագիրը․ Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, այսօր ԱՄՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունների եզրափակիչ նիստը, ադրբեջանական կողմից էլ հայտարարել են, որ մայիսին նախատեսվում է արտգործնախարարների հանդիպումն արդեն Մոսկվայում։ Վաշինգտոնյան հանդիպումների ամփոփումն ինչպիսի՞ն կլինի, ըստ ձեզ, ու ի՞նչ կտա մոսկովյան հանդիպումը։

– Իհարկե շատ դժվար է կանխատեսումներ անելը, որովհետև, ըստ էության, Վաշինգտոնն աննախադեպ քայլի է գնացել: Այս քայլը շատ նման է նրան, որ արտգործնախարարները բերման են ենթարկվել, այսինքն՝ բազմաշերտ, բազմահարթակ բանակցությունների ֆորմատ է, որտեղ փորձում են կողմերին հակել ինչ-որ փաստաթղթի ստորագրման, ենթադրաբար, որպեսզի հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովում, Ալիևն ու Փաշինյանը քննարկելու կամ ստորագրելու որևէ բան ունենան։ 

Իմ տպավորությունն այսպիսին է վաշինգտոնյան հանդիպումից, դժվար է իհարկե կանխատեսել՝ փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ չէ, որովհետև մի կողմից կա աշխարհաքաղաքական շահերի բախում, անկեղծ լինենք, որ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար է պատկերացնել, որ հնարավոր է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որովհետև նա ոչ միայն միջնորդ է, այլև ուղղակի ներկայություն ունի տարածաշրջանում, իսկ այս փաստն անտեսել հնարավոր չէ։ Մյուս կողմից, հետևելով Ալիևի ելույթներին, նկատում ենք, որ Ադրբեջանի հավակնությունները շատ ավելի մեծ են, ու հազիվ թե հեշտ լինի հնարավոր փաստաթղթի ստորագրման գործընթացը։ 

Փաշինյանն էլ, ակնհայտորեն, հասարակության հակազդեցությունից է վախենում, նրա վերջին ելույթներում կարմիր թելի պես դա անցնում է, դա ակնհայտ է, չեմ էլ կարծում, որ անկախ նրա հրապարակային հայտարարություններից՝ նա շտապում է ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։ 

Չբացառելով հանդերձ, որ այսօր գուցե ինչ-որ հայտարարություն լինի, ինչ-որ համաձայնություններ լինեն, մեծ հավանականություն չեմ տեսնում, որ թե՛ Վաշինգտոնում, թե՛, ըստ երևույթին, հաջորդ շաբաթ Մոսկվայում, հնարավոր կլինի ինչ-որ բեկումնային փաստաթուղթ ստորագրել, ես դրա հավանականությունը շատ քիչ եմ համարում՝ չբացառելով հանդերձ։ 

Կարևոր է նաև այն, որ մենք, ըստ էության, տեղյակ չենք, թե ինչ են հատկապես քննարկում, չնայած Փաշինյանի երեկվա խոսքից ակնհայտ է, որ քննարկվում է Ադրբեջանի նախապատրաստած խաղաղության պայմանագիրը, որը մի քանի անգամ կողմերը խմբագրել են։ Բայց քանի որ հստակ բովանդակությունը մեզ հայտնի չէ, դժվար է ենթադրել, թե ո՛ր երկու-երեք կետերն են տակավին մնում չհամաձայնեցված։ Սրան կցանկանամ հավելել այն, որ միջազգային խաղացողներից որևէ մեկն այսօր, խոսքս թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի մասին է, առանձին վերցրած չի կարող երաշխավորել ինստիտուցիոնալ կայուն խաղաղություն:

– Ասացիք, որ Ալիևի ելույթները լսելիս պարզ է, թե իրականում ինչ է ցանկանում թշնամի պետությունը, իսկ Փաշինյանի ելույթներից հասկանալի՞ է, թե հայկական կողմն ինչ է ուզում։

– Ցավոք սրտի՝ ո՛չ։ Միայն մի բան է հասկանալի, որ Փաշինյանն արդեն արշավ է սկսել, որը կանխորոշում է Արցախի գտնվելն Ադրբեջանի կազմում, չնայած նոր չի սկսել, անցյալ տարվանից կարգավիճակի նշաձողի իջեցման մասին էր խոսում, իսկ այս վերջին փուլում անընդհատ խոսում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է դեռևս Մադրիդյան սկզբունքներով։ Ակնհայտ է, որ Փաշինյանը Մադրիդյան սկզբունքներին վերագրում է մի բան, որն այդ սկզբունքներին չի համապատասխանում, որի մասին բազմիցս խոսել ենք։ 

Հասկանալի է, որ այսօր մի վիճակ է, որում Հայաստանը չի կարող հասնել լուծման, որի համաձայն Արցախը կունենա ինքնիշխան կարգավիճակ կամ կարգավիճակ, որը ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս գտնվել, բայց եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ի՞նչ փաստաթղթավորված երաշխիքներ է կարողանում ստանալ Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության ու նրա ժողովրդի անվտանգության համար:

Այս հարցն է, որ մեզ հետաքրքրում է, ու սրան է, որ Փաշինյանը համառորեն չի պատասխանում։ Եթե Հայաստանը, այդքանով հանդերձ, Լեռնային Ղարաբաղի համար չի ստանում փաստաթղթավորված երաշխիքներ, ակամայից ստացվում է, որ Հայաստանը համաձայնում է Ալիևի պլանին, որը ենթադրում է ԼՂ-ի ժողովրդի ինտեգրում Ադրբեջանին, իսկ այդ պարագայում Արցախի հայաթափումը շաբաթների հարց է լինելու։ Դրա համար էի ես երկու ամիս առաջ ասում, որ կգա օրը, երբ մենք երանի կտանք Լավրովի վերջին առաջարկին։

 – Կարծիքներ են հնչում, թե հիմա ճիշտ պահն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս տեսակետն ինչպե՞ս եք գնահատում, ու որքանո՞վ է այդ քայլը հեռանկարային այսօր:

– Դա զուտ արկածախնդրություն է, նոր պատերազմ հրահրելու ամենակարճ ճանապարհը, որի ավարտին արդեն ոչ միայն Արցախ չենք ունենա՝ անգամ այս վիճակում, այլև կկոտրվի նաև Հայաստանի ողնաշարը, որովհետև ուժային բալանսի մեծ խզում կա՝ դարձյալ ի վնաս մեզ, դիվանագիտական միջավայրն ի վնաս մեզ է, այդ հարցում՝ հաստատ, որովհետև, որևէ երկիր պատրաստ չէ Արցախի անկախության ճանաչման հարցում մեզ դաշնակից լինելու՝ նույնիսկ մեր բարեկամ Ֆրանսիան կամ Իրանը։ 

Իր հաղթողի դիրքերից Ալիևը նույնիսկ պահանջում է, որ պաշտոնապես պետք է հայտարարվի, որ Արցախը Ադրբեջան է ու վերջ։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ծայրահեղ հռետորաբանության դեմն առնենք, որ գոնե ինչ-որ սուբյեկտություն պոկենք Արցախի համար։ Արցախի անկախության ճանաչումը մեզ այս պահին ոչինչ չի տա, մեթոդաբանական առումով նույնիսկ պարզ չէ, թե դա ինչ է։ 

Ես ընդամենը մեկ հարց եմ ուղղում նման պնդում անողներին․ կարո՞ղ են ներկայացնել Արցախի սահմանային քարտեզը, այսինքն՝ ո՞ր սահմաններով են ուզում Արցախը ճանաչել։ 

Անցակետի տեղադրումից հետո նույնիսկ սուբյեկտության մասին խոսելն է շատ բարդ, որովհետև ես շատ քիչ անկլավ գիտեմ աշխարհում, որը սուբյեկտության հեռանկարը կարողանում է պահպանել: Մենք այսօր հայտնվել ենք շատ վտանգավոր իրավիճակում, որում, առանց չափազանցության, Արցախի լինել-չլինելու հարցն է։ Նման պնդումները ռեալ պոլիտիկի հետ կապ չունեցող արկածախնդրություններ են, իսկ հետևանքների առումով՝ շատ վտանգավոր, որոնցով լեգիտիմացվելու է Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ։ 

– Պարո՛ն Սուրենյանց, մոսկովյան հանդիպումը լինելու է Վաշինգտոնում ձեռք բերվող պայմանավորվածությունների շարունակությո՞ւն, թե՞ Մոսկվան էլ իր առաջարկություններն է ներկայացնելու կողմերին։

– Ընդհանրապես, գործընթացները չեն կարող միմյանցից անջատ լինել, որովհետև այդ նույն մարդիկ են հանդիպողները, խոսքս Միրզոյանի ու Բայրամովի մասին է, նրանք չեն կարող Վաշինգտոնում պայմանավորվածություններ ձեռք բերել, հետո գնալ Մոսկվա ու պատրանք ստեղծել, թե որևէ պայմանավորվածություն կամ տարաձայնություն չկա, ու սկսել զրոյական կետից: Ինքնին հասկանալի է, որ նման բան չի կարող լինել։ 

Այստեղ շատ ավելի կարևոր է հետևյալը․ միջնորդ կողմերից ո՞րն է ավելի գործուն մեխանիզմ առաջարկելու, որն ավելի հնարավոր կդարձնի ինստիտուցիոնալ խաղաղության հնարավորությունը։ Ճիշտ է, նոյեմբերի ստատուս քվոն խարխլված է, այլևս չի գործում, բայց, այնուամենայնիվ, նոյեմբերի 9-ի ինչ-որ պարամետրեր դեռևս պահպանվել են․ ռուսները դեռևս ներկա են ԼՂ-ում։ 

Ենթադրում եմ, որ գոնե առայժմ Ռուսաստանն ունի կողմերին խաղաղության հակելու իրական հնարավորություն, որովհետև գետնի վրա ունեն առարկայական ներկայություն։ Այլ խնդիր է, որ քանի չկան միջազգային կոնսոլիդացված ջանքեր, մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն չի լինելու, որովհետև միայն Ռուսաստանը դա անել չի կարող, անպայման նրան կխանգարեն արևմտյան կենտրոններից, իսկ վերջիններիս որևէ նախաձեռնություն էլ կհանդիպի Մոսկվայի համառ դիմադրությանը։

Պատահական չէր, որ ԼՂ-ի խնդրով զբաղվում էր Մինսկի խմբի համանախագահությունը, որը կոնսոլիդացված միջազգային հարթակ էր։ Եթե այսօր միջազգային կոնսոլիդացված հարթակ ու ճնշում լինեին, Հայաստանի ու Ադրբեջանի հակասությունները հնարավոր կլիներ հարթել: Պարզ է, որ այսօր միջնորդ կողմերը փորձում են սիրաշահել Ադրբեջանին՝ որպես հաղթող կողմի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am