Միջազգային օգնությունները պետք է միտված լինեն այդ մարդկանց բնակարաններով ապահովելուն.  Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, ինչպե՞ս կբնութագրեք: Մարդիկ փորձում են օգնության ձեռք մեկնել, աջակցել միմյանց: Դժվար ու անելանելի իրավիճակը, թվում է, միավորել է շատերին: 

– Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, փաստացի ցույց է տալիս այն հատկանիշները, որոնք կարելի է հավաքական որակել՝ որպես ներքին հորիզոնական ապրումակցում, ինչպես նաև հասարակության տարբեր անդամների կողմից փոխօգնություն հայրենակիցների նկատմամբ, հոգատար վերաբերմունք, ինչը մենք տեսանք նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ, երբ նույնիսկ քովիդի այդ սահմանափակումներն ու վախերը որևէ կերպ չէին ազդում մարդկանց՝ միմյանց օգնելու պատրաստակամության վրա: 

Նույնը այսօր ենք տեսնում, հատկապես միջին խավի քաղաքացիների ծիրում, իրականում կարևորն այն է, որ մարդիկ հոգեբանորեն պատրաստ են նաև երկարատև աջակցության, որովհետև այս ցավը կարծես կապում է միմյանց ու արթնացնում է ամենամարդկային ու նուրբ զգացմունքները:

– Բռնի տեղահանության ենթարկված հազարավոր արցախցիներ շարունակում են կացարանի խնդիր ունենալ, զուգահեռաբար տների վարձերի գներն աճում են: Ինչո՞վ եք բացատրում սեփական հայրենակիցների նկատմամբ նման վերաբերմունքը, պետությունն այստեղ անելիք չունի՞: 

– Առաջինը ընդգծենք, որ վարձով բնակարան տվողների թիվն այնքան էլ շատ չէ Հայաստանում, որովհետև միջին ու դրանից ցածր սոցիալական ապահովություն ունեցող մարդկանց խումբն ավելի մեծ է, քան առավել ապահով սոցիալական վիճակ ունեցող մարդկանց խումբը, և, բնականաբար, վարձով բնակարան տվողներն ավելի շատ ապահովված անձինք են, որոնք, օրինակ՝ կարող են ունենալ մեկ բնակարան, իսկ երկրորդը տալ վարձով: Այսինքն՝ դա իմ նշած միջին ու միջինից ավելի ցածր խումբը չէ, որը հորիզոնական աջակցություն է տրամադրում մյուսին ու իր քիչ ունեցածով կիսվում: 

Առավել ապահով խավը միշտ փորձում է ստանալ ավելին ու դրա շրջանակներում չի դիտարկում որևէ խոչընդոտ, ու նույնիսկ հայրենակիցների ցավը և նրանց նեղ վիճակը որևէ կերպ ահազանգ չեն, որպեսզի շահույթ ստանալու հոգեբանությունից վերանան: Սա պետք է հստակ գիտակցել ու բոլորովին չակնկալել, որ այդ անձինք որևէ աղետի պարագայում կփոխեն իրենց հոգեբանությունը: Այս պարագայում պետությունը պետք է հստակ գիտակցեր, որ իր քաղաքացիները, որոնք ապրել են Արցախում, պետք է արագորեն արժանապատիվ կյանքի հնարավորություն ստանան Հայաստանում: 

Բոլոր այն միջազգային օգնությունները, որոնք խոստացվել են, որ Հայաստանն է պատրաստ անել, առաջին հերթին պետք է միտված լինեն այդ մարդկանց բնակարաններով ապահովելուն: Ես չեմ ասում, որ այդ ամենը պետք է տեղի ունենա Երևանում, այն քաղաքները, որոնք ունեն ռեզերվային հնարավորություններ, ու այն գյուղերը, որոնք հնարավորություններ ունեն վերականգնվելու և համարյա թե մեռնող գյուղեր են, պետության բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն նախ՝ կարիքների գնահատմանը, ու այն բնակչությունը, որն ապրել է Արցախի քաղաքներում, այդ բնակչությանը այլ ռեզերվային քաղաքներում բնակեցնել: Գյուղաբնակ բնակչությանն էլ տրամադրել բազմաթիվ ծրագրեր, բացի բնակարանայինից, այսինքն՝ այն կենցաղը, որով ապրել են Արցախում, տեղափոխվի Հայաստան: Պետությունն այստեղ առաջնային դեր ունի, ու այս պարագայում սպասել միայն հորիզոնական աջակցության հնարավոր չէ: 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այն, որ արցախահայությանն առաջարկվել էր բնակություն հաստատել ՀՀ սահմանամերձ շրջաններում, մեծ մասը, հասկանալի պատճառաբանությամբ, հրաժարվեց դրանից, ինչը ևս քննադատության առիթ հանդիսացավ: Այդ քննադատությունները որքանո՞վ էին տեղին, ու նաև ճի՞շտ էր նրանց սահմանամերձ բնակավայրեր ուղղորդելու քաղաքականությունը, որը որդեգրել էր պետությունը:

– Քննադատությունը ընդհանրապես անտեղի եմ համարում, որովհետև տրավմատիկ վիճակում գտնվող մարդկանց ցանկացած պարագայում քննադատելը սխալ է: Կարիք ունեցող մարդը կարող է պահանջել ապահով տարածք, որովհետև ինքն արդեն ունի պատերազմական տրավմա, ու սահմանամերձ գոտիներն անապահով է դիտարկում իր համար, հատկապես որ մենք դեռևս չունենք հստակեցված խաղաղության պայմանագիր, որը կարող է ապահովել ու երաշխավորել սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը: Պետք է հստակորեն հասկանալ այդ մարդկանց հոգեբանությունը, ու պետությունը ևս պետք է զգայուն մոտեցում ապահովի այս պարագայում:

– Իսկ պետությունը նախապես ինչո՞ւ այդ հանգամանքը նկատի չի ունեցել:

– Գործ ունենք ոչ զգայուն մոտեցման հետ, ու, վերջապես, նաև պետությունն է այդպես մտածում, որ անապահով տարածքում ապրած մարդիկ կոփված են, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ այս պահին խոսքը տրավմայի հաղթահարման, այլ ոչ թե կոփվածության մասին է:

– Այս օրերին ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքացիներիս վարքը, ի՞նչ է պետք անել, որպեսզի ատելության խոսքը աստիճանաբար նվազի:

– Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ խտրական վերաբերմունքն անընդունելի է, որովհետև այդ մարդիկ ենթարկվել են ամենածանր խտրական դրսևորման՝ ազգային հիմքով ատելության, և զրկվել են ամեն ինչից՝ հայրենիքից, տունուտեղից, ունեցվածքից: Այսինքն՝ առնվազն Հայաստանում նրանք որևէ խտրականության ենթարկվել չեն կարող, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է նրանց նկատմամբ լինել շատ զգայուն, բավական հոգատար ու նույնիսկ, հաշվի առնելով այս պատերազմական տրավման ու այն ամենը, ինչ նրանք ապրել են այնտեղ, պետք է հասկանալ այն բոլոր դրսևորումները, որոնք կարող են տեղ գտնել նաև արցախցիների վարքում: 

Օրինակ՝ հնարավոր է ավելի շատ սնունդ վերցնեն, քան իրենց անհրաժեշտ է, ինչը էլի պատերազմի ու շրջափակման տրավման է, կարող է լինել Հայաստանի նկատմամբ թերահավատություն, որը ևս պատերազմի հետևանքն է, որովհետև առաջին անգամ Արցախը մնացել էր առանց Հայաստանի որևէ տիպի աջակցության: 

Այս ամենը պետք է շատ խոր գիտակցել, հասկանալ և որևէ կերպ չպահանջել ու չփորձել ապացուցել հակառակը, այլ պետք է անել հնարավորը, որ մարդիկ այստեղ իրենց իսկապես ապահով ու հոգատարությամբ շրջապատված զգան:

Ինչ վերաբերում է ատելության խոսքին կամ ցանկացած տիպի «արցախցի» արտահայտության տարածմանը, որը կարող է բացասական ըմբռնումների, տարաբաժանումների կամ քաղաքական որևէ փաթեթավորման պատճառ դառնալ, անընդունելի է, ու, կարծում եմ, որ այստեղ ազգային համերաշխությունը լինի առանց որևէ սակարկության՝ անկախ նրանից՝ ընդդիմադիր ենք, թե իշխանամետ: Մենք պետք է հատկապես մեկ հարցում զգայուն ու համերաշխ լինենք՝ արցախցիների սոցիալական խնդիրներն այսօր լուծել և որևէ արցախցու չներքաշել տարբեր տիպի քաղաքական կամ կուսակցական խնդիրների լուծման ասպարեզ: 

 – Այդ միասնականության մասով պետությունն ունի՞ որոշակի անելիք, թե՞ այդ գիտակցումը պետք է յուրաքանչյուր անձ ունենա: 

– Առաջնայինն այս պահին, իհարկե, յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունն է, եթե նույնիսկ պետությունը որևէ քայլ չկատարի, ինչն այդպես չէ, որովհետև այս պահին իսկապես անում է ու կազմակերպված կերպով փորձում է լուծել ամենաառաջնային խնդիրները: Պետք է նաև գիտակցել, որ ամենաառաջնային խնդիրներից հետո գալու են այլ խնդիրներ, ու դրանք շատ երկարաժամկետ ու ծանր աշխատանք է լինելու, և եթե ամբողջ հասարակությունը ներգրավված չլիներ այդ գործին, վստահ եմ, որ միայն պետության աջակցությունը շատ քիչ կլիներ: 

Դուք պատկերացրեք, որ եթե հասարակության մեջ լինեն տարաբաժանում ու խտրականություն՝ սկսած լեզվից, մոտեցումներից, նիստուկացից և այլն, մարդը, բնականաբար, իրեն ապահով չի զգա Հայաստանում, այսինքն՝ դա յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն ու գիտակցության խնդիրն է առաջնայինը: Յուրաքանչյուրս պետք է պատասխանատվություն զգանք, որպեսզի այս իրավիճակից կարողանանք դուրս գալ: 

Այս օրհասական շրջանում Արցախի մեր հայրենակիցներին պետք է պատշաճ աջակցություն ցուցաբերվի, հոգատարությամբ շրջապատեն նրանց և ընդունեն առանց խտրականության, ու հասկանալ նաև դրանց սահմանները: Առանց խտրականության միայն հավասար մոտեցումը չէ, դա այդ տրավմաները հասկանալն ու դրանց հետ գրագետ աշխատելն է: 

– Այդ գրագետ աշխատանքը յուրաքանչյուր անհատ կկարողանա՞ կատարել, թե՞ այս դեպքում արդեն պետք է պետության գործուն միջամտությունը, տիկի՛ն Հովհաննիսյան:

– Իհարկե պետք է նաև թե՛ պետական, թե՛ հասարակական կառույցների միասնական ջանքը գրագետ աջակցության դեպքում, բայց յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը խտրականությունից զերծ վերաբերմունքն է, առնվազն այդքանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am