Մեր կառավարությունը գնում, թղթեր է ստորագրում, որոնք Ադրբեջանին են լրացուցիչ իրավունքներ տալիս, ոչ թե մեզ. Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Պարո՛ն Նահապետյան, ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը ի՞նչ կարող է տալ արցախահայությանը:

– Միջազգային գնահատականներն առհասարակ խնդիր լուծող չեն, դրանք խնդիր լուծողներին օժանդակող են, այսինքն՝ իմաստ կա ձեռք բերել միջազգային փաստաթղթեր, գնահատականներ, զեկույցներ, բանաձևեր, եթե կա պետություն, որը խնդիր է դրել ինչ-որ հարց լուծել, ու այդ ճանապարհին իրեն իրավական հիմնավորումներ են պետք, օրինակ՝ պնդելու, որ ինքն ագրեսոր չէ, որ ունի իրավունքներ, որոնք խախտված են և այլն: 

Այս առումով Հայաստանը ցույց է տվել ու հայտարարել, որ ինքը Ղարաբաղի հետ կապված խնդիրը՝ որպես այդպիսին, եթե փակված էլ չի համարում, ապա դրա համար առանձնապես ուժերի գերկենտրոնացում չի անելու: Այսինքն՝ եթե երկընտրանք լինի՝ փակել Ղարաբաղի խնդիրն ու Ադրբեջանի հետ պայմանագի՞ր ստորագրել, թե՞ բաց պահել Արցախի հայերի իրավունքների խնդիրը, այդ թվում՝ ինքնորոշման, բայց չունենալ Ադրբեջանի հետ պայմանագիր, Հայաստանի կառավարությունը թափանցիկ հայտարարել է, որ ինքն ընտրելու է Ադրբեջանի հետ պայմանագիրը՝ Արցախի հայերի հետ կապված զրո նշումով ու վերապահումով: 

Հիմա, եթե մենք ունենք նման կառավարություն, որ այդ հարցն ամոթից ելնելով է բարձրաձայնում, որ մի օր հանկարծ ասես՝ բա ի՞նչ էիք անում, ասեն՝ միջազգային ատյաններում բարձրաձայնում էինք, եթե դա ընդամենը արվում է տրաֆարետային նպատակներով, ապա այդ բանաձևը որևէ գործնական արդյունք չի կարող տալ: Բայց, մյուս կողմից, եթե Հայաստանն ապագայում ունենա այնպիսի կառավարություն, որն այս հարցերը առաջ կմղի, այդ բանաձևերը կարող են օգուտ տալ:

 – Այսինքն՝ գործող իշխանության օրոք այս բանաձևերը, կարծում եք, գործնականում արդյունք չե՞ն տալու:

– Եկեք իրավիճակը մոդելավորենք էլի. բանաձևն ընդունվեց, Ադրբեջանը կարդաց այն, ի՞նչ է տեղի ունենալու, ասելու է՝ ենթարկվո՞ւմ ենք այդ բանաձևին: 

Հայաստանում միջազգային փաստաթղթերի հետ կապված երկու վուլգար ընկալում կա. առաջինն այն է, որ ասում են, թե դրանք թղթի կտորներ են, ով ինչ ուզի՝ կանի, ուժն է կարևոր, իսկ երկրորդը՝ դրանք սրբազան պատվիրաններ են, եթե դրանք կան, մնացած ամեն ինչ երկրորդական է: 

Իրական քաղաքականությունը, սակայն, հենված է սեփական իրավունքներն ամրագրելու ու այդ ամրագրված իրավունքները պաշտպանելու ուժի վրա, միջազգային քաղաքականության մեջ ո՛չ զոռբայությամբ, ո՛չ էլ անատամությամբ հարց չի լուծվում: Որպեսզի զոռբա չլինես, քեզ թղթեր են պետք, որպեսզի միայն թղթեր թափահարող չլինես, քեզ ուժ է պետք, միայն այս երկուսի էֆեկտիվ համադրությունն է հարց լուծում գետնի վրա: 

– Հիմա մենք ո՛չ այն ենք, ո՛չ ա՞յն:

– Այն զեկույցները, հայտարարությունները, որոնք հիմա ընդունվում են, լավ հիմքեր են, ոչ բավարար, այնուամենայնիվ, դրանք իրավական որոշակի հիմքեր են, որոնց ուղղությամբ պետք է աշխատել ու զարգացնել այն, ինչ արել է Հեյդար Ալիևը, իսկ հետո արդեն՝ Իլհամ Ալիևը: Դա պետք է զարգացնել, ֆիքսել, ամբողջ աշխարհին ցույց տալ, որ այդ մարդիկ այդտեղ ապրել են դարեր շարունակ, որ այդ համակեցության հնարավորությունը դեռ Խորհրդային Միության տարիներին կասկածի տակ է դրվել և այսպես շարունակ: 

Այս իրավական ու քաղաքական գնահատականների փաթեթը եթե մենք սարքենք, հետ չբերենք, մեր երեխաները հետ կբերեն, մեր թոռները հետ կբերեն, կարևորը՝ ունենաս կամք, նպատակ ու դրա տակ խնամքով դասավորես բոլոր իրավական փաստաթղթերը, ուժը մի տեղից ծագելու է: Դա, ի դեպ, այն է, ինչ արել է Ադրբեջանը, հայր Ալիևն 94 թվականին ասել է՝ մոռացե՛ք այդ տարածքը, դա ձեռքից գնացել է, հանե՛ք գլխներիցդ, կարևորը՝ պահենք իրավունքները, հողերն ինչ-որ մի օր հետ են գալու:

– Այսինքն՝ հիմա նույնը պետք է մե՞նք անենք, պարո՛ն Նահապետյան:

– Այո՛, բայց այն, ինչ անում է մեր կառավարությունը, տրամագծորեն դրա հակառակն է, որովհետև գնում, թղթեր է ստորագրում, որոնք Ադրբեջանին են լրացուցիչ իրավունքներ տալիս, ոչ թե մեզ:

Հայաստանի մասով իշխանության գործողություններն ինչպե՞ս կգնահատեք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պայքար է սկսում անկախության ու ինքնիշխանության համար:

– Ծիծաղելի է ինձ համար այն, որ Հայաստանի անվտանգությունն ապահովող, մարտավարական խորությունը փաստաթղթով զիջած մարդը խոսում է Հայաստանի անկախությունից: Ծիծաղելի է, որ Հայաստանում ռուսական ուժերի և՛ տեղակայման աշխարհագրությունը, և՛ քանակը առնվազն կրկնապատկած մարդը խոսում է Հայաստանի անկախությունից:

Ծիծաղելի է, որ միջազգային գործընկերներին բացահայտ ու կոպիտ ձևով գցելու ճանապարհով ռուսներին սիրաշահած ու ռուսների դրոշի տակ Սիրիա զորք ուղարկած մարդը խոսում է Հայաստանի անկախությունից, որի նպատակը, ընդ որում, շատ կոնկրետ բան է, որի մասին 2018-ի օգոստոսի 17-ին ասել է, որ «ես դա անում եմ, որ ցույց տամ, որ մենք ռուսների հետ ավելի լավ ենք, քան մեր նախորդ իշխանությունները»: Կոնկրետ այդ մարդը այդ հայտարարությունն արել է, ինձ համար ծիծաղելի է, որ մարգարիտա սիմոնյանների քաղաքական փիառը սեփական իշխանությունը պահող մարդը այսօր խոսում է Հայաստանի անկախությունից: 

Փաշինյանի իշխանության քավորներից առնվազն կարևոր մեկը Ռուսաստանն է, ու այն, ինչ տեղի ունեցավ վերջին ամսվա ընթացքում Հայաստանում, ռուսների կողմից մշակվող ու իրականացվող գործողություն էր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կապ չունի Հայաստանի անկախության հետ, այլ նաև Հայաստանը ավելի խոր կախյալ վիճակի մեջ է դնում բոլորից, այդ թվում նաև՝ ռուսներից: 

Չեմ ուզում, որ իմ խոսքից թյուրըմբռնում առաջանա, թե ես ասում եմ, որ այս մարդիկ երդվյալ ռուսական զինվորներ են: Չէ՛, այս մարդիկ անկամ, քաղաքական ուղղություն, նպատակներ չունեցող, մարդկային բարոյականությունից զուրկ ու մորթապաշտության ասեղի վրա նստած մարդիկ են, որոնք պիտանի են և՛ Ռուսաստանին, և՛ մյուս գերտերություններին, որոնք այս տարածաշրջանում պրոյեկտներ ունեն, իրենից հարմար դժվար թե ինչ որ մեկին գտնեն, հետևաբար, մարդիկ պահպանում են ոչ հարյուր տոկոսով իրենց ձեռնտու Նիկոլ Փաշինյանի, բայց առնվազն իրենց ձեռնտու կոմպրոմիսների, զիջումների հակված կառավարությունը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am