Մեր կողքին ապրող մարդիկ. Պատրիկը

Մարքեթինգի, գովազդի մասնագետ Պատրիկ Էլիոթը Կանադայից է: Մորական կողմից՝ հայ, հորական կողմից՝ իռլանդացի երիտասարդը համալսարանն ավարտելուց հետո շրջել է Եվրոպայում, Վարշավայում ծանոթացել լեհ կնոջ հետ ու տեղափոխվել Հայաստան: 

Առաջին անգամ 12 տարեկանում գալով Երևան, հետո Ծաղկաձոր ու Գյումրի՝ չսիրեց երկիրը: 

– Մայրս իր գյումրեցի ընկերուհու տուն պիտի գնար, որի հետ տարիներ առաջ էր ծանոթացել: Ես նրան ուղեկցեցի: Այդ կինը տնակում էր ապրում, ու երբ մայրս նրան հրաժեշտ տվեց, տաքսիի մեջ նստած լացում էր: Չեմ մոռանա այդ տեսարանը: 

Երկու տարի առաջ կնոջ ու որդու՝ Թորոսի հետ, տեղափոխվել են Երևան:

Նա ապրել է Իսպանիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, որովհետև սիրում է բացահայտել տարբեր երկրներ, ու Վարշավայում էլ ծանոթացել է կնոջ հետ: Նրա համար սովորական էր դարձել տեղափոխությունը, և հերթական երկիրն ընտրելիս՝ կնոջ հետ կանգ առան Հայաստանի վրա: Նախ՝ կինը ռուսերեն է խոսում, ինչն արդեն գործը դյուրին էր դարձնում, քանի որ Հայաստանում այդ լեզվին տիրապետողների թիվը շատ է, հետո՝ նրանք որպես զբոսաշրջիկ մի քանի անգամ եղել էին Հայաստանում, որը իր՝ 12 տարեկանում տեսած երկրից շատ էր տարբերվում, ու այնքան էին սիրել երկիրը, որ երկար չմտածեցին:

– Կնոջս հետ եկանք Հայաստան, սիրահարվեցինք Հայաստանին ու արդեն տուն ենք գնել, շուտով մեր բնակարան կտեղափոխվենք: Սկզբում մտածեցինք՝ երեք ամիս կմնանք, հետո կհասկանանք՝ ինչ է լինում, երեքը դարձավ վեց, վեցը՝ մեկ տարի, ու արդեն երկու տարի այստեղ ենք, և տուն գնելը ցուցիչ է, որ մնում ենք: 

– Ձեր կինը հե՞շտ համաձայնվեց, որ երեխայի անունը Թորոս դնեք,- հարցնում եմ: 

– Դե, եթե պապիս անունը Թորոս է, ուրիշ ի՞նչ դնեինք,- խիստ զարմացած՝ ասում է Պատրիկը: 

Տանը կնոջ հետ խոսում են հիմնականում անգլերեն, բայց մեր զրույցի ընթացքում, Թորոսի միջամտությունների ժամանակ, Պատրիկը նրա հետ հայերեն էր հաղորդակցվում: 

Երբեմն հայերենի իմացությունն ու պահպանումը դիտարկում ենք որպես բարդ խնդիր, բայց նա բնավ համաձայն չէ, որ հայոց լեզվի պահպանումը դժվար է արտերկրում: 

Կարող է ընտանիքում մայրն ու հայրը հայ լինեն, սակայն երեխաների հետ հայերեն չխոսեն, և լեզուն մոռացվի: Ցանկությունն է կարևոր, և դրանով ամեն բան ասված է, պետք է հարգես քո ճյուղերը: 

– Մայրս, լսելով ջարդերի պատմությունը իր հորից, ինքն իրեն խոսք էր տվել, որ օտարազգիի հետ չի ամուսնանա, դրա համար սկզբում չի համաձայնել ամուսնանալ հորս հետ: Սակայն հայրս խոսք է տվել, որ կպսակադրվեն հայկական եկեղեցում, երեխաներն էլ հայ կմեծանան, հետո միայն ստացել մորս համաձայնությունը: 

Պատրիկի համար շատ կարևոր էր, որ տղան Հայաստանում մեծանա, որ շփվի հայկական մշակույթի հետ, լինի հայկական միջավայրում: Իր առաջին այցը հիշելիս տխրում է, որովհետև ինքը տեսավ մի Հայաստան, որը նոր-նոր փորձում էր ոտքի կանգնել, ուժ գտնել խնդիրները հաղթահարելու համար:

 Պատրիկն իր փորձառությունից գիտի՝ լեհերը հպարտ ժողովուրդ են, և իրենք էլ են սիրում իրենց այսպես ասած՝ ազգային դոմինանտությունը, լեհ մեծացնելու ցանկությունը և այլն: 

Ասում է՝ երկար է մտածել այս հարցի շուրջ՝ որտեղ մեծացնել երեխային: Նախ՝ նրա աշխատանքը թույլ է տալիս գտնվել այս երկրում, արդեն ընկերություն է հիմնել այստեղ և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար խորհրդատվություն է տրամադրում, նաև լրագրությամբ է զբաղվում և ավելի լավ հնարավորություն ունի ծանոթանալու երկրի խնդիրներին ու հնարավորություններին: Եվ ամենակարևորը՝ ի տարբերություն իր փորձառության, տղան շոշափելի կկարողանա տեսնել ու բացահայտել Հայաստանը: 

Պատրիկի կնոջ համար Հայաստանում ավելի հեշտ է, քանի որ ծանոթ է խորհրդային մշակույթին, և շատ բաներ, որ Պատրիկի համար կարող են զարմանալի լինել, կնոջ համար ոչ թե ընդունելի են, այլ՝ ծանոթ: 

– Ես հարուստ երկրից եմ եկել, ու ինձ համար շատ զարմանալի էր տեսնել Հայաստանի վիճակը, բայց այս երկրում կա մի բան, որ անքննելի լավն է՝ մարդիկ: Հայաստանի մարդիկ կարող են ցանկացած գորշություն քողարկել: 

Առաջին այցի ժամանակ նաև Արցախ են գնացել, ու հայրը Շուշիում տաքսու մեջ մոռացել է իր տեսախցիկը: Մտածել է, որ կորցրել է, սակայն տաքսու վարորդը բերել է հյուրանոց, ու երբ հայրը գումար է առաջարկել իբրև շնորհակալություն, հրաժարվել է վերցնելուց:

– Մայրս հայ է, հայրս՝ իռլանդացի, ես Կանադայում եմ ծնվել, դրա համար երբ ինձ հարցնում են՝ ո՞վ ես, ասում եմ՝ Պատրիկն եմ, վե՛րջ: Ես Հայաստանում չեմ, որովհետև սարսափելի հայրենասեր եմ, ես այստեղ եմ, որովհետև տեսնում եմ, որ այս երկիրը զարգանալու և ուժեղանալու հնարավորություններ ունի: 

Պատրիկը հիշում է, որ երբ ծնողներին ասել է, թե պատրաստվում են տեղափոխվել Հայաստանում ապրելու, հայրը ծիծաղել է՝ չես ձգի այնտեղ, չես կարող: Գուցե այդ առումով կնոջ համար Հայաստանում ավելի հեշտ է, քան իր, որովհետև կինը Լեհաստանից է, մի երկիր, որտեղ լավ ծանոթ են խորհրդային քաղաքակրթությանը, մշակույթին: Ինքը երբեմն կիսով չափ օտարերկրացի է զգում Հայաստանում: Վարքի, պահելաձևի, կարգապահության հետ կապված հարցեր կան, որոնց սովոր չէ ու չի էլ ուզում համակերպվել դրանց հետ: 

– Գնում ես, ենթադրենք, որևէ տեղ, գրված է՝ ժամը 10:00-ին է բացվում, հասնում ես տեղ, տեսնում ես՝ գաթաներն են հանել, պատրաստվում են սուրճ խմել, ու հոգ չէ, որ դու պարտաճանաչ եկել ես գործ անելու: 

Սա չնչին բան է, բայց երբեմն նյարդայնացնում է կարգուկանոնի սովոր մարդուն: Տեսնում է մարդու, որը մեքենա է վարում, երեխան նստած է ծնկներին, մյուս ձեռքին ծխախոտ է, ու նեղվում է, որովհետև երբ թուրքը գալիս է, մեզ սպանում, զայրանում ենք, բայց երբ մենք՝ հայերս, նման բաներ ենք անում, վտանգում մեր ու մեր երեխաների, մյուսների կյանքը, դե ոչինչ, մեզ կարելի է: 

– Մի օր սրճարանում նստած էինք, մի մարդ երեխայի հետ եկավ, տեղավորվեց ու սկսեց ծխել: Մատուցողուհին մոտեցավ, զգուշացրեց, որ չի կարելի: Ի՞նչ պատասխանեց՝ ես կվճարեմ, եթե գան: Բայց ինչո՞ւ: 

Որքան էլ մշակութային տարբերությունները երբեմն հունից հանում են, մեկ է, Հայաստանում օդի մեջ մի տեսակ էներգիա կա, մարդկանց մեջ լավատեսություն է սկսել նկատել: 

– Թորոսն այստեղ է ծնվել: Նա երկու ամիս հիվանդանոցում էր, ու քանի որ քովիդ էր, ինձ թույլ չէին տալիս տեսակցել նրան: Հիշում եմ, որ բժշկուհիներն ինձ համար դուռը բացում էին, որ տեսնեմ իրեն: Մի օր մի բժշկուհի դուրս եկավ ու ասաց՝ եկեք աղոթենք միասին: Դրվագներ կա, որ կարճ են, հպանցիկ, բայց այնքան կարևոր են ինձ համար: 

Ես միշտ հարցնում եմ օտարերկրացիներին, թե ի՛նչը կուզեին փոխել Հայաստանում, որովհետև դա մեզ թույլ է տալիս մի քիչ հպարտությունը մի կողմ դնել ու փորձել կողքից մեզ նայել, հասկանալ, որ կատարյալ չենք, անսխալական չենք: Ու երբ հերթական անգամ մարդիկ շեշտում են, թե ինչպես ենք մենք շրջանցում օրենքները, մտածում եմ՝ որքան լավը կլինեինք մենք, եթե Հայաստանի ամենակարևոր ռեսուրսը՝ մարդը, կարողանար սիրել երկիրը ոչ բառերով:

Կուշանե Չոբանյան 

MediaLab.am