«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը
– Պարո՛ն Խզմալյան, Ադրբեջանում ավարտվեց Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը, նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման: Գործընթացի վերաբերյալ ձեր ընդհանուր դիտարկումներն եմ խնդրում, ի՞նչ կարելի է անել հիմա, որպեսզի Խաչատրյանին կա՛մ արտահանձնելու, կա՛մ վճիռը չեղարկելու հնարավորություն լինի:
– Ընդհանուր դատավարության մասով պետք է ասեմ, որ առերևույթ շինծու մեղադրանք էր, բոլոր փաստերն առերևույթ սխալ էին, ինչի պարագայում առերևույթ խախտվել էր արդար դատաքննության իրավունքը ու դրան համակցված անձի անձեռնմխելիության իրավունքը՝ ազատությունից զրկելու մասով:
Այս տեսանկյունից գործընթացը կարող է հասցեագրվել ՄԻԵԴ, իսկ ընդհանուր առմամբ, նման իրավիճակներում տեղին են անհատական գանգատները, բայց պետության անունից ևս կարող են նույն ուղիներով գանգատներ ներկայացվել:
Պահանջի տեսանկյունից տեսականորեն չեմ բացառում, որ նման պահանջը կարող է բավարարվել, բայց այստեղ խոսքը ոչ թե ձեր ասած արտահանձնման, այլ՝ վճիռը վերացնելու ու այդ անձի ազատությունը վերականգնելու մասին է, արտահանձնման հարց կլիներ, եթե անձը այդ հանցանքը գործած լիներ:
– Ակնկալիքներ ունենա՞նք, որ այդ գանգատները ներկայացնելուց հետո որևէ արդյունք կունենանք:
– Դժվարանում եմ միանշանակ պատասխան տալ, որովհետև ապացուցողական բազան ինձ հասու չէ, բայց, ամեն դեպքում, փորձը ցույց տվեց, որ նման իրավիճակներում դատարանները փոքր-ինչ զգուշավոր վճիռներ են կայացնում, այն տեսանկյունից, որ փորձում են չկայացնել այնպիսի վճիռներ, որ ակնհայտորեն չեն կատարվի: Այս տեսանկյունից դա այնքան էլ արժանահավատ չէ:
– Ադրբեջանում են Արցախի նախկին նախագահներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ու, հավանաբար առաջիկայում ականատես ենք լինելու նաև նրանց դատավարությանը: Կա՞ն արդյոք հնարավորություններ դա կանխելու համար, թե՞ Ադրբեջանը միջազգային ոչ մի օրենքի չի ենթարկվում ու այսպես թե այնպես անելու է այն, ինչ մտադրվել է:
– Ադրբեջանը պարբերաբար խախտում է միջազգային իրավունքի պահանջները, դա անելով այն ակնկալիքով, որ իր համար այդ քայլի դրական արդյունքները գերակշռելու են բացասական հետևանքներին: Սա միայն Ադրբեջանի վարքագիծը չէ, այլ բոլոր պետություններին է բնորոշ: Պետք է հասկանալ, որ միջազգային իրավունքը գործում է, բայց այնքանով, որքանով կան պատժամիջոցներ, այլ բացասական հետևանքներ թե՛ դիվանագիտական, թե՛ նյութական որևէ հարթությունում:
Ընդհանուր այդ դատավարությունները պետք է դիտարկվեն այն հայատյաց, ֆաշիստական քաղաքականության ամբողջական համատեքստում, որը վարում է Ադրբեջանը, որի մաս են եղել Արցախի շրջափակումը, սեպտեմբերի 19-ի հարձակումը, ու այս համատեքստում դրանք պետք է ներկայացվեն շարունակվող մեծածավալ խախտումների մի մաս:
Այս առումով նախկին նախագահների, պաշտոնատար այլ անձանց գործերը չպետք է դիտարկել առանձին գործեր: Անշուշտ, գործ ունենք ընդհանուր քաղաքական կոնտեքստի հետ, ու պահանջներն էլ այս տեսանկյունից պետք է ներառվեն ՄԱԿ-ի դատարանում ընթացող դատավարության շրջանակներում, ու տեսականորեն կարող են դիտարկվել նաև Միջազգային քրեական դատարանում՝ վկայակոչվելով կողմնակի ապացույցներ, եթե Հայաստանը, այդուհանդերձ, օրինակ՝ փորձի այդ դատարանի ինստիտուտն օգտագործել:
– Այսինքն՝ պետական մակարդակո՞վ պետք է արվի այդ ամենը:
– Այո՛, այս դեպքում ավելի ճիշտ է քայլերը ձեռնարկել անմիջապես միջպետական գործընթացների մակարդակով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am