Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի քննությունը ոչ թե քննչական կոմիտեն պետք է իրականացներ, այլ ուրիշ մարմին. Իրավաբան

Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի քննությունը ոչ թե քննչական կոմիտեն պետք է իրականացներ, այլ ուրիշ մարմին. Իրավաբան
Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի քննությունը ոչ թե քննչական կոմիտեն պետք է իրականացներ, այլ ուրիշ մարմին. Իրավաբան

Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը ոչ թե քննչական կոմիտեն պետք է իրականացներ, այլ ուրիշ մարմին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել:

«Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկաբար Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար»,- «Մեդիալաբին» ասաց ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Այլ մանրամասնեոր առայժմ չեն հաղորդվում:

Ըստ Նազելի Վարդանյանի՝ ոչ թե ՔԿ-ն, այլ դատախազությունը կամ հատուկ քննչական ծառայությունը, կամ էլ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է քննեին Յուրա Իվանյանի հարցը:

«Քրեական գործով քննչական խումբ է եղել, որը քննություն է կատարել, ՔԿ նախագահը հայտարարություններ է արել: Այսինքն՝ բոլորը խրված են այս գործի մեջ»,- «Մեդիալաբին» ասաց Նազելի Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այս ծառայողական քննությունը գնում է հետևյալ ուղղությամբ, որ հանգեցնեն միայն այն հանգամանքին, որ քննիչ Իվանյանը ինքնաբացարկ չի հայտնել այն դեպքում, երբ առկա են եղել Արարատի նախկին մարզպետի հետ բարեկամական կապեր:

«Բայց սա ավելի լուրջ խնդիր է: Պետք է առաջին հերթին պարզել, թե ով է կանգնած այս գործի հետևում, որ բարձր պաշտոնյան է կանգնած, որովհետև, լավ ճանաչելով քննչական մարմինների գործունեությունը, չեմ կարծում, որ նրանք ինքնագլուխ կգնային այսպիսի ռիսկի: Առաջինը դա պետք է պարզել: Իսկ դա շատ հեշտ է պարզել՝ ումի՞ց է եկել այդ գաղափարը, որ կարելի է քրեական գործ հարուցել, որովհետև շատ տարօրինակ ձևով է այս գործը հարուցվել: Ինչո՞ւ է հենց այդ հոդվածով գործը հարուցվել, որը շատ մեղմ հոդված է, այստեղ նույնիսկ ազատազրկման մասին խոսք չկա: Գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածքով, որով նախատեսված է 300-500 հազար դրամ տուգանք և որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում»,- շեշտեց Նազելի Վարդանյանը:

Նրա խոսքով՝ նաև պետք է պատասխանել այն հարցերին, թե ինչպե՞ս է այս գործը մակագրվել քննիչ Իվանյանին, ինչո՞ւ է վարչապետին դիմում գրած անձը, ինչպես ՔԿ նախագահն էր ասել, դարձել տուժող: 

«ՔԿ նախագահն ասաց՝ մենք համոզեցինք, նա դարձավ տուժող: Բայց նման բան օրենսդրությամբ նախատեսված չէ: Փաստորեն մարդուն համոզել են, որ դառնա տուժող, և այդ մարդու ո՛չ անունն են ասում, ՛ոչ ազգանունը, ո՛չ էլ ինքն ակտիվ մասնակցություն ունի այս գործին: Այսինքն՝ ի սկզբանե տապալել են գործի արդյունքները: Ինչո՞ւ Ջերմուկի քաղաքացիներին տուժող չճանաչեցին, ինչո՞ւ մեկ տարի քննելով՝ այդ գործում ո՛չ կասկածյալ կա ներգրավված, ո՛չ մեղադրյալ, մեղադրանք որևէ մեկի նկատմամբ չեն առաջադրել: Անընդհատ ուղղությունը տանում են պաշտոնատար անձ ասելով, որ դա պետական պաշտոնյա պետք է լինի կամ նախարար, կամ փորձաքննող մարմնի ղեկավար: Փոխանակ այդ գործը քննեն, հիմա փաստորեն այդ նույն հոդվածով նախատեսված խախտումները թույլ է տվել նախաքննության մարմինը: Եվ աղավաղել է տեղեկատվությունը, և թաքցրել է, դրանում մի քանի օր առաջ համոզվեցինք»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ պաշտոնատար անձ ասելով՝ ՔՕ նշված հոդվածով նկատի ունեն ցանկացած պաշտոնատար անձի, այդ թվում՝ «Լիդիանի» տնօրինությանը: «Լիդիանի» ներկայացուցիչները պետք է պոտենցիալ կասկածյալ լինեին, նույնիսկ պետք է նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեր: Բայց դրա փոխարեն նրանք ներգրավվել են փորձաքննությանը, նրանց նույնիսկ հնարավորություն են տվել, որ ուղղորդեն, իրենց սխալները ուղղեն, ինչը ֆիքսված է ուսումնասիրության մեջ:

Նազելի Վարդանյանը նկատեց՝ օրենսդրությունը թույլ չի տալիս, որ վկան միջամտի և բանակցություններ վարի փորձաքննության հետ:

Եթե «Լիդիանի» ներկայացուցիչներին թույլ են տվել միջամտել, այդ դեպքում ինչո՞ւ մյուս վկաներին թույլ չեն տվել, այդ թվում՝ բնապահպաններին: 

Նա նաև հավելեց, որ բոլոր տվյալները չեն ուսումնասիրվել:

«Անձամբ ես 1,5 ամիս առաջ առձեռն հանձնել եմ 33 էջանոց փաստաթուղթ, որտեղ օրենքի բոլոր խախտումները նշված են: Ինձ ո՛չ կանչել են, ո՛չ հարցրել են»,- ընդգծեց Նազելի Վարդանյանը:

Այսինքն, ըստ մասնագետի, պետք է պարզել՝ ո՞վ է այս ծրագիրը կազմել և ո՞վ էր ուզում այս քրեական գործը կարճելով՝ «թաղել» Ամուլսարի հարցը: Դա պետք է պարզել, և այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Նա նաև հավելեց, որ փորձաքննություն անցկացնելու կարիք չկար, ինչի համար պետական բյուջեից մեծ գումար է հատկացվել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am