Online. ավտոբուսներում անվճար Wi-Fi-ով բեռնաթափում են Երևանը միկրոավտոբուսներից

Online. ավտոբուսներում անվճար Wi-Fi-ով բեռնաթափում են Երևանը միկրոավտոբուսներից
Online. ավտոբուսներում անվճար Wi-Fi-ով բեռնաթափում են Երևանը միկրոավտոբուսներից

Երևանի քաղաքապետարանը «Օրանժ Արմենիա» ընկերության հետ միասին Երևանի հասարակական տրանսպորտում ներդրել է Wi-Fi ինտերնետ։
Այս մասին այսօր` հունիսի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Օրանժ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Բրունու Դյութուան։ Նրա խոսքով՝ տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողներն անվճար։

 

Այն, որ այդ ծրագիրը ներդրվել է հենց ավտոբուսներում, շատերի մոտ խոսակցությունների առիթ է դարձել, թե հնարավոր է նախաձեռնությունը կապված է վերջին շրջանում միկրոավտոբուսների հետ տեղի ունեցած արտակարգ միջադեպերով:

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում միկրոավտոբուսների հետ կապված մի շարք դժբախտ պատահարներ են եղել, իսկ մայիսի 15-ին Արցախի փողոցում վթարի է ենթարկվել 76 համարի երթուղայինը, որի հետևանքով չորս մարդ է զոհվել:

Քաղաքապետարանից, սակայն, ժխտում են այդ երկու իրադարձությունների իրար հետ կապված լինելը:

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, թե «դա պայմանավորված է քաղաքապետի մոտեցմամբ, որ Երևան քաղաքը պետք է հնարավորինս բեռնաթափել միկրոավտոբուսներից»:

«Առաջարկվելու է բոլոր շահառուներին, այսինքն` միկրոավտոբուսային գծերի տերերին, որպեսզի ապագայում շեշտադրությունը դնեն միջին տեղատարողությամբ ավտոբուսների վրա: Այդպես և´ այդ կռացած վիճակը միկրոավտոբուսներում կվերացվի, և´ ավելի քաղաքակիրթ ձև կներդրվի»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգյանը:

Նրա խոսքով` սա փորձնական ծրագիր է, որն «Օրանժ Արմենիան» առաջարկել է քաղաքապետարանին, որպեսզի խթանեն ավտոբուսներից օգտվելը:

Իր հերթին, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր լրագրողներին ասել է, թե այսօրվանից կկարողանան օգտվել Wi-Fi ինտերնետից Երևանի 16, 15, 22, 3 և 28 ավտոբուսային երթուղիների ուղևորները:

Նրա խոսքով` հաշվի է առնվել այն հանգամանքը, թե ո´ր երթուղիներից է հիմնականում օգտվում ուսանողությունը:

«16, 15 և 22 երթուղիները հենց նման երթուղիներ են, անցնում են բուհական տարածքներով: Իսկ մյուս երկուսում անվճար Wi-Fi կգործի փորձնական»,- ասել է Նավասարդյանը:

Ինտերնետի արագությունը ավտոբուսներում կախված կլինի նրանից, թե որտեղով է անցնում տվյալ տրանսպորտը, և որքան մարդ է տվյալ պահին միացել Wi-Fi-ին։

«Օրանժ Արմենիա» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով՝ սարքի պոտենցիալ տեսական արագությունը մինչև 7,2 մեգաբիթ/վայրկյան է, սակայն փորձարկումները ցույց են տվել, որ միջինը 2-4 մեգաբիթ/վայրկյան արագության կարելի է հասնել Երևանի տարբեր շրջաններում։

Երևանի հասարակական տրանսպորտում ներդրվող Wi-Fi ինտերնետի հաջող ընթացքի դեպքում այն կներդրվի հասարակական տրանսպորտի բոլոր երթուղիներում։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության մասնագետ Կարեն Հակոբյանն էլ լրագրողներին տեղեկացրել է, որ միջին և խոշոր ավտոբուսներով ուղևորափոխադրումները Երևանում վնասաբեր են, և պետությունը պետք է դոտացիա տրամադրի:

Հակոբյանը տեղեկացրել է, որ Երևանում կա 384 միջին և խոշոր ավտոբուս: Քաղաքապետարանի ծրագրերի համաձայն՝ ավտոբուսների քանակը պետք է հասցվի մինչև 800-ի, միայն այդ դեպքում դրանք բավական կլինեն միկրոավտոբուսների փոխարինման համար, որոնք խանգարում են մայրաքաղաքի երթևեկությանը:

Քրիստինե Խանումյան