«Հիվանդին ջուր ես տալիս, սնունդ ես տալիս, ինքը օգտվում է, ու մի քանի րոպե հետո հիվանդիդ կորցնում ես, ամենացավոտ բանն է». բուժքույրը՝ առաջնագծից

«Մամաս շատ ծանր էր տանում պապայիս հետ, լացուկոծ, մաման ասում էր՝ վե՛րջ, սրանից հետո էլ չես աշխատի, լավանում ես ու չես աշխատելու, ասում էի՝ չէ՛, իմ կարիքը զգում է հայ ազգը, ո՞նց կարող եմ չաշխատել։

Այդպես համոզել եմ, էլ բան չի ասում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում պատմում է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժքույր Լիանա Գրիգորյանը, որը մասնագիտական աշխատանքն իրականացնելիս վարակվել է կորոնավիրուսով։

Բուժքույր Լիանա Գրիգորյանը ապրիլի մեկից է ներգրավվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատանքներում՝ վերակենդանացման բաժանմունքում, մինչ այդ աշխատել է Այրվածքաբանության ազգային կենտրոնում՝ որպես վիրահատարանի բուժքույր։ Թեպետ վարակվել է, սակայն չի ընկճվում, ասում է․ «Մի քանի օրից հետո դուրս կգրվեմ, կանցնեմ աշխատանքի»։

Նրան չի վախեցրել առաջնագծում լինելը, և ոգևորությամբ է եկել հիվանդանոց՝ հիվանդներին իր աջակցությունը ցուցաբերելու․ «Ես դուխով եկել էի, որ մեր հայ ազգին օգնեի, ուզում էի ցուցաբերել իմ օգնությունը, քանի որ բուժաշխատողները շատ քիչ են, ու նրանց պահանջը մեծ է, դրա համար մենք պետք է դուխով լինենք, ուժեղ լինենք, եթե անգամ հիվանդանում ենք, լավանանք ու չհանձնվենք ու անցնենք մեր բնականոն աշխատանքին»։

Բուժքույրը մեկ շաբաթ առաջ է վարակվել՝ գործընկերոջից։ Սկզբում ունեցել է բարձր ջերմություն, չոր հազ, հոտի սուր զգացողություն, թուլություն և գլխապտույտ․

«Վարակվել եմ ընկերուհուցս, որը նույնպես բուժքույր է։ Մենք երկու ամիս տուն չենք գնացել, ապրել ենք հյուրանոցում։ Սկզբում ինքը հանձնեց թեստը՝ դրական էր, հետո իմը դրական ցույց տվեց։

Սկզբից շատ վատ էր, թույլ էի, ջերմությունս 40 աստիճան էր բարձրացրել, ընկերներս եկան, միանգամից անալգին, դիմեդրոլ սրսկեցին։ 4 օր առաջ տեղափոխվեցի «Սուրբ Աստվածամոր» նոր բացված մասնաշենք, թերապտիկ բաժնում եմ։ Ստանում եմ դեղորայքային բուժում, վիտամին C»,- ասում է Գրիգորյանը։

Աշխատանքի մասին պատմելիս ասում է, որ իսկապես բարդ է, հատկապես որ վերակենդանացման բաժանմունքում է աշխատանքը կատարում, այնտեղ ծանր հիվանդներ են․

«Մի պահ հիվանդի հետ շփվում ես, իմ պրակտիկայում եղել է՝ անալիզները վերցնում ես, շփվում ես, ու վայրկյանների ընթացքում հիվանդին կորցնում ես, դա ահավոր ծանր բան է։ Ջուր ես տալիս, սնունդ ես տալիս, ինքը օգտվում է, ու մի քանի րոպե հետո հիվանդիդ կորցնում ես, ամենացավոտ բանն է»։

Ասում է, որ սկզբում ինքն էլ չէր մտածում, որ այդ հիվանդությունը լուրջ է, սակայն հիվանդանոց գալով, տեսնելով հիվանդներին և անձամբ վարակվելով, հասկանում է՝ ինչքան լուրջ է։
«Անկեղծ ասած, սկզբից ես էլ չէի հավատում, մտածում էի՝ խաբուսիկ է, բայց որ եկա, էստեղ աշխատեցի, տեսա ժողովրդի հետ ինչ է կատարվում, ինչ է լինում, շատ լուրջ է։ Ռեանիմացիոն բաժինն ամենածանր բաժինն է, շնչահեղձություն է լինում հիվանդների մոտ, թթվածնային քաղց՝ հիպօքսիա»,- ասում է Գրիգորյանը։

Ասում է, որ օրվա ընթացքում ստուգում են հիվանդի սատուրացիան՝ արյան հագեցվածությունը թթվածնով, հիվանդի մասին տեղեկություններ են հավաքում ու սկսում բուժումը։ 
«Հիվանդությունը արտահայտվում է ուժգին թուլությամբ, գլուխդ չես կարողանում բարձից բարձրացնել, ախորժակի անկում է լինում, պետք է լավ սնվես, որ թուլությունդ չզգաս, դեղերդ խմելով ավելի ես վատ զգում»,- նշում է բուժքույրը։

Հորդորում է մարդկանց զգուշանալ, պահպանել կանոնները․ «Շատ մարդկանցից եմ լսում, որ չեն հավատում, ասում են՝ սուտ է, բայց մաղթում եմ, որ առողջ լինեն, հավատան, պահպանեն սոցիալական հեռավորություն, դիմակ կրեն, իրենք լավ լինեն, որ մենք էլ տուն գնանք, այսպես ամիսներով մեր տնից, բարեկամներից չկտրվենք»,- ասում է բուժքույր Գրիգորյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am