Վստահ եմ՝ ինչ-որ մի այլ գործով Աղազարյանը հայտնվելու է քրեակատարողական հիմնարկում, դա ընդամենը ժամանակի հարց է. Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։ Տիկի՛ն Զոհրաբյան, ինչպե՞ս կմեկնաբանեք պարո՛ն Աղազարյանի շուրջ ծավալվող այս գործընթացները։

– Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ թե կուսակցություն է, որը միավորված է գաղափարների, ծրագրերի, տեսլականների, նպատակների շուրջ, այլ մի խումբ, մի կուտոկ, որի միակ կարգախոսը լափիզմ իրականացնելն է, բնական է, որ այս ներկուսակցական ռազվրատ այլասերությունը, որն արդեն անափ է ու այլևս հանրային է, վաղ թե ուշ պետք է լիներ։ 

Նախ ես չգիտեմ ՀՀ օրենսդրության որևէ կետ, լինի «Կուսակցությունների մասին» օրենք թե Սահմանադրություն, որտեղ ինչ-որ կուսակցական գաղտնիքի մասին խոսք լինի, չկա նման բան։ Իսկ եթե այնտեղ նաև նշում էին պետական գաղտնիքի արտահոսքի մասին, ապա ես չգիտեմ, թե ինչ պետական գաղտնիքի է տիրապետել շարքային պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը հանրայնացվել է, ապա դրան պետք է հետևեր այն, որ դատախազը պետք է մտներ խորհրդարան, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեր ու որպես պետական գաղտնիքի արտահոսք կազմակերպողի ներգրավեր քրգործում։ 

Ինչ վերաբերում է հանրային բարոյականության նորմերը խախտելուն, սա զավեշտագույն բան է, ես այլևս չեմ զարմանում այս ռեժիմի որևէ պատճառաբանության վրա։ Տեսնում ենք նաև, թե ինչպես են կուսակիցները այդ նույն Աղազարյանին շակալների նման հոշոտում, որովհետև, արդեն ասացի, եթե մի տեղ չկա քաղաքականություն, որտեղ մարդիկ միավորված չեն մեկ տեսլականով, այլ ինչ-որ ոհմակ է, որտեղ գործում են մեկ մարդու կամքը ու մեկ մարդու sms-ի հրամայականը, բնականաբար, հարաբերություններն այս որակի պետք է լինեն՝ ծայրաստիճան զզվելի ու արգահատելի։ 

– Իսկ սպասո՞ւմ էիք, որ Հովիկ Աղազարյանը կմերժեր Նիկոլ Փաշինյանի՝ մանդատը վայր դնելու խնդրանքը։

– Անկեղծ ասած՝ ո՛չ, Հովիկ Աղազարյանի որոշման պատճառով ես զրկվել եմ իմ օծանելիքից, որովհետև Marc-Antoine Barrois-ի Ganymede-ի վրա գրազ էի եկել, որ Հովիկ Աղազարյանը, ինչպես մնացածը հլու-հնազանդ  կենթարկվի Նիկոլ Փաշինյանի կիրակնօրյա sms-ին ու մանդատը վայր կդնի։

– Տիկի՛ն Զոհրաբյան, կարծիքներ են հնչում, որ սա պայմանավորված է, քանի որ Հովիկ Աղազարյանը չէր կարող չանսալ Նիկոլ Փաշինյանի պահանջին։ Համակարծի՞ք եք։

– Այն, որ իրենք կարող են առաջիկայում տարբեր շոուներ կազմակերպել ժողովրդավարական մասկիրովկա ստեղծելու համար, փաստ է։ Այս դեպքում, կարծում եմ՝ այդպես չէ, ես անձնապես Հովիկ Աղազարյանի բնավորության նրբերանգներին ծանոթ չեմ, բայց քանի որ նա նախկին դաշնակցական է եղել ու այնտեղից էլ է հեռացվել, սա երկրորդ անգամն է, իրեն ճանաչողներն ասում են, որ ինքը կարող է այդպիսի համառություն ցուցաբերել, ինադ ընկնելու հատկանիշ ունի։ 

– Հովիկ Աղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ այն ժամանակ, երբ իր հեռախոսը տասը օրով գտնվել է քննիչի մոտ, բացել են, ու որոշ նյութեր հայտնի են դարձել Նիկոլ Փաշինյանին։ Ի՞նչ հետևություններ կարելի է անել սրանից։

– Քննչական կոմիտեի նախագահը, որը մեր Սահմանադրությամբ անկախ մարմին պետք է լինի, Նիկոլ Փաշինյանի sms-ով հրաժարական է տալիս, եթե նախկին իշխանության ժամանակ նման բան լիներ, հիմա Հայաստանում ԵՄ դեսպանն իրեն կպատռեր ու կասեր՝ ինչպե՛ս է հնարավոր Սահմանադրությամբ անկախ մարմին Քննչականի քննության տակ, նախաքննական օպերատիվ տեղեկատվությունը դրվի վարչապետի սեղանին։ Սա բռնապետության հերթական դրսևորումն է, որ Հայաստանում չկա Քննչական, չկա դատարան, չկա որևէ անկախ կամ կիսանկախ մարմին, այլ կա մեկ մարդու կամք, որը Հայաստանը շատ սահուն կերպով վերածում է բռնապետության։ 

– Տիկի՛ն Զոհրաբյան, Աղազարյանի մասով ի՞նչ հետագա զարգացումներ կարող են լինել։

– Քանի որ Նիկոլ Փաշինյանին լավ եմ ճանաչում, հիմա նա գտնվում է իր նիրվանայի ապոգեյում, իրեն հիմա համարում է Վանոյի ասած՝ թիվ մեկ տղեն, ու ինչպես ժամանակին ասաց՝ կա՞ մի հատ դատավոր, որ իմ ասածը չանի, հիմա լուծում է փնտրում ու ավելի քան վստահ եմ, որ ինչ-որ մի այլ գործով Հովիկ Աղազարյանը հայտնվելու է «Արմավիր» կամ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Դա ընդամենը ժամանակի ու ճիշտ բեմականացման հարց է՝ ո՛նց անեն, որ դա հաշվեհարդար չդիտվի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am