«Նպատակն այն է, որ մարդկանց քարոզեն հլու-հնազանդություն, իհարկե, ապահովելով նոր աշխատատեղեր քահանաների համար». Եղիշե Պետրոսյան

«Նպատակն այն է, որ մարդկանց քարոզեն հլու-հնազանդություն, իհարկե, ապահովելով նոր աշխատատեղեր քահանաների համար».  Եղիշե Պետրոսյան
«Նպատակն այն է, որ մարդկանց քարոզեն հլու-հնազանդություն, իհարկե, ապահովելով նոր աշխատատեղեր քահանաների համար». Եղիշե Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը:

– Պարո՛ն Պետրոսյան, վերջին օրերին բուռն քննադատության է ենթարկվում պաշտպանության նախարարի՝ խաչքավոր լինելու հանգամանքը: Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես հոգևորականի կերպարով է հանդես եկել: Ի՞նչ է կատարվում:

– Մեր եկեղեցու դերը դարեր շարունակ անգնահատելի է եղել պետականությունը կորցրած հայ ժողովրդի թե՛ ինքնության պահպանման, թե՛ նրա կողմից մշակութային արժեքների ստեղծման, նաև այդ ժառանգության պահպանման գործում: Նշեմ նաև, որ, ի տարբերություն շատ հայտնի եկեղեցիների, մերն իրականում ազգային է: Սա արձանագրենք և անցնենք առաջ:

Բայց հիմա կա Հայաստանի Հանրապետությունը, որն ունի Սահմանադրություն, որում սևով սպիտակի վրա հստակ գրված է՝ «Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից»: Սակայն վերջին տարիներին ականատես ենք իշխանությունների և եկեղեցու մի առանձնահատուկ սերտաճման: Ի՞նչ է սա, 21-րդ դարում ձգտում դեպի միջնադա՞ր: Ժողովուրդը վաղուց դարձել է քաղաքացի, իսկ եկեղեցու տրամաբանությամբ ժողովուրդը դեռ ասոցացվում է հոտի հետ: Իմ ուղեղում սա չի տեղավորվում:

– Իսկ ինչո՞ւ է իշխանությունների կողմից այս քաղաքականությունը վարվում, նպատակը ո՞րն է:

– Կարծես խավարը, հետամնացությունը, անգիտությունը, աղքատությունը երաշխիք են ցանկացած տիպի բռնատիրական իշխանությունների հարատևման համար: Անդրադառնամ ձեր հարցին. նախկինում մեծահարուստ մարդկանց, բարերարների էին խաչքավոր ընտրում, ովքեր տվյալ տարի եկեղեցու ծախսերն էին հոգում և այլն: Վերջերս ընտրությունը կանգնում է հատկապես պետական այրերի վրա: Հիմա Վիգեն Սարգսյանը կամ մյուսը ի՞նչ են անելու, եկեղեցու ծախսե՞րն են հոգալու: Բնականաբար ո՛չ: Ուրեմն նպատակային հարց է լուծվում՝ հասարակության մոտ ինչ-ինչ պաշտոնյաների նոր՝ համազգային այրերի իմիջ ձևավորելու խնդիր է դրված:

– Հանրությունը քննադատում է, թե պատերազմող երկրում պաշտպանության նախարարին պետք է տեսնել ոչ թե խաչքավորի դերում, այլ նա պետք է բանակի խնդիրներով զբաղվի:

– Եկեք հարցին միակողմանի չնայենք: Եթե եկեղեցին ամեն տեղ ներկա է, եթե մենք դրա հետ համակերպվում ենք, որ այն լինի նաև դպրոցում, բանակում և այլուր, ուրեմն այս երևույթին էլ հարկ է որ հանգիստ նայենք:

– Բայց հանրության մի հատված չի համակերպվում դրա հետ:

– Միանգամայն ճիշտ եք, հատված էլ կա, որ չի համակերպվում նաև այս իշխանությունների վարք ու բարքի հետ, բայց, ինչպես տեսնում ենք, դեռևս ոչինչ չի փոխվում: Անշուշտ, ավելի շահեկան կլիներ 21-րդ դարում ոչ թե դեպի միջնադար նայելը, որտեղ մենք անընդհատ տանուլ ենք տալու, այլ դեպի ապագա՝ 22-րդ դար գնալը: Անձամբ ես եկեղեցուն նայում եմ որպես ավանդական մի շատ կարևոր արժեք-երևույթի, ազգային ատրիբուտի, ոչ ավելին:

– Եկեղեցին այսօր հենց կարևոր ոլորտներում է մեծացնում իր ներկայությունը՝ բանակում ու դպրոցում, ինչո՞ւ:

– Ենթադրում եմ, որ նպատակն այն է, որ մարդկանց քարոզեն հլու-հնազանդություն, իհարկե, ապահովելով նոր աշխատատեղեր քահանաների համար: Հակառակ դեպքում եկեղեցին պետք է աղաղակեր տիրող անարդարությունների, խղճի ու քաղաքական բանտարկյալների առկայության, աղետի գոտու վերականգնման ձախողման համար, օր օրի աճող չքավորության, թշվառության համար, գոնե բարոյական խրատներ տար այս ամենի մեղավորներին:

– Իսկ հասարակությունը, ինչպես դուք եք նկատում, գոնե մեծամասնությունը, ինչո՞ւ է հանդուրժում այս իրավիճակը:

– Որքան մարդ տգետ և ընչազուրկ է, այնքան հեշտ էլ կառավարելի է: Այդ տեսակն ունի շատ բնական վախեր իր համար անորոշ, միստիկ բաներից:

– Ընդհանրապես շատ է քննարկվում այն հարցը, որ աղքատ երկրում ինչո՞ւ են այսքան շատ եկեղեցիներ կառուցում: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի մասին:

– Չզարմանաք, բայց հենց աղքատ երկրներում հիանալի են աշխատում նաև կազինոները: Իհարկե, կարելի էր և ճիշտ կլիներ զարկ տալ արդիական կրթօջախներ հիմնելուն, որոնք կխթանեին գիտելիքահենք արտադրությունը: Այսօր տնտեսության հզորությունը մուրճով ու կռանով, բանվորի ուժով չի չափվում, և անգամ տանկերի քանակով չէ ռազմական հզորությունն ապահովվում: Այսօր նոր տեխնոլոգիաների դարաշրջան է, կհաջողի նա, ով շուտ կգիտակցի գիտելիքի կարևորությունը: Իսկ մենք կրճատում ենք գիտությանը հատկացվող բյուջեն: Աններելի է:

– Դա հատուկ քաղաքականությո՞ւն է, որ կրթության ու գիտության ծախսերը կրճատում են, եկեղեցուն են մեծ տեղ տալիս:

– Մեր չորս կողմն անվստահություն ու ավեր են: Մարդկությունը դեպրեսիայի մեջ է, նյութականը խժռել է ամեն հոգևորը: Մեզ մեծ ջանքեր են պետք այս փոթորկին դիմակայելու և հուսալի ափ հասնելու համար: Իսկ մեր միակ երաշխավոր Հայաստան պետությունը հասցվել է սնանկացման եզրին: Առկա հնարավորությունները, բնականաբար թերացումով, հատկացվում են բանակին և սոցիալական ոլորտին: Բայց, չմոռանամ ասել, ահռելի ռեսուրսներ, այնուամենայնիվ, նվիրաբերվում են զուտ իշխանության պահպանմանը: Այս պայմաններում, իհարկե, տուժելու են կրթությունը, գիտությունը, մշակույթը, և դա լավ ապագա չի երաշխավորում:

– Այս տարվա հունվարի մեկից էական թանկացումներ են գրանցվել երկրում, առաջիկայում թանկացումները շարունակվելու են: Ինչի՞ կարող է հանգեցնել այս իրավիճակը, հնարավո՞ր է սոցիալական բունտ հասունանա երկրում:

– Ես ոչինչ չեմ բացառում, քանի որ տևական ժամանակ ապաշնորհ կառավարման հետևանքով մեր տնտեսությունը հոգեվարքի եզրին է:

– Ինչո՞ւ է հասարակությունը համակերպվում այս իրավիճակի հետ, մենք տեսանք, որ 2017 թվականը պայքարի առումով պասիվ տարի էր:

– Այսքան տարիների ընթացքում երևի հասարակության վախը բռնվել է, և ոչ մի տեսակի աշխատանք համառորեն չի կատարվել, որպեսզի մեր ժողովրդին վերադարձնեն իր ինքնությանը, իր տեսակի արժևորմանը: «Եղունգ ունես`գլուխդ քորիր» տրամաբանությամբ սերունդներ են դաստիարակվել, իսկ քաղաքացի կայացնելու աշխատանք բացարձակապես չի կատարվել:

– Հույս կա՞, որ առաջիկայում երկրում փոփոխություն կարող է լինել:

– Դա պարտադիր պետք է լինի, որովհետև այսպես շարունակվել չի կարող:

– Իսկ ընդվզման միջոցո՞վ է լինելու այդ փոփոխությունը, թե՞ այլ ճանապարհով:

– Ցավոք, անդարձ կորսված է աստիճանական զարգացման թանկագին ժամանակը: Ահռելի արտաքին պարտքը, չդադարող արտագաղթը, արտաքին սպառնալիքների առկայությունը և հասարակության մեջ արմատացած հուսալքությունը լավ բան չեն գուժում: Այս պայմաններում ընդվզումը հավանական է:

– Բայց մարդիկ այսօր ավելի շատ նախընտրում են արտագաղթել, քան բողոքի դուրս գալ:

– Ինչ-որ հատված էլ կա, որը ոչ մի դեպքում չի արտագաղթի և վերջապես կպարտադրի իր կամքը և կհասնի նորմալ պետություն ստեղծելու երազանքին: Ի վերջո, մեր ազգի առաքելությունը չքավորի գոյություն քարշ տալը չէ: Մենք շատ ենք հեռացել մեր բուն էությունից, պետք է աշխատանք տանենք՝ ժողովրդին վերադարձնելու իր ինքնությանը և մղելու իրականացնելու իր առաքելությունը: Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է համազգային համախմբումը, քանի որ միայն մեր ուժերն արդեն բավարար չեն: Ա՛յ այս հարցում եկեղեցին շատ կարևոր դերակատարում կարող է ունենալ: Բայց նախ պետք է դեմքով շրջվի դեպի ժողովուրդը:

– Սերժ Սարգսյանն ասում է՝ 2040 թվականին Հայաստանը կունենա 4 մլն բնակչություն: Այս քաղաքականության պայմաններում ի՞նչ հույսով է նման հայտարարություններ անում:

– Ես դա չեմ հասկանում, եթե երիտասարդ տղամարդիկ դրսերում են, ամրապնդվելուց հետո էլ հիմնականում տանում են նաև իրենց ընտանիքներին, ո՞վ է կատարելու նրանց ընտանիքների համալրման սրբազան պարտականությունը: Սա ռեալ կյանք է, այլ ոչ թե թիվ խփոցի: Չնայած, ո՞վ գիտի, գուցե թղթերով ամեն ինչ նորմալ լինի: Գոնե արտագաղթը կասեցնելու ուղղությամբ ողջախոհ քայլեր դեռ չեն նշմարվում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am