«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Պետրոսյան, Սիրիայում տեղի ունեցողի համատեքստում կարծիքներ են հնչում, որ ի թիվս այլ կենտրոնների պայքարի, այնտեղ ընթանում է Իրան-Իսրայել հակամարտությունը։ Իսկապե՞ս դա այդպես է։
– Ոչ միայն Իսրայել-Իրան, սիրիական թատերաբեմում ընդգրկված են մի շարք տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական ուժային կենտրոններ, ոմանք՝ ուղղակիորեն, ոմանք էլ՝ միջնորդավորված։ Այնտեղ կան Իրանը, Իսրայելը, Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն և այլն։
– Իրան-Իսրայել հարաբերություններում ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ, ու դա ինչպե՞ս է անդրադառնալու Հայաստանի վրա՝ Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։
– Հայաստանի վրա ուղղակի անդրադարձ չի լինի, որովհետև Հայաստանը չկա այդ խաղում։ Չի բացառվում, որ անուղղակիորեն ազդի Հայաստանի վրա, օրինակ՝ սիրիահայերի մեծ հոսքը, սա նույնպես սցենար է, բայց ուղղակի Սիրիայի ազդեցություն Հայաստանի վրա չի լինի։
– Իրանի զբաղվածության հանգամանքից կարո՞ղ է Ադրբեջանն օգտվել և որոշել, որ հարմար պահ է իրականություն դարձնելու «Զանգեզուրի միջանցքը»։
– «Զանգեզուրի միջանցքի» գլխավոր խոչընդոտը ԱՄՆ-ն է ու Արևմուտքը, իսկ Արևմուտքի դիրքերը չեն խարխլվել, ընդհակառակը՝ Թրամփի գալով Արևմուտքն ավելի ուժեղ է լինելու։ Ադրբեջանին նաև բազմիցս զգուշացվել է, որ Հայաստանի տարածքը կարմիր գիծ է, ու եթե նա փորձի ներխուժել Հայաստանի տարածք, այդ թվում փորձի իրագործել «Զանգեզուրի միջանցքը», դրա համար ծանր գին է վճարելու։
– Պարո՛ն Վարդանյան, բայց Թուրքիայից էլ են վերջին շրջանում «միջանցքի» վերաբերյալ շատ ակտիվ հայտարարություններ հնչում, և կարծիքներ կան, թե Սիրիայից հետո Թուրքիան անցնելու է Հայաստանին։
– Թուրքիայում ուղղակի ճանապարհ են ուզում, նրանց համար կարևոր չէ՝ ո՛ւմ վերահսկողությամբ, մեծ հաշվով, այս տեսանկյունից պետք է այդ հարցին նայել։ Իհարկե, նրանց համար ցանկալի է, որ Հայաստանը չլինի վերահսկողը, բայց տեսնում են, որ իրենց ցանկացած տարբերակը չի իրագործվում, ու դեմ չեն, որ Հայաստանը վերահսկի։ Այսինքն՝ իրենց պատկերացրած միջանցքը, չեմ կարծում, թե պետք է անպայման այլ խաղացողների վերահսկողության ներքո լինի: Նրանց համար կարևոր է, որ լինի կարճ ճանապարհ, կոմունիկացիաները բացվեն, ու Ադրբեջանի հետ ավելի կարճ ճանապարհով կապվեն։ Թուրքիայից եկող հայտարարություններն ավելի շատ հոգեբանական ազդեցություն ունեն՝ փորձում են հոգեբանորեն ազդել Հայաստանի վրա։
– Այսինքն՝ կարծում եք, որ անկախ զարգացումներից՝ Իրանի դիրքերի թուլանալ-ուժեղանալուց, «Զանգեզուրի միջանցքի» մասով Իրանի դիրքորոշումն անփոփո՞խ է մնալու։
– Այո՛, բայց էլի եմ ուզում շեշտել, որ Իրանը չէ այնտեղ զսպող ուժը, կա նաև Արևմուտքի գործոնը, որը պակաս կարևոր չէ, գուցե ավելի կարևոր է։ Եթե միայն Իրանի հարցը լիներ, հնարավոր է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձեին նույնիսկ ուժային ճանապարհով իրականացնել դա։ Մենք տեսանք, որ Սիրիայում թուրքերը չնայեցի Իրանի առկայությանը ու իրենց պլանն իրագործեցին շատ կայուն կերպով ու իրանամետ Ասադին էլ տապալեցին։
– Այսինքն՝ Սիրիայում չկար Արևմուտքը, դրա՞ համար եղավ այն, ինչ եղավ։
– Այո՛։ Պետք է նկատել, որ Սիրիայում բոլորովին այլ պատկեր էր, այստեղ բոլորովին այլ է։ Այն տեսքով, ինչ կատարվեց Սիրիայում, ուղղակի անհնար է, որ տեղի ունենա Հայաստանում։ Սիրիայում պարզապես միմյանց հետ պատերազմող մի քանի խմբավորումներ կային, որոնց աջակցում էր Թուրքիան, որոնք էլ հեղաշրջում կատարեցին։ Հայաստանի դեպքում, բնականաբար, այդ նախադրյալը չկա, այս դեպքում Ադրբեջանը կարող է փորձել ագրեսիայի դրսևորումների գնալ, բայց դա որևէ կերպ չպետք է կապել սիրիական իրադարձությունների հետ, սիրիական իրադարձությունները որևէ կերպ պրոյեկտել Հայաստանի վրա, դրանք տարբեր հարցեր են ու, մեծ հաշվով, ոչ մի նմանություն չունեն։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















