Մոսկվան նման հայտարարություններ անելիս պետք է հաշվի առնի, որ գործընկերը հայ ժողովուրդն է և ոչ թե օրվա իշխանությունը. Աննա Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Աննա Կարապետյանը

– Տիկի՛ն Կարապետյան, Կառավարությունը հավանություն տվեց «Եվրոպական միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին, ինչին արդեն հասցրել են արձագանքել ռուսական կողմից՝ տալով ամենատարբեր որակումներ, օրինակ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այս գործընթացը համեմատել է ««Տիտանիկի» տոմս գնելու հետ»: Ռուսաստանից հնչող այս արձագանքները սպառնալի՞ք, թե՞ զգուշացում:

– Ռուսաստանից արձագանքները, ըստ էության, տարբեր էին՝ սկսած բավական օբյեկտիվ և զուսպ կամ հնարավոր հետևանքների մասին ավելի շատ հանրությանը զգուշացնող արձագանքներից մինչև ցինիկ արձագանքներ: Ցինիկ հայտարարությունների մասով ընդամենը կարող եմ միայն ասել, որ Մոսկվան նման հայտարարություններ անելիս պետք է հաշվի առնի, որ գործընկերը հայ ժողովուրդն է և ոչ թե օրվա իշխանությունը, ու չի կարելի նրանց նկատմամբ վերաբերմունքը պրոյեկտել երկրի ու ժողովրդի վրա ու անել այնպիսի հայտարարություններ, որոնք բացասական ֆոն են ստեղծում հարաբերությունների ու բարեկամության համար: 

Ինչ վերաբերում է մյուս արձագանքներին, ապա Ռուսաստանը բավականին ցավագին ընդունելով այս որոշումը, ըստ էության, շտապեց իր գնահատականների մեջ՝ այդ թվում բաց թողնելով այն հանգամանքը, որ Կառավարության հավանությունն այդ օրինագծին դեռևս չի կանխորոշում հանրաքվեի արդյունքները ու հետագա գործընթացը որպես այդպիսին: Բայց կա նաև օբյեկտիվություն նրանում, որ իսկապես, ելնելով նրանից, որ ԵՄ-ն տնտեսական միություն է, բնականաբար, հնարավոր չէ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ, ու, հետևաբար, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից անխուսափելի է լինելու, եթե ԵՄ-ին անդամակցելու իրական հեռանկար լինի: 

Սակայն այստեղ իհարկե Հայաստանի համար կարող են առաջանալ մի շարք խնդիրներ, որովհետև պետք է հաշվի առնել Հայաստանի տնտեսության կապվածության մակարդակը ԵԱՏՄ-ի, մասնավորապես, Ռուսաստանի հետ, կախվածությունը այդ թվում այդ տնտեսական կապերից, ինչպես նաև այն, որ Հայաստանի արտադրողի համար միանշանակ չէ, որ կարող է շատ արագ տեղի ունենալ տրանսֆորմացիան դեպի արտահանում ԵՄ, հաշվի առնելով Եվրամիության բարձր չափորոշիչները, քվոտաները, մի շարք սահմանափակումները և այլն: Հետևաբար այստեղ օբյեկտիվությունն այն է, որ Հայաստանի պոտենցիալ դուրս գալը ԵԱՏՄ-ից մի շարք խնդիրներ է առաջացնելու, ու դրանք առաջին հերթին անդրադառնալու են սովորական քաղաքացու վրա: 

– Այդ արձագանքները քաղաքական առումով սպառնալիքնե՞ր են: 

– Եթե օբյեկտիվ արձագանքներին ենք անդրադառնում, ոչ այնքան սպառնալիք կարելի է որակել, որքան զգուշացում, որովհետև նույն այս կոնտեքստում ամենևին պատահական չէ, որ Փաշինյանի իշխանությունը, որն ակնհայտ հակառուսական դիրքորոշում է որդեգրել, հիմնականում դա փորձում է արտացոլել ՀԱՊԿ-ի և ոչ թե ԵԱՏՄ-ի հետ, այսինքն՝ նույնիսկ երբ խոսվում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարի մասին, իշխանությունները փորձում են այդ խոսակցություններն արագ մարել, որովհետև ակնհայտ է, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին իր անդամակցությունից: 

Ռուսական կողմն այստեղ փորձում է, երևի թե հանրությանն առաջին հերթին, այլ ոչ թե իշխանությանը, տեղեկացնել, որ այդ գործընթացը կարող է նման հետևանքներ ունենալ:

– Կարծիքներ կան, որ Ռուսաստանից եկող այս արձագանքները հենց հուշում են, որ Հայաստանը ճիշտ ճանապարհին է ու պետք է անմիջապես դիմի ԵՄ-ին անդամակցության հարցով: Համակարծի՞ք եք, տիկի՛ն Կարապետյան:

– Եկեք չմոռանանք, որ ԵՄ-ին անդամակցել-չանդամակցելը Հայաստանի ցանկության հարց չէ, ԵՄ-ին անդամակցելը շատ երկար գործընթաց է, որն իր մեջ ունի երկու կարևոր բաղադրիչ: Առաջինը՝ ԵՄ քաղաքական կամքն է ընդունել տվյալ երկրին կամ նույնիսկ նրա հետ այդ հարցի շուրջ երկխոսություն սկսել-չսկսել, երկրորդ՝ այդ երկրի համապատասխանությունը եվրոպական մի շարք չափորոշիչներին՝ կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող: 

Չմոռանանք, որ կան երկրներ, նույն Թուրքիան, որն արդեն շուրջ հիսուն տարի է՝ ԵՄ անդամակցության թեկնածու է, ու հեռանկար էլ չկա, որ մոտ ապագայում ստանալու է: Նույնիսկ եթե Հայաստանում հիմա հանրաքվե անցկացվի, դրա արդյունքները դրական լինեն, ու Հայաստանը հայտնի ԵՄ-ին անդամակցելու իր այդ ցանկության մասին, դա նախ չի երաշխավորում, որ ԵՄ-ն ընդհանրապես նման մտադրություն ու ցանկություն է ցույց տալու: Եթե քաղաքական նկատառումներով նման ցանկություն արտահայտվի էլ, չի երաշխավորվում, որ Հայաստանը մոտ ապագայում ունենալու է ԵՄ-ին անդամակցելու հեռանկար: 

Չմոռանանք, որ այնպիսի փոքր հարց, ինչպիսին վիզաների ազատականացումն էր, ինչքան երկար տևեց, մինչև մեկնարկեցին այդ հարցի շուրջ բանակցությունները, ու հազար անգամ ամրագրվեց, որ բանակցությունների մեկնարկը դեռ չի նշանակում, որ Հայաստանը մոտ ապագայում կստանա վիզաների ազատականացում: 

Վրաստանի օրինակն էլ ցույց է տալիս, որ նույնիսկ վիզաների ազատականացում ստանալը չի երաշխավորում, որ այդ ազատականացումը մեկընդմիշտ է ու հետագայում քաղաքական ճնշման գործիք չի դառնալու, հետևաբար այստեղ «եթե»-ներն ու հանգամանքները, որոնք այդ նպատակի հռչակումից մինչև դրա իրագործում այնքան շատ են, որ դրանց առաջացրած մարտահրավերներն ու խնդիրները շատ ավելի մեծ կարող են լինել, քան այդ նպատակին հասնելու հավանականությունը:

– Այնուամենայնիվ, մեկնարկած այս գործընթացն ի՞նչ սպառնալիքներ կարող է ստեղծել Հայաստանի համար:

– Տնտեսական խնդիրների մասին, բնականաբար, շատ ավելի հանգամանորեն կասեն տնտեսագետները, բայց այստեղ խնդիրները քաղաքական, անվտանգային ու տնտեսական են միաժամանակ, հաշվի առնելով նաև այս գործընթացը մեկնարկելու պահը, որը բավական ռիսկային ու խնդրահարույց է՝ նկատի ունենալով ընդհանուր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակն ու այն, որ այսօր, ըստ էության, տարածաշրջանը, ընդհանուր առմամբ, հայտնված է Ռուսաստանի ու Արևմուտքի առճակատման կիզակետում: 

Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, տեսնում ենք՝ ինչ է կատարվում Վրաստանում, ինչ էր կատարվում Մոլդովայում վերջերս, ու այս ամենի կոնտեքստում այսօր դառնալ բոլորի ուշադրության կենտրոնը հենց այս հարցի մասով՝ դառնալով առճակատման նոր կետ, իհարկե երկրի համար մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ է ստեղծում, Ուկրաինայում կատարվողը դրա ամենավառ դրսևորումներից մեկն է: Խնդիրը այստեղ ավելի շատ ընտրված պահի հանգամանքն է:

– Նկատի ունեք, որ Հայաստանո՞ւմ էլ է սպասվում այն, ինչ կատարվում է Ուկրաինայում:

– Ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բայց Հայաստանը միշտ նույն ԵՄ-ի հետ հարաբերությունների կառուցման հարցում մշտապես առաջնորդվել է սկզբունքով՝ համագործակցել հնարավորինս խորը, բայց դա չհակադրելով այլ ուղղություններում մեր պարտավորություններին, հարաբերություններին: Այլ կերպ ասած՝ չդառնալ աշխարհաքաղաքական առճակատման կիզակետ ու չկառուցել մի հարաբերությունը մյուսի հաշվին: Այս իշխանությունները, ցավոք սրտի, անում են հակառակը, դրանով իսկ շատ մեծ մարտահրավերներ են առաջացնում Հայաստանի համար: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am