Ադրբեջանը Ռուսաստանից ստացավ այն, ինչ իրեն էր պետք, ու հիմա հարաբերությունների մերձեցումն այլևս նրան չի հետաքրքրում. Մելիքսեթյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը

– Պարո՛ն Մելիքսեթյան, ձեր գնահատմամբ՝ որքա՞ն կշարունակվի ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը, ըստ ձեզ՝ ո՞րն է լարվածության իրական պատճառը:

– Անցած տարեվերջից, երբ խոցվեց ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռը, ու կոնֆլիկտի առաջին փուլը եղավ, ու հիմա էլ մենք տեսնում ենք դրա շարունակականությունը: Ադրբեջանի իշխանության քայլերը ցույց են տալիս, որ դա ինչ-որ էպիզոդային երևույթ չէ, ու սա ընդհանուր միտում է Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի կոշտ դիրքորոշում որդեգրելու: 

Հետևաբար սա ավելի երկարաժամկետ գործընթացների փուլ է, հնարավոր է, որ կողմերն ինչ-որ ընդհանուր հայտարարի գան, ու այն էսկալացիան, որ եղել է նախկինում, այլևս չլինի, բայց կարծում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները մոտ ապագայում երբեք չեն ունենա այն մերձեցումը, որ կար հատկապես ուկրաինական պատերազմից սկսած մինչև ռուս խաղաղապահների դուրս գալը Լեռնային Ղարաբաղից: 

Ադրբեջանը չունի այդ մոտիվացիան՝ պահպանել Ռուսաստանի հետ նման սերտ հարաբերություններ, ու վերադառնում է իր ավելի ավանդական քաղաքականությանը՝ մի կողմից դա ռուսական ազդեցության որոշակի զսպվածությունն ապահովելն է, մյուս կողմից՝ Արևմուտքի ու նաև այլ կենտրոնների ու ուժերի հետ հարաբերությունների դիվերսիֆիկացումը: 

Մենք տեսանք, որ Ադրբեջանը ռազմավարական համագործակցության փաստաթուղթ կնքեց Չինաստանի հետ, վերջերս եղավ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը Ստեփանակերտում, որին մասնակցում էին Թուրքիայի, Պակիստանի ու Իրանի առաջնորդները, Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ադրբեջանն ունի ծրագրեր, ԵՄ-ի հետ տնտեսական տարբեր համագործակցություն, այսինքն՝ սա ավելի երկարաժամկետ ընթացքների արտացոլումն է իմ պատկերացմամբ, և այն հարաբերությունները, որ ունեին Ռուսաստանն ու Ադրբեջանը վերջին երկու-երեք տարիներին, ու մերձեցման միտումը, կարելի է համարել ավարտված: 

– Իսկ Ռուսաստանին ձեռնտո՞ւ է Ադրբեջանի հետ հարաբերությունների այն մակարդակը, որը եղել է մինչև ձեր ասած մերձեցումը:

– Կարծում եմ, որ ձեռնտու չէ, ու այս առիթը, նկատի ունեմ որոշ ադրբեջանցիների սպանությունը Եկատերինբուրգում, Ռուսաստանի իշխանությունները, որոշակի ռուսաստանյան լրատվականներ կապում են նոր նահանգապետի կոշտ քաղաքականության հետ, բայց Ադրբեջանն ակնհայտորեն օգտագործեց այս առիթը, ու հետագայում նաև Ռուսաստանը փորձեց օգտագործել իր ավանդական լծակները Ադրբեջանի վրա ազդելու՝ էթնիկ ադրբեջանցիների բիզնես ակտիվությունը Ռուսաստանի տարածքում, սփյուռքի ներկայությունը, ադրբեջանական խոշոր դիրքերի ներկայությունը Ռուսաստանում։ 

Մենք տեսանք, որ Ադրբեջանը նույն հայելային քայլերը կատարեց, այսինքն՝ Ադրբեջանն ավելի շատ օգտվեց այս առիթից՝ սրել հարաբերությունները, քան ռուսական կողմը, որովհետև մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը Ադրբեջանի հետ միշտ օգտագործում է ավելի հարմարվողական լեզու, քան նույնիսկ Հայաստանի հետ: 

– Պարո՛ն Մելիքսեթյան, կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանը Ռուսաստանից ստացավ այն, ինչ իրեն էր պետք, ու հիմա, քանի որ այլևս ստանալիք չունի, հարաբերությունների մերձեցումն այլևս նրան չի հետաքրքրում:

– Այո՛, կարելի է ասել, որ Ադրբեջանը ստացավ այն, ինչ պետք էր, Ադրբեջանը նաև չեզոքացրեց այն ռիսկերը, որոնք կարող էր ունենալ ռուսական կողմից՝ նույն այդ խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում: 

Ադրբեջանը նաև ունի թուրքական կողմի աջակցությունը, առանց որի ինքը չէր կարող նման քաղաքականություն վարել, ու կարծում եմ, որ սա նաև Ադրբեջանի որոշակի շրջադարձն է նաև դեպի Թուրքիա, ու որոշակիորեն գուցե նաև Արևմուտքի հետ կապերի ակտիվացման նպատակ ունի: 

Մենք տեսնում ենք, որ ակտիվանում են նաև ադրբեջանա-ուկրաինական կապերը, ու բավականին կոմպլեմենտար հայտարարություններ են հնչում երկու կողմից: 

– Ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը Հայաստանի վրա ունենալո՞ւ է ազդեցություն:

– Ադրբեջանական պետական ԶԼՄ-ներում, որոնք բավական ագրեսիվ են Հայաստանի վերաբերյալ հիշատակումներ անելիս, բավական դրական են ընկալում այն հակամարտությունը, որը կա նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև՝ կապված Սամվել Կարապետյանի կալանավորման, ռուսական ալիքների փակման հետ, Եկեղեցու շուրջ զարգացումները: 

Հայկական խոսույթում կա ակնկալիք, թե կարող է ինչ-որ գործարք լինել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև Հայաստանի հաշվին, բայց ես կարծում եմ, որ այդ ակնկալիքներն արդարացված չեն: Սա իսկապես մի կողմից Ադրբեջանի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները միտումնավոր բարդացնելու ու իր քաղաքական կշիռը բարձրացնելուն է միտված, մյուս կողմից, ինչպես նշեցի, Արևմուտքի ու Թուրքիայի հետ հարաբերությունների վերաակտիվացման փորձ է ու գուցե նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում սիմվոլիկ ինչ-որ առաջընթացի հնարավորություն է Հայաստանի համար: Ինձ մոտ նման տպավորություն են թողնում ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները, դրանց ընկալումն այսպիսին է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am