Հայաստանի պաուերլիֆթինգի հավաքականի անդամ, հանրապետական մրցավար, Հայաստանի հնգակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Անգելինա Չոբանյանը, որը դժվարությամբ է հարթել ճանապարհը դեպի սպորտ, իր ընտրության մասին խոսելիս ասում է. «Ապացուցելու բան կար, ու առաջինը՝ ինձ»։
22-ամյա Անգելինայի՝ մարզաձևում հայտնվելը պատահական էր՝ անսպասելի։ Ինչպես ասում են՝ «ճակատագիրը սիրում է համառներին»։

Պաուերլիֆթինգը (ուժային եռամարտ) ունի երեք մրցաձև՝ կքանիստ, սեղմում պառկած դիրքից և ձգում։ Անգելինան մասնագիտացած է ձգում մրցաձևում։ 2025 թվականի մայիսի 28-ին Ապարանում հենակների վրա ձգելով 200 կգ՝ նա աշխարհի նոր ռեկորդ է սահմանել։
«Ծանրամարտով զբաղվելը իմ մանկության երազանքն է եղել, որն այդպես էլ երազանք մնաց։ Շատ փոքր տարիքից տանը կլոր բարձերով նմանակում էի ծանրամարտիկներին, իսկ ծնողներս, հարազատներս, մեղմ ասած, չէին ողջունում»,- պատմում է Անգելինան ու հիշում՝ ինչպես էին փորձում իրեն հետ պահել այդ «ոչ աղջկական» մարզաձևից։
Բերում էին օրինակներ, փորձում էին համոզել, որ դա կարող է վնասել իրեն։
«Ամենաշատը վախենում էի այն խոսքերից, թե՝ հորմոնալ փոփոխություններ կլինեն, երեխա չեմ ունենա»,- ասում է Անգելինան։



Սակայն, վախերը չեն խանգարում Անգելինային շարունակել պայքարն իր երազանքի համար: Ասում է՝ առավել մեծ ոգենշնչում է ստացել, երբ տեսել է ուժեղ կանանց ծանրամարտում: Ու չնայած ծնողները փորձում էին Անգելինային շեղել ծանրամարտից՝ դաշնամուրի, լողի, թենիսի, պարի ուղարկելով, սակայն, կյանքը լիովին փոխվում է, երբ աղջիկը դեռահասության տարիքում նիհարելու նպատակով սկսում է մարզասրահ հաճախել: Ասում է՝ այդ օրերն իր որոշման համար ճակատագրական եղան:
«Արդեն 10 տարի է՝ մարզվում եմ, ու միշտ բոլոր մարզասարքերը մի կողմ, բայց ծանրաձողը ինձ համար մնաց ամենասիրելին»,- ասում է նա։
2022 թվականից սկսեց կամավորությամբ զբաղվել։ Առաջինը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում։ Սլովակիայի պատվիրակությանն էր ուղեկցում ու հենց այդ ժամանակ զգաց, որ սպորտը միայն մկանները չեն, այլ «հույզերի մի ամբողջ փունջ» :


Դրան հաջորդեցին այլ կամավորություններ։ 2023-ի ապրիլին Երևանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Անգելինան էլի կամավորների շարքերում էր:
«Չեմ կարող նկարագրել, թե ինչ անհավանական 15 օրեր էին։ Մենք ապրում էինք ամեն մի պահը, հաղթողի հետ ուրախանում էինք, պարտվողի հետ՝ տխրում, ու ամեն վայրկյան հասկանում ես, որ սա մի ուրիշ կյանք է, ուրիշ աշխարհ, որտեղ իմ ուզած կյանքը կա»,– ասում է նա։
Մարզումներից մեկի ժամանակ մարզիչը մոտեցավ նրան ու ասաց՝ «այն քաշերով, որով դու մարզվում ես, մարդիկ մեդալներ են նվաճում»։ Այս բառերը Անգելինային ստիպեցին գնալ երազանքի հետևից։ Ինքն իրեն խոստացավ մասնակցել մրցումների, եթե մարզումների ժամանակ կարողանա բարձրացնել 100 կգ։ Բարձրացրեց ու 2023 թվականի դեկտեմբերի 9-ին հաղթեց իր առաջին մրցաշարը՝ Հայաստանի առաջնությունը։

«Առաջին հաղթանակը միշտ հատուկ է, հաղթանակ էր նաև կասկածների դեմ»,- ասում է նա։
Անգելինան ասում է, որ հարազատները, ծնողները թեև մինչ հիմա դեռ չեն համակերպվել իր ընտրության հետ, սակայն նաև խոչընդոտներ չեն ստեղծում:
«Մայրս թեև ասում է՝ «դու չես հասկանում, դա քեզ պետք չէ՛», բայց երբ բարեկամների հետ խոսում է, հպարտությամբ ասում է՝ «Իմ աղջիկը Եվրոպայի չեմպիոն է», ու սա ինձ համար արդեն իսկ լավ է»,- ասում է Անգելինան։
Երիտասարդ մարզուհին ասում է, որ ամենամեծ աջակցությունը ստացել ու ստանում է մորական տատից։ «Միշտ հարցնում է՝ ինչքա՞ն ես բարձրացրել, ինչի՞ ես հասել»։ Իսկ հորական տատն ասում է՝ «Հերի՛ք է կռիվ տաս էդ ծանրաձողերի հետ», բայց չի ասում՝ թող»,- ժպտալով պատմում է Անգելինան։
Անգելինան նաև մասնագիտություն ունի՝ ապագա գենետիկ բժիշկ է: Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի բաժնի բակալավրիատն ավարտելուց հետո այժմ ուսումը շարունակում է մագիստրատուրայում։
Բայց կատակով հավելում է՝ սպորտի հանդեպ իր սերը հաղթում է.
«Եթե ասեմ, թե «էս աղջկա գործ չէ» ասվածները երբեք չեն ազդել ինձ վրա, ճիշտ չի լինի։ Բայց ժամանակի ընթացքում իմ ներսում մի ուժեղ պատնեշ եմ կառուցել, և այդ բառերն այլևս չեն կարողանում անցնել։ Հիմա արդեն իմ փոխարեն շատերին պատասխանում են մեդալներս»,- ասում է նա։
«Երբ փոքր էի ու Նազիկ Ավդալյանին տեսա՝ ասում էի՝ ես էլ եմ դառնալու Եվրոպայի չեմպիոն։ Ասում էին՝ գուցե աշխարհի՞։ Ես ասում էի՝ չէ, հենց Եվրոպայի։ Հիմա արդեն ասում եմ՝ մի հատ էլ աշխարհի չեմպիոն եմ ուզում,- ծիծաղում է։ – Երբ հարցնում են՝ երբ ես թողնելու, ասում եմ՝ մի հատ էլ աշխարհի ու վերջ, բայց իրականում, երբ զգում ես հաղթանակի համը, կանգնելն արդեն հնարավոր չէ»,– խոստովանում է նա։
2025 թ․ մարտի 25-ին նա առաջին անգամ մեկնեց մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Ասում է՝ ինքնաթիռի մեջ զգացմունքները հակասական էին․
«Հպարտ էի։ Փոքրիկ Անգելինայի երազանքը իրականություն դարձավ։ Եթե նույնիսկ չհաղթեի, արդեն հաղթել էի ինքս ինձ։ Ճիշտ են ասում՝ «ամենամեծ հաղթանակը հաղթանակն է սեփական վախերի նկատմամբ»,- ասում է նա։

Երբ նվաճեց առաջին մեդալը՝ էմոցիաները սառած էին, չէր գիտակցում ու միայն մրցանակը ստանալուց հետո, երբ սկսեց շնորհավորանքներ ստանալ, հասկացավ, որ փոքրիկ Անգելինայի երազանքն արդեն իրականություն է։ Առաջին հաղթանակը ամեն ինչ էր իր համար, ու չնայած բոլոր հաղթանակներն են կարևոր, բայց առաջինը եկել էր ապացուցելու բոլորին, որ ինքը ճիշտ ընտրություն է կատարել։
Երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոս նվաճելն ավելի դժվարությամբ է տրվել։ Իտալիայում կայանալիք մրցումներին պատրաստվելու համար ընդամենը 2 ամիս է ունեցել։ Ինքնազգացողությունն էր վատ, ծնկի ցավեր ուներ, որի մասին աշխատում է հատկապես տանը չբարձրաձայնել։
«Բայց հենց դժվար ճանապարհներն են, որ մեզ ուժեղ են դարձնում։ Հեշտ բաները արագ մոռացվում են, իսկ էն, ինչի համար շատ ես պայքարում, դառնում է քո ու քո կյանքի անբաժանելի մասը»,– ասում է Անգելինան։
Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյան
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















