«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը
– Պարո՛ն Մելիքյան, Շուշիի մեդիաֆորումի բացմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն ինչպե՞ս կգնահատեք։ Դիվանագիտական, քաղաքագիտական նորմերով ընդունվա՞ծ է ծաղրել մեկ այլ երկրի ղեկավարի։
– Նախ եկեք մի կողմ դնենք այսօրվա միջազգային հարաբերություններում նորմերի մասին ընդունված պատկերացումները։ Ներկայումս քաղաքակիրթ վարվեցողությունը հաճախ դիտարկվում է որպես սեփական շահերն առաջ մղելու համար անմիտ ու անօգուտ խոչընդոտ, և սա դարձել է համատարած երևույթ։ Հետևաբար Ալիևի պահվածքն անհրաժեշտ է դիտարկել այն տեսանկյունից, թե ՀՀ վարչապետի հանդեպ նրա դրսևորած լկտի ամբարտավանությունից ինքն ի՛նչ առարկայական օգուտ է ակնկալում ստանալ։
– Ադրբեջանի ղեկավարն այս վարքով ի՞նչ է փորձում ցույց տալ։
– Կարծում եմ, հիմնական նպատակն այն է, որ խորացվի ՀՀ քաղաքացու՝ իշխանության նկատմամբ ունեցած անվստահության վիհը, ընդգծվի «թույլիկ» Փաշինյանի ու «հզոր» Ալիևի կարողունակության տարբերությունը, Հայաստանի իշխանությունների ոչ միայն գործնական, այլև վերբալ անճարակությունը։
Ներազգային փոխվստահության բացակայության պայմաններում վարչապետ Փաշինյանը պետք է լիովին զրկվի սեփական ազգային ներուժի վրա հենվելու հնարավորությունից, իսկ որքան չնչին լինի ներքին հենարանին ապավինելու Փաշինյանի թիմի հույսը, այնքան շատ կլինեն զիջումների գնալու նրա հակվածությունը, կախվածությունն Ալիևի կամակորություններից։
– «Եթե Երևանը շարունակի արգելափակել «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները, ապա կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև՝ որոշ առումներով քաղաքական մեկուսացման մեջ»,- Ալիեւի այս հայտարարությունը սպառնալի՞ք, թե՞ նախազգուշացում կարելի է դիտարկել։
– Սա պրիմիտիվ շանտաժ է՝ Հայաստանի հասարակության մեջ դժգոհություն, խուճապ ու հուսահատություն սերմանելու մեթոդներից մեկը։ Քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման առարկայական հիմքերը չեն ձևավորվել, Ադրբեջանն ու Նախիջևանը Հայաստանի տարածքով միմյանց կապող որևէ հաղորդակցություն՝ ավտոճանապարհ, երկաթուղի, ճոպանուղի կամ ստորգետնյա անցում կառուցելու իմաստը չկա։ Ըստ էության, նախագահ Ալիևն է իր որդեգրած քաղաքական պահվածքով խոչընդոտում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Հավանաբար պատճառներ ունի։
– Քաղաքական մեկուսացում ասելով ի՞նչ նկատի ունի։
– Հավանաբար նկատի ունի այն, որ եթե պաշտոնական Երևանի «մեղքով» հաղորդակցության ուղիները չապաշրջափակվեն, ապա Հայաստանը կկորցնի ոչ միայն տարանցիկ երկիր լինելու հետ կապված տնտեսական իր հնարավոր գրավչությունը, այլև, ի հետևանք, կարող է զրկվել բազմաթիկ ազդեցիկ դերակատարների քաղաքական աջակցությունից ևս։
– Պարո՛ն Մելիքյան, հայկական կողմը պե՞տք է արձագանքի Ալիևի այս ելույթին, ի՞նչ մակարդակով։
– Այն կարծիքին եմ, որ նախագահ Ալիևի այս կարգի զեղումները չպետք է անուշադրության մատնել, անարձագանք թողնել։ Միաժամանակ, հաշվի առնելով դրանց զուտ քարոզչական ու միանգամայն ապակառուցողական բնույթը, արձագանքը պետք է հնչեցվի Կառավարության կամ ԱԳՆ մամլո ծառայության մակարդակով։ Այլ հարց է, որ օտար գործընկերների հետ շփվելիս ՀՀ պաշտոնատարները Ալիևի այսօրինակ հռետորաբանությունը պետք է օգտագործեն ՀՀ շահերն առավել հիմնավոր կերպով ներկայացնելու և պաշտպանելու համար։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















