«Մեծ ու լուսավոր դահլիճ էր։ Մտա ներս, աչքերիս առաջ սևացավ, ձեռքերս սկսեցին դողալ, ամբողջ մարմինս քրտնել էր։ Ոտքերս հազիվ էին առաջ գնում, ոնց որ ամեն մեկը 100 կիլո լիներ։ Մի կերպ հասա դաշնամուրին, նստեցի ու սկսեցի նվագել։ Միայն հիշում եմ, որ հուզմունքից շատ վատ նվագեցի։ Արագ էի նվագում, որ շուտ վերջացնեի ու դուրս գայի, որ ավելի շատ չխայտառակվեի։ Ինձ հարցրին՝ ի՞նչ գործիքով ես պարապում, ասացի՝ ոչ մի բանով»,- հիշում է 19-ամյա Վահե Հակոբյանը։
Օգոստոսի սկիզբն էր, դեպի իր երազանքը տանող ճանապարհի կարևորագույն օրերից մեկը։ Պետք է ընդունվեր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ։ Քննության օրն էր, իսկ այդ քննությանը հանգամանքների պատճառով լիարժեք պատրաստվելու հնարավորություն չէր ունեցել։
«Շատ վատ նվագեցի։ Քննությունից դուրս եկա ու ավտոբուսի մեջ անընդհատ մտածում էի, թե ոնց է մայրս հիասթափվելու, որ չեմ ընդունվել, ոնց է հայրս վատ զգալու։ Շատ վատ տրամադրությամբ էի, որովհետև ինձ համար դա պարզապես քննության տապալում չէր, այլ երազանքիս տապալումն էր»,- պատմում է Վահեն։

Քննության օրվա հարցը շատ խորհրդանշական էր: Դաշնակահար դառնալու մեծ երազանք ունեցող 19-ամյա Վահեն դաշնամուր չուներ և ստիպված էր պարապել հանրային վայրերում տեղադրված գործիքներով: Ամիսներ առաջ էլ նման մի փորձի ժամանակ«Սասունցի Դավիթ» կայարանի տարածքում տեղադրված դաշնամուրի վրա պարապելով էր քննությանը պատրաստվել, ինչը նրան համացանցում նաև հայտնի էր դարձրել:
«Նվագելուց շատերն էին մոտենում, նկարում։ Հերթական անգամ մեկը մոտեցավ ու հարցրեց՝ կարելի՞ է նկարել, ու քանի որ արդեն սովորական էր դարձել, ասեցի նկարեք։ Շատ արագ ու վատ նվագեցի, որ շուտ նկարեն, հեռանան, ու ես շարունակեմ պարապել, քանի որ քննությանս օրը մոտ էր, ու պարապելու քիչ ժամանակ էր մնացել։ Չպատկերացրի, որ հենց այդ տեսանյութը կհայտնվի համացանցում»,- պատմում է Վահեն։
Վահեն Հակոբյանը Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Արագածավան գյուղից է։ Դժվար մանկություն, ապա՝ պատանեկություն է ունեցել, ու այդ ամբողջ դժվարությունների մեջ մեկ լուսավոր նպատակ է ունեցել՝ դառնալ հայտնի դաշնակահար։ Բայց ցանկությունները և կյանքի դժվարին ճանապարհը բարեհաճ չեն գտնվել երիտասարդի համար:
Հիշում է, որ հինգ տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվեցին Ռուսաստան, քանի որ բուժքույր մայրը՝ Աստղիկ Հարությունյանը, կրճատումների պատճառով կորցրել էր աշխատանքը: Ծանոթներից մեկը Հակոբյաններին Ռուսաստանում լավ աշխատանք և կեցություն էր խոստացել: Թողել էին ամեն ինչ ու մեկնել, սակայն Ռուսաստան հասնելուն պես հասկացել էին, որ ոչ մեկն իրենց չի սպասում, միայնակ են ու անօգնական օտար երկրում:

«Մենք ոչինչ չունեինք։ Ռուսաստանում հիշում եմ ցուրտ ձմեռը, և թե ինչպես ենք 5 օր գիշերել փողոցում։ Հետևում մեծ անտառ էր, գայլերի ոռնոց էր լսվում։ Անգամ նստարան չկար։ Այսօրվա պես հիշում եմ՝ մայրս ինձ ճամպրուկների վրա էր նստեցրել ու ծածկոցով ծածկել»,- պատմում է Վահեն։
Ընտանիքը շուրջ 13 տարի ապրել ու աշխատել է Ռուսաստանում, սկզբում՝ շատ ծանր ու անբարենպաստ պայմաններում, մինչև կարողացել են մի քիչ կայունանալ։ Սակայն, պատմում է, որ մայրը ձեռք է բերել առողջական լուրջ խնդիրներ, որոնց հետևանքով սկսվել է երկարատև և դժվար բուժման փուլ, դարձել անկողնային հիվանդ։
Վահեն ասում է՝ ընտանիքը Հայաստան է վերադարձել իր՝ երաժշտական ուսումնարան ընդունվելու երազանքով, քանի որ ինքը Ռուսաստանում 9 տարի սովորել է երաժշտական դպրոցում, մասնակցել տարբեր միջոցառումների ու մրցույթների, մի քանի տասնյակ հավաստագրերի ու մրցանակների արժանացել: Սակայն երաժշտական ուսումնարան ընդունվել չի կարողացել փաստաթղթերի պատճառով։
«Մենք վերադարձանք Արագածավան։ Մայրս անկողնային հիվանդ է, տնային գործերով չի կարողանում զբաղվել, թոշակառու հայրս նույնպես առողջական խնդիրներ ունի, չի աշխատում։ Եղբայրս ընտանիքի հետ Մոսկվայում է մնացել, ինքն է օգնում որքան կարողանում է»,- պատմում է Վահեն:
Ասում է, որ տնային հոգսերից փորձում էր գլուխ հանել: Առավոտյան վաղ արթնանում էր, մաքրություն անում, ճաշ պատրաստում, որ հասցնի նաև դաշնամուր պարապել, սակայն դա ամենաբարդն էր:
«Գյուղում ոչ մեկի տանը դաշնամուր չկար, իսկ որտեղ էլ կար՝ շատ վատ վիճակում էր։ Ես 4 ամիս չկարողացա դաշնամուր պարապել, իսկ դա դաշնակահարի համար շատ երկար շրջան է՝ մատները քարանում են։ Հետո դպրոցում դաշնամուր գտա ու դասերից հետո գնում էի, օրը ժամ պարապում էի։ Քննություններին քիչ ժամանակ էր մնացել, ընդամենը 10 օր ունեի պատրաստվելու համար։ Ափսոս դպրոցի մասին ավելի շուտ չէի իմացել։ Մինչ այդ դաշնամուր պարապելու համար շաբաթը 2 օր գալիս հասնում էի Երևան, որովհետև միայն այնտեղ էինք դաշնամուր գտել։ Շատ չէի կարողանում գալ, քանի որ գումարի խնդիր էլ կար»,- ասում է Վահեն։

Վահեն 2 ժամ ճանապարհ էր կտրում անցնում, որ երազանքի ճանապարհը չկորցնի։ Ամենահարմար վայրը պարապելու համար դարձավ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանը, որն էլ ինչ-որ առումով իրեն ճանաչում բերեց:
Քննություններին այդպես էլ չկարողացավ պատրաստվել այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Ծրագիրը բարդ էր, իսկ պատրաստվելու ժամանակն ու հնարավորությունը՝ սուղ։ Հոր հետ ավտոբուսով տխուր տուն էր վերադառնում քննությունից հետո, երբ ստացավ այդքան սպասված զանգը։
«Քոլեջից էր, ասացին, որ ընդունվել եմ, միավորներս հերիքել էին։ Ավտոբուսի մեջ էնպես գոռացի, որ բոլորը վեր թռան ու սկսեցին շնորհավորել։ Աչքերիցս արցունքները հոսում էին, ու նորից համոզվեցի, որ երազանքիս հասնելու ճանապարհին ինձ ոչ ոք ու ոչինչ չի խանգարելու»,- ասում է նա։

Վահեի համար հաջող շրջափուլն էր սկսվել։ Ճիշտ այն ժամանակ, երբ ծանր մտորումների մեջ էր՝ ինչպես է ամեն օր Արագածավանից Երևան հասնելու, ինչպես է դասերն առանց դաշնամուրի սովորելու:
Կայարանում դաշնամուր պարապելը, սակայն, Վահեին օգնեց հաղթահարելու նաև այս շրջափուլը: Ասում է՝ մարդիկ պարբերաբար մոտենում, նկարում էին կայարանում։ Այդ տեսանյութերից մեկն էլ մի օր համացանցում հայտնվեց ու շրջադարձային դարձավ Վահեի համար։ Նրան տեսավ ու իր օգնությունն առաջարկեց անչափահասների գործերով ոստիկանության տեսուչ Մարթա Մելիքսեթյանը։
Այդպիսի մի օր էլ, երբ դժվարությունների մասին մտորումների մեջ Հակոբյանների ընտանիքը լուծումներ էր փնտրում, անսպասելի զանգ է ստանում: Զանգողը Մարթա Մելիքսեթյանն էր, որը տեսնելով համացանցում տարածված տեսանյութը, առաջինն էր արձագանքել ու շատ արագ դրամահավաք կազմակերպել՝ Վահեի համար դաշնամուր գնելու նպատակով։
Վահեի ուրախությանը չափ չկար։ Նոր դաշնամուր էր ունենալու, բայց կրկին ծանր մտորումներ ուներ՝ ինչպես են դաշնամուրը հասցնելու Արագածավան։ Այս անգամ էլ Վահեն մենակ չմնաց։
«Մարթա Էդուարդովնան ինձ հարցրեց՝ կարող է Երևանում բնակվելու ցանկություն ունե՞մ։ Դե արդեն անիմաստ էր համեստություն անել, ու ես առանց մի վայրկյան մտածելու ասացի՝ այո։ Նա ինձ համար հարմար սենյակ գտավ։ Իմ երազանքների դաշնամուրն էլ այդ սենյակում տեղ գտավ, ու հիմա ինձ ոչինչ չի խանգարելու, որ հասնեմ նպատակներիս»,- ասում է Վահեն։

Հիմա Վահեի համար ամենադժվարը ծնողներից հեռու լինելն է, նա հատկապես մոր համար է շատ անհանգստանում։ Բայց, ասում է, բարեբախտաբար, Հայաստանում բուժումները արդյունք են տալիս, և հույս ունի, որ շուտով մայրը կկարողանա ոտքի կանգնել։
Բնակարանի վարձը վճարվում է բարերարների շնորհիվ, իսկ ապրուստի գումարը տալիս է հայրը՝ իր համեստ թոշակից մի փոքր բաժին հանելով։ Վահեն երկու շաբաթը մեկ այցելում է ծնողներին։ Ճանապարհածախսով միասին նրան 5000 դրամ են տալիս՝ երկու շաբաթ ապրելու համար։ Այդ գումարից նա 1000 դրամն էլ պահում է, որ հաջորդ այցի գնացքի տոմս գնի։

«Հիմա մտածում եմ տանը աշակերտների հետ պարապեմ, դաշնամուր նվագել սովորեցնեմ։ Գոնե այդպես կկարողանամ նաև վաստակել ու ապրուստի խնդիրն էլ լուծել։ Իմ կյանքում շատ բարդ փուլեր եմ ունեցել։ Չեմ ընկճվում, այս դժվարությունն էլ կհաղթահարեմ, որովհետև ավելի բարդ ու անհաղթահարելի դժվարություններ եմ հաղթահարել»,- ասում է Վահեն ու ցույց տալիս, թե ինչ հզոր է հնչում իր նոր դաշնամուրը։
Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյանի
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















