Հայաստանը չի կարող դառնալ Նեպալ, միակ օրինական ճանապարհը իմփիչմենթն է. Նաիրա Զոհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 

– Տիկի՛ն Զոհրաբյան, խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է գործող իշխանության ձախողումներին, ու անդառնալի հետևանքներից խուսափելու համար սկսելու է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Հաջողության հասնելու շանսը որքա՞ն եք գնահատում:

– Այս իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության անդառնալիության կետին մնացել է մեկ քայլ, նստել ու մտածել՝ որքանո՛վ է դա հնարավոր կամ անհնար ու քայլ չանել, դա կնշանակի ուղղակի նպաստել այդ անդառնալիության կետին հասնելուն: 

Կա ՀՀ Սահմանադրություն. ի՞նչ գործիքներ է տալիս քեզ այդ Սահմանադրությունը երկիրը տապալած, այդ երկար թվարկված, որ «Պատիվ ունեմ»-ի հայտարարության մեջ նշված է, ծրագրերը չկատարած կառավարությանը հեռացնելու համար: Մենք այս մեկ ամսվա մեջ տեսանք երկու ճանապարհ. մեկը Նեպալի ճանապարհը, երբ մերժելի կառավարությանը ուղղակի ջարդուփշուր արեցին փողոցներում, ու մենք տեսնում էինք, թե ինչպես են Կառավարության անդամների կանանց, երեխաներին ուղղաթիռներով մի կերպ փրկում: Տեսանք նաև Ֆրանսիայի օրինակը, երբ ընդամենը մի քանի ծրագրային խոստումներ չկատարելու համար խորհրդարանը անվստահություն հայտնեց Ֆրանսիայի վարչապետին: 

Ո՞ր տարբերակով գնա Հայաստանը, ես կարծում եմ, որ չկա երկընտրանքի խնդիր, որովհետև չի կարող Հայաստանը դառնալ Նեպալ, Հայաստանում մեկ անգամ՝ 2018-ին եղավ դագաղների հեղափոխություն, մենք դրա հետևանքները տեսնում ենք, դրա հետևանքը Հայաստանի պետականության կորուստն է, որն այս ռեժիմը սրընթաց մոտեցնում է: 

Հիմա նստել, մտածել՝ հա՛, բայց բարդ է, բայց ՔՊ պատգամավորները չեն միանա, չի ստացվի, ես նորից պետք է ասեմ այն, ինչ ասել եմ 18 թվականին. այդ տարվա մայիսի 1-ին, երբ առաջին անգամ քննարկվում էր Նիկոլի թեկնածությունը՝ որպես վարչապետի թեկնածու, ու չանցավ, եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ յոթ օր հետո դրսում այնպիսի պրեսինգ է լինելու, որ Նիկոլը ընտրվելու է վարչապետ այդ նույն խորհրդարանով, ես կասեի՝ չէ՛, դա անհնար է: Ուստի այն քաղաքական ուժերը, որ ասում են, չէ՛, դա հնարավոր չէ, ու անգամ իրենց նվազագույն ջանքը չեն ներդնում, որն է վարչապետին անվստահություն հայտնելու թղթի տակ ստորագրելն ու այդ ուղղությամբ աշխատելը, ու հիմա ձեռքները ծալած նստած սպասում են հերթական ընտրություններին, ապա ասեմ, որ Նիկոլն այս ամենը չի անում, որ 2026-ին ընտրությամբ որևէ մեկին իշխանություն հանձնի: 

Պետք է փորձել, մենք սովորական իրավիճակում չենք, որ ասենք՝ լավ, սպասենք ավելի հարմար ժամանակի, ամեն օրը մեզ մոտեցնում է Հայաստանի կորստին: 

Նոր նայեցի, որ e-draft․am-ում Կառավարությունը քննարկման է դրել մի անհեթեթագույն՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծ, որը, ենթադրում եմ, գրաքննության մասին նախագիծ է, դեռ մանրամասն չեմ ծանոթացել նախագծին: Իսկ սա ենթադրում է, որ այս մարդը երկիրը լոնքերով տանում է Հյուսիսային Կորեա։ Ես չեմ բացառում, որ վաղը ինքն էլ, ինչպես Հյուսիսային Կորեայում է, բերի օրենքի նախագիծ, որում ներկայացված է սանրվածքի հինգ տեսակ, ու ասի, որ սա է «Իրական Հայաստանի» սանրվածքը, սրանից դուրս ով ինչ արեց դատվելու է, սա աբսուրդ է: 

Այս մարդու արյունը տվել է գլխին անպատժելիությունից, ու իրեն թվում է, թե ինքը երկրի թիվ մեկ մասնագետն է բոլոր ոլորտներում, սա Ներոնի սինդրոմ է, լուրջ խնդիր, ու այս ամենը կասեցնել է պետք, իսկ կասեցնելու միակ օրինական տարբերակը իմփիչմենթն է: Խորհրդարանում սկսել իմփիչմենթ, դրսում գեներացնել ժողովուրդ, այլ տարբերակ չկա, մյուս տարբերակը՝ մի օր երկիրը վերածվելու է Նեպալի, որն ամենաանընդունելին է, ու ամեն բան պետք է անենք, որ այդ օրը չգա: 

– Իշխանության ներկայացուցիչները վստահ են, որ այս գործընթացը չի հաջողելու, ու բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են հերթական ընտրություններին:

– Բնականաբար դա պետք է ասեն, որովհետև իրենց համար սեփական իշխանություն պահելը կարևոր է շատ, որովհետև դա իրենց անձնական անվտանգության երաշխիքն է, իրենք սովորական իրավիճակում ու սովորական իշխանություն չեն՝ ելնելով իրենց գործողություններից: Նրանց համար սեփական կյանքը փրկելն է զոհասեղանին դրված, ու ամեն բան անելու են, որպեսզի մնան իշխանության: Մենք հիմա ոչ սովորական երկիր ենք, ու ոչ մեկը չի կարող ասել, թե մի ժամ հետո երկրում ինչ իրավիճակ կլինի:

– Տիկի՛ն Զոհրաբյան, ձեր գնահատմամբ՝ «Հայաստան» դաշինքը կմիանա՞ գործընթացին:

– Այս պահի գնահատմամբ՝ դատելով նրանց հրապարակային խոսքից, կարծում եմ, որ կասեն՝ մեր ստորագրությունները սեյֆում դրված են, ու դրանով կինոն կավարտվի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am