Գնդերեցների ծառայության դադարեցումը քաղաքական ակցիա է․ Պապիկյանն աջակցում է իր շեֆին հակաեկեղեցական արշավում․ Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

– Տիկի՛ն Ալեքսանյան, երեկ հայտնի դարձավ պաշտպանության նախարարի հրամանը, որով բանակում դադարեցվում է Հայ Առաքելական Եկեղեցու նշանակած գնդերեցների ծառայությունը, իսկ նրանց հետագա գործունեությունը կազմակերպվելու է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

– Նման հրամանի ստորագրումը միանշանակ ցույց է տալիս պաշտպանության նախարարի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին հակաեկեղեցական այս արշավում՝ քաղաքական հետապնդման համատեքստում, քաղաքական ակցիա է, այսպես ասեմ: Ե՛վ այս հրամանն է ապօրինի, և՛ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած այդ գործողություններն են հակասահմանադրական, հակաբարոյական: Պաշտպանության նախարարն աջակցում է իր շեֆին՝ լուծարելով մի կայացած կառույց: Գնդերեցների այդ առաջնորդությունը, որն 90-ականների վերջին է հիմնվել՝ Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ու օրենքի ուժով հաստատվել է 2000 թվականին, լուծարվում է՝ առանց հաշվի նստելու զինվորականության հետ: 

Ես երկու տասնամյակից ավելի զբաղվում եմ զինծառայողների իրավունքներով ու շատ լավ գիտեմ, որ այդ կապը հոգևորականների հետ իսկապես հաստատված էր: Այս լուծարումը վնասելու է մեր զինվորներին, այն ապավինությունը, որն ուներ զինվորը բանակում գնդերեցների շնորհիվ: Սովորական օրերին ու հատկապես պատերազմի օրերին աննկարագրելի կարևոր էր գնդերեցների դերը զինվորի համար: Վերջին շաբաթներին մենք տեսանք, որ գնդերեցների նկատմամբ ճնշումներ են կիրառվում, տարբեր ահազանգեր լսեցինք, ի վերջո իշխանությունը որոշեց պատժել նրանց այս ձևով՝ հաշվի չառնելով, թե դրանից ովքեր են տուժում: 

Նիկոլ Փաշինյանի անձի պաշտամունքն այսպիսի զոհողություններ է պահանջում, բացի իրենց անձերից այս մարդիկ այլ մտածողություն չունեն: Գնդերեցների հավատարմությունը Քրիստոսին, Եկեղեցուն շատ գնահատելի է: Ասեմ, որ բացի զինվորներից, նրանց ծնողները ևս ապավինում էին գնդերեցներին, գիտեին, որ իրենց որդիները բանակում կարող են ապավինել գնդերեցներին, ու այդ կառույցն իսկապես զինվորի ոգին ամրացնող էր, շատ կարևոր էր զինվորի համար: Գնդերեցները զինվորի կողքին են եղել նաև պատերազմի օրերին, պատերազմից հետո՝ նրանց ընտանիքների կողքին, դա մխիթարություն էր զինվորների ընտանիքների համար: 

– Այս համատեքստում հոգևորականների ներկայությունը բանակում, ձեր կարծիքով, արդյունավետ և դրակա՞ն դեր է ունեցել։

– Այո՛, գուցե մինչև պատերազմը ես ակնհայտ նման կարծիք չունեի, բայց երբ պատերազմի ընթացքում բախվեցի այդ իրականությանը, պատերազմից հետո շփվեցի բազմաթիվ ընտանիքների հետ, հասկացա, որ շատ արդյունավետ է եղել գնդերեցների ներկայությունը զորամասերում: Խոսում են հոգեբանների մասին, տարիներ շարունակ բազմաթիվ քննարկումների եմ մասնակցել, որ զորամասերում պետք է հոգեբաններ լինեն, բայց դա այդպես էլ չիրականացվեց, շատ եզակի հոգեբաններ կան բանակում, բացի այդ, ես չեմ համեմատի հոգևորականների ծառայությունը հոգեբանների ծառայության հետ, հոգևորականի ներկայությունը, ծառայությունը զինվորի կյանքում շատ ավելին են: 

Պատերազմը մի կողմ թողնեմ, խաղաղ պայմաններում զոհված բազմաթիվ զինվորների ծնողներ ցույց են տվել իրենց որդիների օրագրերը, որտեղ կային նրանց աղոթքները, ծոցագրպաններում խաչեր կային, բազմաթիվ այլ վկայություններ կային, որ այդ հոգևորականի օրհնությունը, ներկայությունը կարևոր են եղել զինվորի համար: 

Բազմաթիվ դեպքեր ես գիտեմ, որտեղ երևում է զինվորի ամուր հավատը։ 

«Զինվորը 17-րդ դարի խաչքար է գտել Ջրականի մատուռից։ Տիգրանն ուսապարկով տեղափոխել է Ջրականի մատուռի խաչքարը, 13 օր ուսապարկը եղել է նրա մեջքին պատերազմի օրերին: Նա վիրավորվել է, ուսապարկը կորցրել, հետո այն գտել են Արցախի ռազմական ոստիկանները»․ գնդերեցների ծառայությունը այս արդյունքն է ապահովել: Պապիկյանը թող նույն ջանասիրությամբ բացահայտի ու փորձի վերացնել այն պատճառները, որոնց հետևանքով խաղաղ պայմաններում զինվորներ են զոհվում: Թող բանակի կրիմինալ մթնոլորտը փոխելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի: 

-Տիկի՛ն Ալեքսանյան, ձեր խոսքից կարելի՞ է ենթադրել, որ այս որոշումը պայմանավորված է գնդերեցների դիրքորոշմամբ, և եթե նրանք այլ կերպ արձագանքեին Եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներին, նախարարի հրամանը կարող էր չընդունվել։

– Վստահ եմ, որ այդպես էր լինելու: Այդ ամբողջ գործողությունները միտված էին իրենց կողմնակիցներ հայթայթելուն: Այս հրամանով նրանք բարոյալքում են բանակը: Ես վստահ եմ, որ Եկեղեցին չի տրվելու այս իշխանության տարատեսակ ճնշումներին, ուղղակի հիացմունքի է արժանի այս գնդերեցների պահվածքը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am