«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Արմեն Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարել է, որ Հայաստանում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ, որ ինքը ևս չունի արդարության զգացում: Ըստ նրա՝ այդ կապը վերականգնելու համար մեզ նախևառաջ պետք է Սահմանադրություն, որը «պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտում, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և, ցավոք, երբեք չենք ունեցել»։ Համակարծի՞ք եք Փաշինյանի այս մտքին:
– Իմ գիտակցական կյանքում լսած լավագույն ձևակերպումներից մեկը, որը շատ խոսուն է, մարտնչող տգիտություն ձևակերպումն է: Ես՝ որպես ընդդիմություն, եթե այսօր ասեի, որ արդարադատության որակից ու այլնից դժգոհ եմ, դա կընկալվեր նորմալ, բայց երբ պետության ութ տարվա վարչապետը, ութ տարվա թիվ մեկ պատասխանատուն խոսում է համակարգի չգոյության կամ անարդյունավետության մասին, դա արդեն խոսում է այն մասին, որ ինքը կա՛մ չի եղել պետության ղեկավար, կա՛մ չի պատկերացնում, թե ինչ բան է պետությունը:
Որևէ Սահմանադրություն մեղավոր չէ, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, իր ուղիղ ազդեցությունն է գործադրում դատական համակարգի վրա, որևէ Սահմանադրություն մեղավոր չէ, որ «Մարտի 1» քննած Մնացական Մարտիրոսյանը ոչ միայն չի հեռացվել դատական համակարգից, այլև պաշտոնի առաջխաղացում է ունեցել: Եվ ոչ մի Սահմանադրություն մեղավոր չէ, որ Մասիս Մելքոնյանի նման դակիչը աշխատում է դատական համակարգում և ունի դատավորի բարձր պաշտոն: Այնպես որ թող մեղքը չբարդի Սահմանադրության վրա, քանի դեռ իրենք իշխանության են, այդ արատավոր մեթոդները իրենք կիրառելու են՝ անկախ նրանից, թե ինչ Սահմանադրություն կա:
Երկրորդը՝ մի քիչ գրագետ մարդը կհասկանար, որ հաճախ չէ, որ արդարությունն ու արդարադատությունը նույնական են, որովհետև, օրինակ՝ լինում են որոշ դեպքեր, երբ արդար չեն, բայց դա չի նշանակում, որ արդարադատությունը ճիշտ չէ: Տեսեք. սեփականության իրավունքի պաշտպանությունը քաղաքացիաիրավական հարաբերությունների ու դատական համակարգի սրբություն սրբոցն է, ու դատական համակարգը պետք է պաշտպանի սեփականության իրավունքը, բայց շատ դեպքերում արդար չէ, երբ սեփականության իրավունքի պաշտպանության արդյունքում երեխաներ կամ զառամյալ ծերունիներ են մնում անտուն: Արդարադատության առումով ամեն ինչ ճիշտ է, արդարության առումով՝ իհարկե սխալ է:
Գրագետ մարդը կիմանար, որ արդարադատությունն ու արդարությունը զուգահեռներ են։
Հետևաբար, Փաշինյանի այդ ելույթը ես իհարկե գնահատում եմ որպես սիրողական մակարդակի, համակարգից ոչինչ չհասկացող մարդու ելույթ, սա առաջին հայացքից, բայց իրականում հիմա բոլորը մեղավոր են լինելու այսօրվա Սահմանադրության համար, ու հենց Սահմանադրությունն է մահացու մեղք գործել, որ ծնվել է երբևիցե, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա իր ադրբեջանական տերերի պահանջը կատարել, ու Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունվի:
Նիկոլ Փաշինյանն այս Սահմանադրության ընդունման ժամանակ «Ոչ»-ի շարժումը համարում էր արհեստական օրակարգ, բազմաթիվ անգամներ այս Սահմանադրությունը գովաբանել է, օգտագործել է՝ իհարկե շատ հաճախ խախտելով այն: Նիկոլ Փաշինյանին պետք է Սահմանադրություն, որտեղ ինքը կունենա Քրիստոսի լիազորությունները, ու որևէ մեկը չի կարողանա իրեն որևէ հարցում խոչընդոտել: Խոսքն ընդամենը այս մասին է:
– Ստացվում է, որ սա ևս մեկ պատճառ է ներկայացնում Փաշինյանը, որ մարդիկ համաձայնեն Սահմանադրության փոփոխությանը, մտածելով, թե այդ պարագայում իրենք կունենան արդարադատություն երկրում:
– Գուցե Սահմանադրության մեջ կան նպատակահարմարության հարցեր, ինչպես, օրինակ՝ հիմա էլ պնդում ենք, որ նպատակահարմար է Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգը երկու առաջնային մանդատներով, բայց դա չի նշանակում, թե կիսանախագահականը ավելի լավ համակարգ է, քան՝ խորհրդարանականը կամ հակառակը: Մենք, օրինակ՝ չենք ասում, որ 2008-ին դատական համակարգը չէր գործում, որովհետև Սահմանադրությունը վատն էր, մենք ասում ենք՝ 2008 թվականին քաղաքական իշխանությունները Սահմանադրության հերն անիծեցին ու դատական համակարգը կործանեցին:
Աշխարհում բազմաթիվ բռնատիրություններ են եղել՝ ամենատարբեր սահմանադրությունների ու կառավարման համակարգերի առկայության պայմաններում, ու այդ բռնատիրական կարգերի առկայությունը չէր կարող պայմանավորված լինել սահմանադրության վատ կամ լավ լինելով:
Նիկոլ Փաշինյանը երկու անգամ վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել՝ երկու անգամ էլ վարչապետի բոլոր լիազորություններն իրականացնելով: Նա հրաժարականից հետո պետք է թողներ պաշտոնը ու այլևս չզբաղեցներ վարչապետի պաշտոնակատարի դերը: Նա իրավունք չուներ պաշտոնակատար լինել, որովհետև հրաժարական տված վարչապետը թողնում է աշխատասենյակն ու հեռանում: Իսկ ինքը դրանից հետո ստեղծել է պայմաններ՝ նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
– Պարո՛ն Խաչատրյան, այս իշխանությունը գրեթե բոլոր հարցերում մատնանշում է ժողովրդի մասնակցության հարցը, ամեն բան ուզում է ուղիղ կապել ժողովրդի հետ, այ արդարադատություն իրականացնելու հարցում ժողովրդի հետ ուղիղ կապն ինչպե՞ս պետք է լինի:
– Խորհրդային ժամանակաշրջանում մենք ունեինք ժողդատավորներ, որոնց ընտրում էր ժողովուրդը՝ քվեարկության միջոցով, ես՝ որպես մասնագետ, կարող եմ սա հասկանալ: Մնացած բոլոր հնարավոր մեկնաբանությունները դեմագոգիա են: Ես չեմ հասկանում, թե ժողովուրդն ինչպես կարող է կապ ունենալ արդարադատության հետ, ժողովրդական վերահսկողություն նախաքննական մարմինների նկատմամբ չի լինում, դա դատախազը պետք է անի, դատախազի նկատմամբ չի ստացվում, դա վերադաս դատախազն ու դատարանը պետք է անեն, դատարանի նկատմամբ դա անում է եռաստիճան դատական համակարգը, որն ուղղորդվում է բացառապես օրենքներով: Աբսուրդ է դա, ի՞նչ է նշանակում ժողովրդի ու արդարադատության կապ: Երեկվա իր խոսքով ասելիքս եզրափակեմ. «Դա սուտ է, ու այդ սուտը պետք է հետևանք ունենա»:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















