«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը
– Պարո՛ն Հարությունյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ դատական համակարգում առկա մի շարք խնդիրների լուծումը հնարավոր չէ առանց նոր Սահմանադրություն ընդունելու։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Սահմանադրությունը փոխկապակցված արդարադատության հետ։
– Արդարադատությունը Սահմանադրության հետ բոլորովին կապ չունի, կամքի հետ կապ ունի, եթե իշխանությունը կամք է ունենում երկրում արդարադատություն ունենալ, ապա բավականին կարճ ժամանակում հնարավոր է դրան հասնել: Արդեն 7 տարուց ավելի է՝ իրենք իշխանության են ու այդ բնագավառում ոչ մի դրական քայլ չեն արել, ընդհակառակը՝ ժամանակին համընթաց դատարանները փորձել են մտցնել, որոշ առումներով նաև մտցրել են իրենց իշխանության ներքո, իրենց թելադրանքով վճիռներ են կայացնում, ինչպես նախկինում է եղել: Հետևաբար, եթե Հայաստանի քաղաքացի Նիկոլ Փաշինյանը ունի բողոքներ, ապա դրանք պետք է ուղղի միայն իրեն ու իրենից պատասխան պահանջի, ճիշտ այնպես, ինչպես մենք բոլորս՝ Հայաստանի քաղաքացիները:
– Եթե կապ չունեն միմյանց հետ, ապա ինչո՞ւ է դրանք ուղիղ կապում Նիկոլ Փաշինյանը:
– Որովհետև արդարացում է փնտրում, թե ինչո՛ւ ոչինչ չի արել, ու արդարացման այդ փնտրտուքների մեջ երևի առաջինը մտքին Սահմանադրությունն է եկել: Ցանկացած Սահմանադրության պարագայում հստակ արձանագրված է դատական իշխանության անկախությունը, արդարադատության պարտադիր հանգամանք լինելը, պետք չէ ունենալ նոր Սահմանադրություն, որպեսզի այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկվեն:
– Պարո՛ն Հարությունյան, ինչո՞ւ, Ձեր կարծիքով, հեղափոխությունից հետո իշխանությունը չդրսևորեց անհրաժեշտ քաղաքական կամք այդ ուղղությամբ։
– Որովհետև երբ իրենք տեղավորվեցին իշխանական աթոռների վրա, շատ արագ հասկացան, որ Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրությունը, նախկին իշխանությունների ոճը շատ ավելի հոգեհարազատ ու հարմար են իրենց, շատ ավելի են համապատասխանում իրենց ցանկություններին ու նկրտումներին, հրաժարվեցին այն բոլոր խոստումներից ու կարգախոսներից, որոնք տվել էին հեղափոխության օրերին:
– Վերջին շրջանում հատկապես շատ է խոսվում Հայաստանում խոսքի ազատության, ժողովրդավարության մասին, իշխանությունը պնդում է, թե Հայաստանում աննախադեպ է խոսքի ազատությունը, ընդդիմությունը՝ ընդհակառակը: Ձեր գնահատականը այս հարցի վերաբերյալ ինչպիսի՞ն է:
– Հայաստանում խոսքի ազատություն եղել է միշտ՝ և՛ 90-ականներին, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի օրոք մարդիկ միշտ էլ կարողացել են ազատ խոսել, այլ խնդիր է, որ այդ խոսքը տեղ չի հասել, ազատ խոսքն իր դերը չի կատարել, որովհետև խոսքի ազատությունը ինքնանպատակ չէ: Ազատ խոսքը պետք է պարտադրի իշխանություններին այս կամ այն քայլն իրականացնել: Այս պահին ես էլ հենց հիմա ազատ արտահայտվում եմ, ու դուք դա ազատ հրապարակելու եք, բայց դեր կկատարի՞ արդյոք ձեր հրապարակումը մարդկանց կամ պետական ծառայողների մտածողության մեջ: Սա՛ է խոսքի ազատության թիրախը:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, թե հիմա ավելի ժողովրդավար ենք, քան առաջ, ես այդքան էլ համաձայն չեմ, նախկինում էլ, ինչպես ասացի, կար դա: Նույնիսկ քաղաքական նպատակով մեկ հալածանքի դեպքը Հայաստանի համար այնքան շատ է ու այնքան անթույլատրելի, որ բոլորովին պետք չէ վերցնել ու թվաբանական հաշվարկ անել, թե մինչև 2018 թվականը քանի մարդ է դատապարտվել, հիմա այսքան, ուրեմն մենք ավելի ազատ ենք կամ պակաս ազատ ենք: Քանի կա մեկ հետապնդման դեպք, որին կարող ենք տալ քաղաքական երանգ, դա արդեն անթույլատրելի է ու աներևակայելի շատ է Հայաստանի համար:
-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են հիմնավորված այն պնդումները, որ Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն։
– Իհարկե, երևում է հատկապես տարբեր ճչացող գործերով: Իշխանության աջակիցները նույն գործողությունների համար հետապնդման չեն ենթարկվում, իսկ ընդդիմադիր հայացքների տեր մարդկանց պարագայում բոլորովին այլ պատկեր է: Սա արդեն խոսում է այն մասին, որ մենք չունենք արդարադատություն ընդհանրապես:
– Իսկ ձեր գնահատմամբ՝ դա արվում է իշխանության ուղիղ հրահանգո՞վ:
– Իմ կարծիքով՝ դա կազմակերպվել է, ու քանի որ արդարադատության համակարգն էլ սովոր է հրահանգներով աշխատելուն ու չեն էլ ձգտում ազատության, իրենք ուղղակի տեղավորվում են այն սահմաններում, որոնք իրենց համար գծում են իշխանությունները: Պարտադիր չէ, որ ամեն գործով զանգեն ասեն, թե ինչ անեն, նրանք գիտեն, թե ինչը ոնց անեն:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















