Մշակութային ցեղասպանություն և խաղաղության խաչմերուկ․ որտե՞ղ են հատման կետերը

Ապրիլի 24-ի նախօրեին հնչող ահազանգերը՝ Ստեփանակերտի սրբավայրերի ոչնչացման մասին, դարձյալ ալեկոծեցին հասարակության զգացմունքները, հայերի հետքը վերացնելու քաղաքականությունը խորը տրավմա է, որը պարբերաբար թարմացվում է։ Երբ խոսքը վերաբերում է մշակութային ժառանգությանը, հատկապես՝ հավատքի վայրերին, ցանկացած ոտնձգություն վերածվում է ինքնության դեմ ուղղված հանցագործության։

Մշակութային ժառանգության ոչնչացումը վաղուց արդեն ճանաչված է որպես հանցագործություն։ Որևէ ժողովրդի կամ էթնիկ խմբի մշակույթը ոչնչացնելու նպատակով իրականացված գործողությունները ազգային-մշակութային ցեղասպանություն են, ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է: 

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ավերումը տեղի է ունենում մի փուլում, երբ տարածաշրջանում խոսվում է «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։ Սակայն իրականությունն այլ ազդակներ է հաղորդում։ Եթե խաղաղության գործընթացին զուգահեռ շարունակվում է մշակութային հետքի համակարգված ոչնչացումը, ապա դա արդեն ոչ միայն հակասություն է, այլև վստահության բացակայության ուղիղ ցուցիչ։

Այս քաղաքականությունը ամենևին նոր չէ։ Դրա ամենաակնառու օրինակներից մեկը Նախիջևանն է, որտեղ 1998-2006 թվականներին Ադրբեջանի իշխանությունները կանխամտածված կերպով ոչնչացրել են հազարավոր հայկական խաչքարեր՝ հատկապես Հին Ջուղայի պատմամշակութային տարածքում։ Սակայն մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված բոլոր կոչերն ու դիմումները մնացին անպատասխան։ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո արված լուսանկարները վկայում են, որ հայկական գերեզմանոցի վայրում հրաձգարան է ստեղծվել։ 

2020 թվականի Արցախյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հայկական եկեղեցիների, մշակութային հուշարձանների ճակատագրի մտահոգությունը դարձավ օրակարգային, դարձյալ օրակարգային դարձավ ՅՈւՆԵՍԿՕ-ին ահազանգելը, և կազմակերպությունը հավաստիացրել էր, թե ներկայումս կազմակերպությունը աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի առաքելություն ուղարկի Լեռնային Ղարաբաղ՝ գնահատելու իրավիճակն ու պաշտպանելու մշակութային ժառանգությունը տարածաշրջանում։ 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո արդեն հայեր չեն ապրում այդ տարածքներում, ինչպե՞ս պետք է պաշտպանվի հայերի մշակութային ժառանգությունը։ 

Այսօր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման փաստով Հայաստանը միջազգային կառույցներին նույնիսկ չի էլ պատրաստվում դիմել, այդպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 23-ին։

ՀՀ վարչապետն ակտիվորեն խոսում է խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին, սակայն արդյո՞ք հնարավոր է արդար և կայուն խաղաղություն այն պայմաններում, երբ շարունակվում են նման գործողությունները։ Երբ մշակութային ժառանգության պահպանումը, որը նաև միջազգային կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ներքո է, չի ապահովվում, խաղաղության մասին խոսելն արդյո՞ք չի դառնում ձևական։

Ստեփանակերտի եկեղեցիները պարզապես ճարտարապետական կառույցներ չեն․ դրանք համայնքի հիշողությունն են, ինքնության անքակտելի մասը, իսկ ոչնչացումը նշանակում է փորձ ջնջելու մի ամբողջ ժողովրդի ներկայությունը տվյալ տարածքում։

Այս ֆոնին Հայաստանի իշխանությունների զգուշավոր արձագանքը ևս հարցեր է առաջացնում։ Երբ պետական մակարդակով չի ձևակերպվում հստակ դիրքորոշում, և միջազգային հարթակներում հարցը չի բարձրացվում, ստեղծվում է վակուում, որը լցվում է անպատժելիությամբ։ 

Հայաստանի իշխանությունների լռությունն ու աչք փակելը նման գործողությունների նկատմամբ անխուսափելիորեն ստեղծում են վտանգավոր նախադեպ, այն ոչ միայն քաջալերում է շարունակական վանդալիզմը, այլև բացում է դուռ հայկական մշակութային ժառանգության լիակատար և անխոչընդոտ ոչնչացման համար։

Երբ չկան պետական հստակ արձագանք և միջազգային հարթակներում հետևողական աշխատանք, հակառակ կողմը ստանում է ազդակ, որ կարող է առանց պատասխանատվության ենթարկվելու հիմնահատակ քանդել եկեղեցիներ, խաչքարեր, պատմական հուշարձաններ՝ վերացնելով հայկական ներկայության վերջին հետքերը։

Այս լռությունը ժամանակի ընթացքում վերածվում է ոչ միայն մշակութային կորստի, այլև քաղաքական պարտության, քանի որ ոչնչացված ժառանգությունը այլևս հնարավոր չէ վերականգնել, իսկ դրա հետ մեկտեղ մարում է նաև պատմական հիշողության իրավունքը, իրավունք, որն ընկած է իրական խաղաղության հիմքում։

Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի զիջումների արդյունք։ Այն պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի, իրավունքների պաշտպանության և մշակութային ժառանգության պահպանման վրա։ Հակառակ դեպքում մենք գործ ունենք ոչ թե խաղաղության, այլ լռության պարտադրանքի հետ։

Այսօր առավել քան երբևէ ակնհայտ է՝ խաղաղությունը, անկասկած, այլընտրանք չունի և մարդու հիմնարար իրավունք է։ Սակայն խաղաղությունը չի կարող գոյություն ունենալ առանց վստահության և պատասխանատվության։ Եվ քանի դեռ այդ պատասխանատվությունը չի կիսվում բոլոր կողմերի միջև, խաղաղության մասին խոսակցությունները մնում են անվստահելի, իսկ ապագան՝ անորոշ։

Զարուհի Հովհաննիսյան

MediaLab.am