Մի կետ էլ կարող են ավելացնել՝ ովքեր չեն ընտրում Նիկոլ Փաշինյանին, կկալանավորվեն. Կարապետյանցը՝ նոր նախաձեռնության մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նժար» սահմանադրական շարժման անդամ Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, օրենսդրական նոր նախաձեռնություն է շրջանառվում, ըստ որի վերջին վեց ամիսներին Հայաստանում մշտական բնակություն չունեցող անձը չի կարող մասնակցել երկրում ընտրական պրոցեսներին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս նախաձեռնությանը:

– Խիստ բացասական, մենք մեծ թվով մարդկանց այսպես թե այնպես զրկել ենք քվեարկությանը մասնակցելու իրավունքից, փաստացի Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տարբեր պատճառներով Հայաստանի տարածքից դուրս են գտնվում, ուղղակի զրկված են այդ հնարավորությունից, հիմա էլ նոր սահմանափակում են գտել: 

Անկեղծորեն այս փոփոխության տրամաբանությունը չեմ հասկանում, իրավիճակը, համակարգերը շտկելու փոխարեն մարդիկ նոր ձև են գտել՝ եկեք սահմանափակենք: Ավելի լավ առաջարկ ունեմ. բոլոր նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի թեզերին համաձայն չեն լինելու, նրան չեն գովերգելու, թող ընտրատեղամասում հարցում անցկացնեն ու ընտրատեղամասից դուրս հանեն: Մի կետ էլ կարող են ավելացնել՝ ովքեր չեն ընտրում Նիկոլ Փաշինյանին, կկալանավորվեն: 

– Նիկոլ Փաշինյանի անձո՞վ եք պայմանավորում օրենսդրական այս փոփոխությունը:

– Ես կարծում եմ, որ այս պահին իրենք հենց այդ խնդիրն ունեն: Իրենք անկեղծորեն հույս ունեն, որ Հայաստանում ժողովրդագրական վիճակը կարող է փոխվել, ու այս պրոյեկտները, որոնք Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն իրականացնում է, նոր արտագաղթի պատճառ են դառնալու: 

– Տիկի՛ն Կարապետյանց, իսկ համաձայն չե՞ք այն պնդումներին, որ, օրինակ՝ ով չի ծառայել բանակում, Հայաստանում չի ապրում, իրավունք չունի իշխանություն ձևավորել այն մարդկանց համար, որոնք մշտապես այստեղ են ապրում: 

– Հայաստանն ունի անհաշվելի թվով տարբեր կառույցներ, որոնք պետք է լուծեն տարբեր հարցեր, ու մենք՝ որպես հարկատուներ, կարելի է ասել՝ այդ բառադի կառույցները պահում ենք չգիտեմ թե ինչի համար: Այդ կառույցները թող իրենց բուն գործով զբաղվեն, թող ստեղծեն իրավիճակներ, որ մարդիկ չթողնեն ու երկրից գնան, չգնան օտար երկրների քաղաքացիություն ստանան, ինչը նաև այս իշխանության օրոք է հետևողականորեն շարունակվում: Եթե կան իրավախախտներ, ապա թող նրանց պատասխանատվության ենթարկելու հարց դնեն, այլ ոչ թե մարդկանց զրկեն ընտրելու իրավունքից: Չեմ կարծում, թե այս սահմանափակումը լավ գաղափար է: 

– Ժողովրդավար, խոսքի ազատության ջատագով երկրի համար որքանո՞վ է նորմալ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը:

– Մենք վաղուց արդեն ժողովրդավար երկիր չենք, Հայաստանում շատ վաղուց խոսքի ազատություն չկա, այն, որ տարբեր մարդիկ իրենց թույլ են տալիս անկանոն շարժումներ, խոսակցություններ ու բովանդակություն տարածել, դա խոսքի ազատության մասին չի վկայում: 

Հայաստանում խոսքի ազատություն չկա, անհոգ եղեք, ու ոչ մի բան էլ չի խախտվում այդ իմաստով: Մենք գնում ենք դեպի դիկտատուրա, ժողովո՛ւրդ ջան, ժողովրդավարության թեման Հայաստանում այլևս փակ է, մենք ունենք ժողովրդավարության փշրանքներ, բայց այս իշխանությունը ընտրությունների կեղծմամբ, սահմանադրական կանոնների խախտմամբ վերջնականապես ցույց տվեց, որ մենք չունենք ժողովրդավարություն: Հետևաբար այս համատեքստում մենք շատ կորցնելու բան չունենք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am