«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը
– Պարո՛ն Միսկարյան, Հայաստանում շարունակվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները, ընդդիմությունը սա բնորոշում է իբրև «աննախադեպ ռեպրեսիա», որ Նիկոլ Փաշինյանի կամքն է միայն գործում, իշխանության ներկայացուցիչներն էլ պնդում են, թե ամեն բան օրինականության տիրույթում է արվում: Կողմերից որի՞ տեսակետին եք համակարծիք, ի՞նչ է կատարվում իրականում:
– Երկուսն էլ ճիշտ են, մեծ հաշվով և՛ արդարադատությունը չի գործում, գործում է Նիկոլ Փաշինյանի կամքը, և՛ Նիկոլ Փաշինյանի կամքը գործում է ութ տարի ուշացած, բայց գործում է: Այսինքն՝ 2018-ի փոփոխությունները հստակ մանդատ էին՝ ժողովրդից, պետությունից թալանածը վերադարձնելու, ինչը ու այլ շատ բաներ չարեց Նիկոլ Փաշինյանը: Բայց այն, ինչ հիմա կատարվում է, ավելի շատ ես կուզենայի դիտել ու գնահատել հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից:
Հարցն այն է, որ մինչև Ադրբեջանի հետ փոխադարձ չհարձակվելու եզրեր գտնելը՝ ամերիկյան երաշխիքներով, Հայաստանը շարունակում էր ապավինել ռուսական «բարեգթությանը» և չէր ցանկանում նեղացնել Ռուսաստանին ու Ռուսաստանի կողմից Հայաստանում վստահված մարդկանց, ուժերին։ Մասնավորապես հիշում ենք, որ երբ մի անգամ ձերբակալել էին Ռոբերտ Քոչարյանին, Վլադիմիր Պուտինը հարկ համարեց դիվանագիտական լեզվով ասել, որ իրեն են վատություն անում այդ կերպ: Այդ ժամանակ չգիտեմ, թե ինչքանով էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը բխում Փաշինյանի ցանկությունից, բայց դատական համակարգը, բնականաբար, էլի պրոռուսական ուղղվածության էր, ու Ռուսաստանի հնչեցրած այդ մեսիջները իրենց հետևանքներն ունեցան:
Հիմա, այս ընթացքում որոշակի փոփոխություններ են եղել և՛ դատական համակարգում, և՛ իրավական համակարգում: Չէի ասի, որ այդ փոփոխությունները կարելի է շատ դրական գնահատել, բայց դրանք տեղաշարժ են, տեղաշարժ են ոչ թե արդարադատության կայացման տեսանկյունից՝ որպես դրական տեղաշարժ, այլ տեղաշարժ են պրոռուսական կապիտալի ազդեցությունից դուրս ու Նիկոլ Փաշինյանին լոյալ մարդկանցով:
Լավ է, թե վատ այն, ինչ տեղի է ունենում, ես կարծում եմ, որ ռուսական ազդեցությունից ազատվելու առաջին նախապայմանը ռուսական կապիտալը Հայաստանի տարածքից չեզոքացնելն է: Դրա դրսևորումն է, որ մենք հիմա տեսնում ենք՝ Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանն ուղղակի մարդիկ չեն, որոնք ցանկություն ունեն Հայաստանում իշխանության գալու, նրանք մարդիկ են, որոնք իրենց կապիտալն օգտագործում են ի շահ Ռուսաստանի ու ի վնաս Հայաստանի:
Այս տեսանկյունից՝ Հայաստանի շահերից է բխում այդ կապիտալի չեզոքացումը, իհարկե, Հայաստանի շահերից ավելի շատ կբխեր, եթե այդ կապիտալը չեզոքացվեր, ու այդ գումարը ծառայեր Հայաստանին, կամ ինստիտուտներն աշխատեին զուգահեռաբար, անկախ լինեին և այլն, ինչը դեռևս չկա, բայց դա չի նշանակում, թե այն սպառնալիքը, որը կա ռուսական կապիտալից, չպետք է չեզոքացնել, պետք է սպասել, որ արդար դատարան լինի, նոր դա անել:
– Նկատի ունեք, որ մենք 2018-ից հետո այս ամենը չտեսանք, որովհետև Նիկոլ Փաշինյանը անկախ չէ՞ր ռուսական ազդեցությունից:
– Այո՛, բառացի հենց այդպես էլ կա, ու այդ մասին հենց Նիկոլ Փաշինյանն է ասել, որ «մինչև 2022 թվականը ինքը Հայաստանի վարչապետ չէր, այլ ռուսական գուբերնիայի վարչապետ էր»: Այսինքն՝ ինքը սա գիտակցել է, հաշտ էր այդ մտքի հետ ու կատարում էր իր դերը՝ որպես գուբերնատոր, հիմա իրավիճակ է փոխվել, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին՝ որպես Հայաստանի լեգիտիմ ղեկավարի չի ընդունում, որովհետև Պուտինի համար լեգիտիմության միակ աղբյուրը Կրեմլն է: Այդ իսկ պատճառով Կրեմլը չի կարող հանդուրժել ցանկացածին, որը ոչ թե Ռուսաստանի հավանությամբ է նշանակվել Հայաստանում ղեկավար, այլ ժողովրդի կողմից է ընտրվել ու փորձում է պաշտպանել Հայաստանի շահերը, այլ ոչ թե՝ ռուսական կայսրության:
– Պարո՛ն Միսկարյան, որ ասացիք՝ լավ կլիներ, որ ռուսական կապիտալը չեզոքացվեր ի նպաստ Հայաստանի, ի՞նչ նկատի ունեիք:
– Այդ կապիտալը չի կարող աշխատել ի նպաստ Հայաստանի, որովհետև դա քաղաքական կապիտալ է, այդ մարդիկ, ինչպես հետխորհրդային շատ երկրներում, իրենց կապիտալը դիզել են ոչ թե արդար, մրցակցային տնտեսական միջավայրում, այլ՝ օլիգարխիկ համակարգում, որտեղ քաղաքական վերնախավն է հավանության արժանացրել այս կամ այն մարդու հարստանալը: Մենք գիտենք, որ մինչև 2022 թվականը Հայաստանում քաղաքական իշխանություն չի եղել, եղել է գուբերնիստական իշխանություն՝ իրենց տրամաբանությամբ, իրենց վարքով, ու այդ կապիտալը ձևավորվել է ռուսական քաղաքական շահերը սպասարկելու համար:
– Հիմա արձանագրո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության Հայաստանի վարչապետն է, ու Հայաստանն իսկապես անկախ է:
– Հայաստանը կլինի իսկապես անկախ, երբ Հայաստանում անկախ լինի դատական համակարգը, վարչապետի լիազորություններն այսքան անսահմանափակ չլինեն, ու իշխանությունը կախված չլինի մեկ անձի կամքից, որովհետև այն համակարգը, որի ճարտարապետն էր Սերժ Սարգսյանը իր թիմակիցներով, ոչ մի կերպ նախատեսված չէ ժողովրդավար և ուժեղ պետություն կառուցելու համար:
Հետևաբար, ասել, որ հիմա Հայաստանն անկախ է, ո՛չ, մենք շատ մեծ ռիսկերի առաջ ենք կանգնած, միայն այն, որ խորհրդարանում երկու ուժ կա՝ մեկը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար է այնտեղ, իսկ մյուսը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ռուսական իշխանությամբ փոխելու համար, դա նշանակում է, որ Հայաստանը՝ որպես սուբյեկտ, դեռ բավարար կայուն ձևավորված չէ ու ի վիճակի չէ ինքնուրույն կամ առանց մեծ ռիսկերի ու ցնցումների պաշտպանելու իր անվտանգությունը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















