«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը
– Պարո՛ն Պարսյան, արդեն մի քանի օր է՝ տարբեր շրջանակներում քննարկվում է Հայաստանում գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցը։ Այս համատեքստում ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարցազրույցներից մեկում հայտարարել է. «Աշխարհի վերջը չի լինի, Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը բարձրանա, Հայաստանը կարող է սպառել բարձր գնով գազ, Հայաստանի կառավարությունը պատրաստ է, Հայաստանի քաղաքացիները կունենան և՛ գազ, և՛ գազի փող, եթե դրա անհրաժեշտությունը լինի»։ Եթե գազի սակագինը բարձրանա, ի՞նչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։ Արդյոք այն շղթայական թանկացումների կհանգեցնի՞ երկրում։
– Գազի սակագնի բարձրացումը միայն գազի սպառողի համար լրացուցիչ վճարի հարց չէ։ Գազը տնտեսության բազմաթիվ ճյուղերի համար արտադրական ռեսուրս է՝ օգտագործվում է ջերմոցներում, սննդի արտադրության, արդյունաբերության մեջ, ծառայությունների ոլորտում, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության մեջ։ Հետևաբար, եթե գազի ինքնարժեքը բարձրանում է, տնտեսվարողների մի մասը փորձելու է այդ լրացուցիչ ծախսը տեղափոխել ապրանքի կամ ծառայության գնի վրա։ Այսինքն՝ շղթայական թանկացումների ռիսկը միանշանակ կա, թեև դրա չափը կախված կլինի գազի թանկացման տոկոսից և այն հանգամանքից, թե տվյալ ոլորտում գազը ծախսերի ինչ մասնաբաժին է կազմում։
Օրինակ՝ ջերմոցային տնտեսության համար գազի թանկացումը կարող է անմիջապես ազդել գյուղմթերքի ինքնարժեքի վրա, իսկ արդյունաբերության դեպքում՝ արտադրանքի ինքնարժեքի վրա։ Հետագայում այդ թանկացումը կարող է փոխանցվել նաև մանրածախ շուկա։
Միևնույն ժամանակ չպետք է ասել, որ գազի 10 տոկոս թանկացումը ավտոմատ կերպով բոլոր ապրանքների 10 տոկոս թանկացում է նշանակում։ Գազի գնի աճի ազդեցությունը տարբեր ոլորտներում տարբեր է։ Ամենախոցելին, իմ գնահատմամբ, լինելու է ցածր եկամուտ ունեցող ընտանիքը, որովհետև նրա ծախսերի ավելի մեծ մասն է ուղղվում էներգակիրներին և առաջին անհրաժեշտության ապրանքներին։ Ուստի «գազի գինը կբարձրանա, բայց դա Հայաստանի կործանմանը չի բերի» ձևակերպումը տնտեսական առումով կարող է ճիշտ լինել միայն այն իմաստով, որ մեկ առանձին թանկացումը պետության համար աղետ չէ։ Բայց դա չի նշանակում, թե դրա հետևանքները քաղաքացիների և բիզնեսի համար էական չեն լինելու։
– Հայաստանն ունի՞ ռուսական գազին այլընտրանք, որքանո՞վ է այդ այլընտրանքը հուսալի։
– Այո՛, այլընտրանք կա, բայց այսօր այն լիարժեք և նույնքան հուսալի այլընտրանք չէ։ Առաջին և ամենաիրատեսական ուղղությունը Իրանից բնական գազի ներկրումն է։ Հայաստանը 2009 թվականից Իրանից գազ է ստանում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» մեխանիզմով։ 2025 թվականին Իրանից Հայաստան ներմուծվել է մոտ 476 մլն խմ գազ՝ ընդհանուր ներմուծման 17.6 տոկոսը։
Միաժամանակ գնահատվում է, որ համապատասխան ենթակառուցվածքների արդիականացման և ճնշման ավելացման դեպքում Իրան-Հայաստան գազատարը կարող է տեսականորեն ապահովել տարեկան մոտ 2 մլրդ խմ, այսինքն՝ մոտավորապես այն ծավալը, որը Հայաստանը ստանում է Ռուսաստանից։ Սակայն այստեղ կարևոր տարբերակում կա։ Տեխնիկական հնարավորություն ունենալը դեռ չի նշանակում ունենալ լիարժեք փոխարինող։ Անհրաժեշտ են՝ գազատարի թողունակության մեծացում, անհրաժեշտ ներդրումներ, երկարաժամկետ պայմանավորվածություններ Իրանի հետ, վճարային և առևտրային մեխանիզմների կայունություն և, իհարկե, գազի մրցունակ գին։
Այս առումով Իրանը Հայաստանի համար շատ կարևոր դիվերսիֆիկացման ուղղություն է, բայց ես չէի ասի, որ այսօր Հայաստանը կարող է մեկ օրում ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից և նույն ծավալը առանց խնդիրների փոխարինել իրանականով։ Ավելին՝ ռազմավարական առումով Հայաստանի նպատակը չպետք է լինի պարզապես «Ռուսաստանից կախվածությունը փոխարինել Իրանից կախվածությամբ»։ Ճիշտ քաղաքականությունը մատակարարումների դիվերսիֆիկացումն է։ Այսինքն՝ որքան շատ լինեն տարբեր աղբյուրները, այնքան ավելի ուժեղ կլինի Հայաստանի բանակցային դիրքը։
– Պարո՛ն Պարսյան, երբ հայտարարում են, թե պետությունը կհոգա այդ թանկացումը, ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է այդ պնդումը իրատեսական, եթե նկատի ունենանք, որ Կառավարությունը վերջերս հայտարարեց նոր վարկ վերցնելու մասին, որպեսզի կարողանա բյուջեում առկա խնդիրները լուծել։ Ի՞նչ միջոցներով են սուբսիդավորում իրականացնելու:
– Այստեղ ամենակարևոր հարցն այն է՝ ո՞ր միջոցներով է պետությունը պատրաստվում հոգալ այդ տարբերությունը։ Պետությունը սեփական միջոցներով չի ստեղծում այդ գումարը։ Եթե կառավարությունը որոշում է, որ քաղաքացին կամ տնտեսվարողը չի վճարելու գազի ամբողջ թանկացման չափը, ապա տարբերությունը պետք է ինչ-որ տեղից ֆինանսավորվի։ Գործնականում հնարավոր են մի քանի աղբյուրներ. 1. պետական բյուջեից ուղղակի սուբսիդավորում, 2. բյուջեի այլ ծախսերի կրճատում և այդ միջոցների վերաբաշխում, 3. պետական պահուստային միջոցների օգտագործում, 4. հարկային լրացուցիչ եկամուտների ուղղում այդ նպատակին, 5. կամ, ծայրահեղ դեպքում, նոր պարտքի ներգրավում։
Եթե սուբսիդավորումը լինի ժամանակավոր և թիրախավորված, օրինակ՝ սոցիալապես խոցելի ընտանիքների համար, դրա ֆինանսական բեռը կառավարելի է։ Բայց եթե կառավարությունը փորձի բոլորի համար և երկար ժամանակ պահել արհեստականորեն ցածր գին, ապա առաջանում է երկու խնդիր։ Առաջինը՝ բյուջետային բեռը։ Որքան երկար պետությունը սուբսիդավորի գազը, այնքան ավելի մեծ գումարներ են անհրաժեշտ լինելու։
Երկրորդը՝ սխալ տնտեսական ազդանշանը։ Եթե իրական ինքնարժեքը բարձրացել է, բայց սպառողին պետությունն անընդհատ պահում է հին գնով, ապա սպառողը չի ստանում էներգախնայողության ճիշտ ազդանշան, իսկ պետությունը ստանձնում է աճող ֆինանսական պարտավորություն։ Ուստի ես ավելի տրամաբանական կհամարեի ոչ թե համատարած սուբսիդավորումը, այլ թիրախային սոցիալական աջակցությունը։
Օրինակ՝ անապահով ընտանիքների համար գազի սակագնի աճի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում, իսկ մնացած սպառողների դեպքում՝ շուկայական գնի աստիճանական փոխանցում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















