Երևանյան շոգը խեղդելու հայ հովեկների նախասիրությունները դեպի Թուրքիայի Անթալիա այս տարի նախորդ տարվա համեմատությամբ լուրջ դիմադրությունների է հանդիպել` ըստ մասնագետների վիճահարույց հայ-թուրքական հարաբերությունների և ապրիլի սկզբին դե ֆակտո սառեցված «ֆուտբոլային դիվանագիտության» ֆոնի վրա:
«Այստեղ կամ այնտեղ հանգստանալու մարդկանց որոշման վրա ամեն բան էլ կարող է ազդեցություն ունենալ, իսկ ստեղծված իրավիճակում Թուրքիայի ափերը իրոք խոցելի են: Բիզնեսը չպետք է քաղաքականության հետ կապ ունենա, բայց այս դեպքում շաղկապված է»,- «Մեդիալաբին» ասում է Անթալիա տուրեր իրականացնող ամենամեծ` «Թեզ տուր» տուրիստական ընկերության Հայաստանի գրասենյակի տնօրեն Նարինե Դավթյանը:
Դավթյանն ասում է, որ առաջարկների և փաթեթների առումով Անթալիան մնում է ամենագրավիչներից մեկը, սակայն նաև նշում է, որ քաղաքական զարգացումները և հասարակական տրամադրվածությունը բացասաբար են ազդել զբոսաշրջիկների` մինչև նախորդ տարի ամենամյա 30-40 տոկոսով աճող ցուցանիշներր վրա:
«Շաբաթական մենք երեք չարտերային թռիչք ենք իրականացնում Թուրքիա, սակայն հանգստի շրջանի սկզբում մեր ակնկալիքներն ավելի մեծ էին: Մի կողմից հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը, մյուս կողմից` հանրային կարծիքն ու տրամադրվածությունը իրավիճակի վրա, ինչ խոսք, ազդում են»,- ասում է նա:
Մեկ այլ` First Travel զբոսաշրջության գործակալության տնօրեն Կարեն Անդրեասյանը հանգստի սեզոնի սկզբին այն ընկերությունների շարքում էր, որոնք բոյկոտեցին Անթալիայի ուղղությունները` հրաժարվելով այդ ուղղությամբ փաթեթներ վաճառել: Անդրեասյանն ասել էր, որ վստահ չէ, թե ներկա քաղաքական իրավիճակում հայ զբոսաշրջիկներն ապահով են Անթալիայում:
«Կոչ եմ անում բոլորին բոյկոտել Անթալիան»,- հայտարարել էր Անդրեասյանը:
Հարաբերությունների պաշտոնական սառեցումից հետո սառը նոտաներ նկատվեցին մինչ այդ ջերմությամբ հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձող ԶԼՄ-ների և հատկապես Հանրային հեռուստաընկերության տեսանյութերում, իսկ մի քանի ամիս առաջ տեղական արտադրողներից մեկի գովազդային տեսահոլովակն ուղղակիորեն հորդորում էր սպառողներին` հրաժարվել թուրքական ծագում ունեցող ամեն ինչից:
Թուրքագետ, վերլուծաբան ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը սակայն ասում է, որ Հայաստանի իշխանությունների և ԶԼՄ-ների վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ ոչ մի կերպ չի կարելի ագրեսիվ բնութագրել:
«Մենք պիտի հաշիվ տանք, թե ինչ է տեղի ունենում: Փորձ եղավ կարգավորելու հարաբերությունները, և Թուրքիան դրան էլ ընդառաջ չգնաց, չնայած Հայաստանի իշխանությունների բազմաթիվ քայլերին»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆրաստյանը:
Նա ասում է, որ մարդիկ ստեղծված իրավիճակում կրկին «հուսախաբ են եղել»:
30-ամյա բանասեր Վարդան Հակոբյանն ասում է, որ իր համար Թուրքիայում խնայած փողերը ծախսող հայերը «դավաճաններ» են: Նրա խոսքով` այդ մարդիկ իրենց տատերի հիշատակը ոտնակոխ տվողներ են, որոնք ուրանում են Հայոց ցեղասպանությունը:
«Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք այս ամենից հետո կարող են խոսել հայ-թուրքական բարեկամության կամ, որ ավելի վատ է, գնան ու զարգացնեն մի երկրի զբոսաշրջությունը, որը քո թշնամին է,- «Մեդիալաբին» ասում է 70-ամյա թոշակառու Երևանի բնակիչ Մաթևոս Մկրտումյանը: – Հայը թուրքից ե´րբ ա խեր տեսել, որ հիմա էլ հավատում ա»:
37-ամյա ծրագրավորող մի կին, որ չցանկացավ իր անունը հրապարակել, ասում է, որ պետք չի հանգիստն ու քաղաքականությունն իրար խառնել:
«Իմ պապերն էլ Արևմտյան Հայաստանից գաղթել են Սիրիա, ապա` Հայաստան, բայց ես չեմ ուզում այդ խառնել իրար: Անթալիայում հանգիստն ինձ շատ դուր եկավ, չնայած, խոստովանեմ, շատ դեպքերում փորձում էի մոռանալ, որ Թուրքիայում եմ…»- ասում է նա:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի զարգացումներից մարդիկ չէին կարող հուսախաբ չլինել:
«Մարդիկ ավելի մեծ սպասումներ ունեին և հերթական անգամ համոզվեցին, որ Թուրքիայի նման երկրից որևէ սպասում ունենալն անօգուտ է, այդ ամենը չէր կարող չանդրադառնալ մարդկանց տրամադրվածության վրա»,- «Մեդիալաբին» ասում է Ադիբեկյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնարկած «ֆուտբոլային դիվանագիտությունը», որի արդյունքում անցյալ տարվա հոկտեմբերին Ցյուրիխում երկու երկրների միջև ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրություններ, պաշտոնապես սառեցվեցին ապրիլի վերջին:
«Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակելու և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվելու,- հայտարարեց նախագահ Սարգսյանը` նշելով, թե «այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված»:
Թուրքական Անթալիան, որը մի քանի տարի է, չնայած ազգայնականների բուռն կոչերին և ամեն քայլափոխին փակցված զգուշացումներին` Թուրքիա հանգստի չմեկնելու, անցյալը հիշելու ու «թուրքական բանակը չզինելու» հորդորներին, անհողդողդ էր, իսկ Թուրքիա մեկնողների թիվը տարեցտարի ավելանում էր, այս տարի զիջել է առաջատարի դիրքերը: Ամռան ամիսներին Երևանն այլևս ողողված չէր Անթալիայում հանգիստը գովաբանող պաստառներով, եղածներն էլ խիստ համեստ էին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Մարի Գրիգորյանն ասում է, որ Թուրքիա մեկնողների մասին պաշտոնական տվյալներ չկան դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, սակայն շեշտում է, որ ի հակառակ տուրիստական գործակալությունների սպասումների, ակնկալիքներն հաստատ մեծ չեն եղել:
«Տրամադրությունները փոխվել են, և այստեղ խոսել միայն զբոսաշրջության մասին ճիշտ չէ: Քաղաքական զարգացումները, ուզենք թե չուզենք, չէին կարող հետք չթողնել այս ոլորտի վրա»,- «Մեդիալաբին» ասում է Մարի Գրիգորյանը: – Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն դա ազդեցություն ունենում է մարդկանց տրամադրությունների և նախապատվություններ վրա: Մենք պիտի ամեն առիթ օգտագործենք ներգնա տուրիզմը զարգացնելու և գրավիչ դարձնելու ուղղությամբ»:
Մարի Ներսեսյան
© Medialab.am