ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հերքո՞ւմ է ԱՄՆ փոխնախագահին. վերլուծաբանը համոզված է, որ «պարզաբանումները» հնարավոր միջազգային սկանդալը հարթելու միտում ունեն

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ԶԼՄ-ներին պարզաբանում է ուղարկել օրերս ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ համացանցում հայտնված տեսանյութի կապակցությամբ և հայտարարել է, թե «նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի թիվ 252 բանաձևի դիտարկումը»:
ՌԱՀԿ փորձագետ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանության պարզաբանումները ավելի շատ հնարավոր միջազգային սկանդալը հարթելու համար են արվել:
«Իմ կարծիքով` նրանք ուղղակի չցանկացան, որ սկանդալ հասունանա, և հենց այդ պատճառով էլ նման բովանդակությամբ հայտարարություն տարածեցին: Ըստ իս` սա հնարավոր շահարկումները և սկանդալները հարթելու կամ չեզոքացնելու փորձ էր»,- նշեց Մանվել Սարգսյանը:

Մի քանի օր առաջ համացանցում հայտնված սկանդալային տեսանյութում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, խոսելով հայ երիտասարդի հետ, հակառակ պնդումն է արել:

«Ձեր համայնքին պետք է փոխանցեք, որ մենք չենք նահանջում: Թուրքերը պետք է ընդունեն իրողությունը: Եվ այն, ինչ մենք անում ենք, դուք գիտեք, փոխզիջում է, որը տեղի էր ունենում և որոշ ժամանակ գործում էր… Ասա´ նրանց, որ Հայաստանի նախագահն էր, որ ինձ զանգահարեց և ասաց` հիմա մի´ թեժացրեք այս հարցը, քանի դեռ բանակցություններ են ընթանում: Ուստի մենք կանգ առանք: Հիմա դա անցյալում է: Ամեն դեպքում, իրողությունը սովորաբար բացահայտվում է»,- տեսանյութում հայ երիտասարդին էր ասում Ջո Բայդենը:

ԱՄՆ դեսպանության պարզաբանման մեջ, սակայն, նշվում է, թե «փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009 թվականի ապրիլին երկու անգամ խոսել են: Այս խոսակցությունների ընթացքում փոխնախագահն ասել է նախագահ Սարգսյանին, որ Միացյալ Նահանգները հավատում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը ճանապարհ կհարթեն Հայաստանի ավելի լավ ապագայի համար, և հայտնել է Միացյալ Նահանգների աջակցությունը նրա առաջնորդության համար»:

Ըստ պարզաբանման` փոխնախագահը հայտնել է Օբամայի վարչակազմի աջակցությունը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի վերաբերյալ հայ-թուրքական համատեղ հայտարարության մասին Շվեյցարիայի առաջարկին:

«Նախագահ Սարգսյանը չի խոսել նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը: Ընդհակառակը` փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին: Երկու ղեկավարները համաձայնել են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»,- ասվում է ԱՄՆ դեսպանության պարզաբանման մեջ:

Մինչ այդ հերքմամբ էր հանդես եկել նաև Հայաստանի նախագահականի լրատվական ծառայությունը` նշելով, թե ՀՀ նախագահը երբևէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հաղորդագրության համաձայն` Բայդենի նախաձեռնությամբ 2009 թ. եղել է երկու հեռախոսազրույց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրվող արտահայտությունն ուղղակի կամ անուղղակի:

«Հակառակը` բոլոր հանրային ելույթներում և պաշտոնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը և կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցություններով»,- ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը:

Հայաստանի նախագահի լրատվական ծառայությունը նաև նշել էր, թե վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ փոխնախագահի բոլոր պաշտոնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրությունները, «ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտոնապես տալիս է իր համաձայնությունը` հրապարակելու նշված հեռախոսազրույցի ձայնագրությունը»:

Չնայած հայկական կողմի պաշտոնական համաձայնությանը` Ջո Բայդենի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցների սղագրությունները և ձայնագրությունները Միացյալ Նահանգների կողմից դեռ չեն հրապարակվել:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am