Ֆուկուշիմայից հետո. իշխանությունները պնդում են, որ Մեծամորի հնացող ատոմակայանը բավականաչափ սեյսմակայունություն ունի

Ֆուկուշիմայից հետո. իշխանությունները պնդում են, որ Մեծամորի հնացող ատոմակայանը բավականաչափ սեյսմակայունություն ունի
Ֆուկուշիմայից հետո. իշխանությունները պնդում են, որ Մեծամորի հնացող ատոմակայանը բավականաչափ սեյսմակայունություն ունի

Ճապոնիայում` Ֆուկուշիմայի ատոմակայանում տեղի ունեցած աղետը կրկին վեր հանեց Կովկասի միակ` Մեծամորի ատոմակայանի հետ կապված մտահոգությունները: Հայաստանյան բնապահպանները ահազանգում են` ատոմակայանը հին է, իսկ իրենք չունեն հստակ տեղեկություններ նրա վիճակի մասին:
«ԷկոԼուր» հասարակական կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանն ասում է, որ իրենց մտահոգում են Հայաստանի կառավարություն այն հայտարարությունները, թե Մեծամորի ԱԷԿ-ը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ նորը չի կառուցվել:
«Աշխարհում Ճապոնիան համարվում էր երկրաշարժերին ու միջուկային աղետներին դիմագրավելու ամենաունակ երկրներից մեկը: Բայց տեսա՞ք ինչ եղավ», – հարցնում է Զարաֆյանը:

Այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով վնասվեցին «Ֆուկուշիմա-1» ատոմակայանի մի շարք ռեակտորների սառեցման համակարգերը, որի հետեւանքով գերտաքացում, պայթյուններ եւ ռադիացիայի արտահոսք էր տեղի ունեցել:

1986 թվականի Չեռնոբիլի աղետից ու 1988 թվականի Հայաստանի հյուսիսում` Մեծամորի ԱԷԿ-ից մոտ 120կմ հեռավորության վրա, տեղի ունեցած ուժգին երկրաշարժից (էպիկենտրոնում, ըստ Ռիխտերի սանդղակի, գրանցվել էր 10 բալ, 20-րդ դարի ամենամահաբերներից մեկը, որի հետեւանքով զոհվեց շուրջ 25 000 մարդ) հետո, ինչպես նաեւ բնապահպանական ճնշման արդյունքում 1989 թվականին Մեծամորի ԱԷԿ-ը փակվեց:

Սակայն Խորհրդային Միության փլուզման ընթացքում եւ փլուզումից հետո շարունակվող տնտեսական ճգնաժամը, պատերազմը Ադրբեջանի հետ եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը պատճառ հանդիսացան, որ 1990-ականների սկզբներին Հայաստանը մի քանի ձմեռ անցկացրեց ցուրտ ու մութ պայմաններում: Ի վերջո` ԱԷԿ-ի երկրորդ ռեակտորը, որը համեմատաբար նոր է ու էլեկտրաէներգիա սկսել է արտադրել 1980-ից, վերագործարկվեց 1995-ին: Ներկայում Մեծամորի ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը:

Մեծամորի ատոմակայանը պետք է փոխարինվի նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված ատոմակայանով, սակայն ըստ Զարաֆյանի` «նորի կառուցման ժամկետները հստակեցված չեն, մինչդեռ շատ փորձագետների կարծիքով` Մեծամորի ԱԷԿ-ի ռեակտորների պիտանելիության ժամկետը եթե չի էլ սպառվել, ապա ընդհուպ մոտեցել է դրան: Սա նշանակում է, որ մենք գործ ունենք ամեն օր մեզ սպասող ռիսկի հետ»:

Նրա խոսքերով` Մեծամորի ատոմակայանի ռեակտորների եւ, հատկապես, դրանց արդիականացման վերաբերյալ շատ քիչ տեղեկատվություն կա:

«Մեզ ասում են, որ կա արդիականացում, սակայն մանրամասները մենք չգիտենք: Օրինակ, ի՞նչ տեխնոլոգիաներով է արդիականացվել: Մեզ ասում են` լավ է ամեն ինչ, փոխված է, բայց միայն խոսքերով չի կարելի բավարարվել, չկան մանրամասները, թե ահա այս սարքն է փոխված եւ այլն: Սրանք շատ կարեւոր տեղեկություններ են ու շատ կարեւոր հարց է, եւ մենք չգիտենք այդ մասին», – հավելում է Զարաֆյանը:

Մինչդեռ, 1973 թվականին հիմնադրված ու ներկայում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կազմում գործող Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը համամիտ չէ բարձրաձայնվող մտահոգությունների հետ:

«Հայաստանի կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում ԱԷԿ-ի անվտանգությունն անհրաժեշտ մակարդակի պահելու համար: Բացի այդ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կողմից պահանջներ կան, որոնք վերաբերում են ԱԷԿ-ի անվտանգության ապահովմանը եւ արդիականացմանը: Պետք է ասեմ, որ ԱԷՄԳ պահանջներից չկա որեւէ կետ, որ Հայաստանը կատարած չլինի: Ի վերջո, ԱԷԿ-ն այնպիսի օբյեկտ է, որի նկատմամբ պետք է ամենօրյա ուշադրություն ու աշխատանք, եւ դա մենք անում ենք արդեն մի քանի տասնամյակ»,- հավաստիացնում է Պետրոսյանը:

Սեյսմիկ ռիսկերի առնչությամբ Պետրոսյանը նշում է. «Սեյսմիկ առումով Մեծամորի ԱԷԿ-ի կառուցման տեղը ճիշտ է ընտրվել, որովհետեւ այդ հատվածում առկա է բազալտի հաստ շերտ, եւ հաշվարկված է, որ երկրաշարժի դեպքում այն մոտավորապես 1,5 բալով կթուլացնի ցնցումների հզորությունը, ինչն էլ նշանակում է, որ Հայաստանի այդ հատվածում 8 բալից ավելի հզոր երկրաշարժի հավանականությունը շատ փոքր է»:

Ավելին, Պետրոսյանը հավելում է, որ իր գլխավորած ինստիտուտը մշակել ու Մեծամորի ԱԷԿ-ում տեղադրել է հակասեյսմիկ պաշտպանության հատուկ համակարգ. «Եվ եթե տեղի ունենա ԱԷԿ-ի աշխատանքը վտանգի տակ դնող երկրաշարժ, համակարգը այն անմիջապես գրանցում է եւ հրաման է ուղարկում ռեակտորին, որ այն անջատվի»:
«Նշեմ նաեւ, որ բոլոր սարքավորումներն ունեն ճապոնական ժամանակակից հիդրոամորտիզատորներ, որոնք երկրաշարժի ժամանակ հարվածն իրենց վրա են վերցնում, թույլ չեն տալիս, որ ԱԷԿ-ն ուժեղ տատանվի»:

Զարաֆյանի խոսքերով, սակայն, մտահոգիչ է ոչ միայն ԱԷԿ-ի, այլեւ ատոմակայանում օգտագործված միջուկային վառելիքի հարցը, որն օգտագործումից հետո դառնում է միջուկային թափոն.

«Մենք չենք կարողանում թափոնները դուրս բերել Հայաստանից, որովհետև չկա երկաթգծային կապ արտաքին աշխարհի հետ: Այդ թափոնները կուտակվում են մեր երկրում: Ճիշտ է, նրանք պահվում են հատուկ պահեստարաններում, սակայն այդ պահեստարանները գետնի տակ են: Այսօր ոչ ոք չի կարող հաստատապես ասել, թե երկրաշարժի դեպքում ի՞նչ կլինի այդ պահեստարանների հետ եւ արդյոք ռադիացիայի արտահոսք չի՞ լինի, որն էլ ստորգետնյա հոսող ջրերի միջոցով կտարածվի այլ շրջաններ»:

Այլ մասնագետներն առանձնացնում են նաեւ ԱԷԿ-ի հնարավոր վթարի դեպքում բնակչության պաշտպանության խնդիրը:

«Հարց է, թե Հայաստանի անվտանգության համակարգն ինչքանո՞վ է պատրաստ: Եթե դիտարկենք երկրները երկրաշարժի կամ միջուկային վտանգի դեպքում, ապա պարզ նշաններից կարող ենք դատել, թե տվյալ երկիրն ինչքան է նախապատրաստված նման աղետներին: Օրինակ, դպրոցներում կրթական ծրագրերի միջոցով նախապատրաստում են, թե ինչ անել երկրաշարժի դեպքում: Հայաստանում դա գտնվում է շատ անմխիթար վիճակում: Փաստացի չի գործում քաղաքացիներին բնական ու տեխնածին աղետների մասին զգուշացնող համակարգը: Կարծում եմ` Հայաստանի կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի նման աղետների դեպքում բնակչությանը փրկելու ծրագրի վրա»,- ասում է

Հայաստանի անվտանգությանն առնչվող խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Մինչդեռ, Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Բնակչության եւ տարածքների պաշտպանության վարչության պետ Հովհաննես Եմիշյանի խոսքերով` 2005 թվականին կառավարությունը հաստատել է բնակչության պաշտպանության գործողությունների ծրագիրը, որը ժամանակի ընթացքում արդիականացվում է:

«Այդ ծրագրով կանոնակարգվում են փրկարարական աշխատանքները, թե պետական որ մարմինները ինչ խնդիրներ պետք է լուծեն: Եվ համակարգելու է այդ ողջ աշխատանքը (օրինակ` բնակչության պատսպարում, տարահանում, կենսապահովման խնդիրների լուծում, ճառագայթման մոնիթորինգ եւ այլն) Արտակարգ իրավիճակների նախարարությունը», – նշում է Եմիշյանը:

Արմեն Պողոսյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)