«Եթե հարեւանները օգնության չհասնեին, տատիկս հիմա մահացած կլիներ». Թուրքիայում հաճախակի են դարձել հարձակումները հայկական բնակչության վրա

«Եթե հարեւանները օգնության չհասնեին, տատիկս հիմա մահացած կլիներ». Թուրքիայում հաճախակի են դարձել հարձակումները հայկական բնակչության վրա
«Եթե հարեւանները օգնության չհասնեին, տատիկս հիմա մահացած կլիներ». Թուրքիայում հաճախակի են դարձել հարձակումները հայկական բնակչության վրա

Ստամբուլի ոստիկանությունը բացատրում է հարձակման դեպքերը որպես սովորական կողոպուտի փորձեր, սակայն կասկածներ են հնչում, որ տեղի ունեցածն այլատյացության դրսեւորում է:
Տարեց հայերի նկատմամբ վերջերս Ստամբուլում կատարված հարձակումների դեպքերը ստիպում են իրավապաշտպաններին ենթադրել, որ վերջին տարիներին Թուրքիայում գլուխ է բարձրացնում ազգայնականությունը:
87 տարեկան հայ կնոջ վրա կատարված հարձակման արդյունքում վերջինս կորցրել էր աչքը, իսկ 85-ամյա Մարիցա Քյուչուկի սպանությունը թուրքական թերթերում ներկայացվել էր որպես կողոպուտի սովորական դեպք 2012-ի դեկտեմբեր ամսին: Հարձակումները շարունակվեցին նոր տարվա հունվարին. 80-ամյա Սուլթան Այքարը հարեւանների օգնությամբ հազիվ փրկվեց մահից`նույնպես զրկվելով աչքից: Հարձակումները դեռ շարունակվում են, սակայն որոշ դեպքերում զոհերը վախից չեն խոսում, իսկ մյուսները քողարկվում են:

«Եթե հարեւանները օգնության չհասնեին, տատիկս հիմա մահացած կլիներ, բերանը լցված էր արյունով եւ վախից չէր կարողանում խոսել», – Ստամբուլից հեռախոսազրույցի ընթացքում պատմեց Այքարի թոռնուհին`Կարին Էթիկը:

Սամաթիան, որտեղ տեղի են ունենում այս ողբերգական իրադարձությունները, Ստամբուլի օսմանյան գրավումից հետո ամենահայաշատ թաղամասն էր եւ հենց այնտեղ է գտնվել նաեւ Հայոց Պատրիարքարանի առաջին նստավայրը դեռ 1461թ: Սամաթիայում ապրում էր հայության հիմնականում միջին խավը, արհեստավորներ, մանր առեւտրականներ, ձկնորսներ, որոնց դեռ 1880թթ. ուշադրություն է դարձրել մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանն իր “Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ” ստեղծագործությունում`Սամաթիային նվիրելով երկու գլուխ:

Մինչեւ վերջին դեպքերը, Սամաթիան համարվում էր ջերմ հարեւանության թաղամաս, որտեղ հայերը, քրդերն ու թուրքերը ապրում էին բարեկամաբար եւ համերաշխ:

Թուրքական մամուլը սկզբնական շրջանում անտարբերության մատնեց հարձակումները, հետագայում սկսեցին անդրադառնալ դրանց որպես քրեական ժամանակագրության, սակայն հետագայում իրադարձությունները սկսեցին զարգանալ այլ հունով:

Բողոքի ձայն բարձրացրին բազմաթիվ թուրքական իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք Սամաթիայում բողոքի երթ կազմակերպեցին “Հայ հարեւանիս չդիպչես” պաստառներով: Ս.թ հունվարի 27-ին տեղի ունեցած երթին մասնակցել են թուրք, քուրդ պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Տեղի են ունեցել նաեւ ֆեմինիստական խմբերի երթեր, որտեղ տարբեր ազգության կանայք զորակցության ուղերձով դիմեցին Սամաթիայի կանանց:

Հարձակումներին անդրադառնում են նաեւ համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, հետաքրքրություն ու անհանգստություն է ցուցաբերել ԱՄՆ պետական դեպարտամենտը, բողոքի նամակով Ստամբուլի նահանգապետարանին է դիմել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը: Սակայն, Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանը դեպքերը որակում է որպես մանր գողություններ եւ ազգային մոտիվ չի տեսնում: Եթե նկատի ունենանք պետության տեսանելի եւ անտեսանելի ճնշումը պատրիարքարանի վրա, նման բացատրությունը զարմանալի չի թվա:

«Հայերին փորձում են վախեցնել`ասելով «չենք թույլ տալու անկողնում հանգիստ մահանալ ծերությունից»: Այս ֆաշիստական հարձակումների տակ գողություն փնտրելը եւ ոստիկանության այս ամենը քողարկելը կրկին ծառայում է ֆաշիզմի սնուցմանը: Սամաթիայում փորձում են էթնիկական զտումներ իրականացնել: Չպետք է մոռանալ, որ այս երկրում դեռ հերքվում է Հայկական Ցեղասպանությունը ու այս դեպքերը նաեւ այդ հերքման հետևանքներն են», – ասում է Թուրքիայի մարդու իրավունքների միության ռասիզմի եւ խտրականության դեմ հանձնաժողովի անդամ Այշե Գյունայսուն:

Թուրքական թերթերը դիմում են տեղական հայկական բնակչությանը, ավելին` զոհերի հարազատներին, նրանցից կորզելով հայտարարություններ առ այն, որ հարձակումները ազգային ուղղվածություն չունեն եւ ամենայն հավանականությամբ իրականացվել են թմրամոլների կողմից: Ոստիկանությունն էլ շտապում է հանդես գալ հայտարարությամբ, որ հատկապես վերջին տարիներին Սամաթիայում դիտվում է թմրամոլության մեծ աճ:

Կարծիք կա, որ հայերի նկատմամբ իրականացվող հարձակումները կողոպուտի փորձեր են, քանի որ հարուստի համարում ունեն եւ հայ տարեցները հոգապահուստ գումարներ ունեն, ինչը վերոհիշյալ դեպքերում ամենեւին էլ իրականությանը չի համապատասխանում:

Հանցագործների նպատակը` սարսափ սերմանել հայերի շրջանում, իրականանում է: Հնչում են տեսակետներ, որ տարեց կանանց վրա հարձակումները, իբր, չեն կարող ապացույց հանդիսանալ, որ հարձակման է ենթարկվում համայնքը, սակայն համայնքի ցանկացած քիչ թե շատ հայտնի դեմքի կամ կազմակերպության վրա կատարված հարձակումը կարելի կլիներ բացատրել հազար ու մի այլ պատճառներով, սակայն միայնակ, անհայտ, հիմնականում աղքատ ու ծեր կանանց վրա հարձակումների մոտիվացիայի բացակայությունը վկայում է սարսափեցնելու նպատակ հետապնդող հարձակումների վարկածի ճշմարտացիության մասին:

«Պետք է զգույշ լինել այս հարձակումների մասին խոսելիս: Ես կնախընտրեի սպասել նախքան խոսելը: Այս բոլոր հարձակումների ժամանակ կողոպուտ էլ է եղել, հետեւաբար, հաշվի առնելով դեպքերի մանրամասները, այնքան էլ հավանական չէ, որ սրանք ազգայնական դրդապատճառներով կատարված հանցագործություններ են», – նշել է Սամաթիայի թաղամասը ներառող «Ֆաթիհ» վարչական տարածքի քաղաքապետ Մուստաֆա Դեմիրը թուրքական «Hürriyet» օրաթերթին տրված հարցազրույցում:

Սակայն ոչ բոլորն են կիսում այս կարծիքը եւ նշում են, որ իրականում հանցագործությունները ազգայնականության դրսեւորում են:

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ տեղի ունեցածն ատելության հողի վրա կատարված հանցագործություն է: Այս դեպքերը պետք է ուսումնասիրել. նկատի ունենալով նաեւ հույների եւ մյուս քրիստոնյաների վրա կատարած հարձակումները. եւ կարծում եմ`փորձում են վերաստեղծել Հրանտ Դինքի սպանությունից առաջ Թուրքիայում տիրող քաոսային վիճակը`օգտագործելով քրիստոնյաների անհանգստությունը», – ասում է «Radikal» եւ «Zaman» թերթերի լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը:

Հրանտ Դինքը ազգությամբ հայ լրագրող էր, որը 2007 թվականին սպանվեց թուրք ազգայնականի ձեռքով: Սպանության հավանական պատճառը Դինքի քննադատական դիրքորոշումն էր Անկարայի կողմից հայոց Ցեղասպանությունը չճանաչելու վերաբերյալ: Դինքի սպանությանը հաջորդած հասարակական բողոքի ալիքը հանգեցրեց թուրքական անվտանգության ծառայություններում մի շարք պաշտոնանկությունների, սակայն ներկայում փորձագետները նշում են, որ Թուրքիայում կրկին գլուխ է բարձրացնում ազգայնականությունը, որի դրսեւորումները կառավարության կողմից հակազդեցության չեն արժանանում: Թուրք ազգայնականությունը մշտապես կարեւոր դերակատարում է ունեցել երկրի ներքին կյանքում եւ համարյա միշտ կառավարելի է եղել: Այս առումով ավելի քան հասկանալի են հայերի մտահոգությունները:

«Ես կարծում եմ, որ այս ամենը բարձրացող ազգայնականությամբ բացատրելը ճիշտ չէ, քանի որ Թուրքիայում դժվար է ասել, որ բարձրանում է ազգայնականությունը: Նման դեպքերը շատ ավելի լուրջ պլանավորված եւ արմատներ ունեցող դեպքեր են: Թուրքական կառավարությունը, բացի անմեղ հայերի կյանքը փրկելուց, նաեւ իր իշխանությունը ամրապնդելու համար պարտավոր է բացահայտել իրականացվածը», – նշում է «Լիբերալ մտածողների միության» քաղաքագետ եւ «Star» թերթի լրագրող Բերաթ Բեքիր Օզիփեկը:

Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները մեծ արձագանք գտան նաեւ Հայաստանում եւ հայկական մամուլում: Դատապարտությամբ հանդես եկան հայկական համարյա բոլոր ԶԼՄ-ները`մեջբերելով թուրքական մամուլի տեղեկատվությունը:

«Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպությունը Սամաթիա թաղամասում իրականացվող բռնությունները դատապարտող երթ կազմակերպեց Երեւանում, որին միացան նաեւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

«Միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ դատապարտում եւ համապատասխան գնահատական տեղի ունեցող գործողությունների եւ Թուրքիայի իշխանությունների կրավորական կեցվածքի նկատմամբ», – հայտարարել է ակումբի նախագահ Սերոբ Գեւորգյանը:

«Թուրքիայում վերջին շրջանում հայերի նկատմամբ կատարված ոտնձգությունների փաստն այդ երկրում առկա այլատյացության, հատկապես`հայատյացության դրսեւորում է, որ երիտթուրքերից ու Աթաթուրքից մնացած գաղափարախոսության արդյունք է», – ասում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը գտնում է, որ ՀՀ ԱԳՆ եւ Սփյուռքի նախարարությունը պետք է արձագանքեին դեպքերին:

«Թուրքիայում պետական իշխանությունների հակահայկական քաղաքականությունը հանգեցրել է հայերի նկատմամբ նաեւ հասարակական ատելության: Բացի պետական ճնշումներից, հայերի նկատմամբ առկա է նաեւ հասարակական ճնշում», – եզրակացնում է Մելքոնյանը:

Վերջին դեպքերից հետո, թաղամասի փողոցներում հերթապահություն սահմանվեց, որին ներգրավվեցին քաղաքացիական հագուստով հարյուրավոր ոստիկաններ: Նախատեսվում է տեղադրել հարյուրավոր տեսախցիկներ, չնայած Հրանտ Դինքը սպանվել էր հենց տեսախցիկի առջեւ, սակայն դատաքննության ժամանակ պարզվեց, որ տեսագրությունն, իբր պատահմամբ, չէր պահպանվել:

Ալին Օզինյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականից: www.iwpr.net