Կոռուպցիոն սխեմայի էությունը. «ռուսաստանաբնակ գործարարը» Թովմասյանի բաջանաղն է. Fip.am

Կոռուպցիոն սխեմայի էությունը. «ռուսաստանաբնակ գործարարը» Թովմասյանի բաջանաղն է. Fip.am
Կոռուպցիոն սխեմայի էությունը. «ռուսաստանաբնակ գործարարը» Թովմասյանի բաջանաղն է. Fip.am

Ինչես հայտնի է, վերջին օրերին բավականին շատ աղմուկ է բարձրացել արդարադատության նախկին նախարար (այժմ՝ Սահմանդարական դատարանի նախագահ) Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի մասին շրջանառվում են իրարամերժ և մանիպուլյատիվ թեզեր:

«Մոռացան», որ գործարարը բաջանաղն է

Այսպիսով, Hraparak.am կայքն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, հարցազրույց է հրապարակել  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի՝ Ռուբիկ Ղազարյանի հետ, որում նա հերքում է գլխավոր դատախազության երեկ տարածած հայտարարությունը։ Ղազարյանը հերքում է, որ իր անունով գրանցված տարածքը փաստացի պատկանում է Թովմասյանին։

Hraparak.am-ի հոդվածում, սակայն, Ռուբիկ Ղազարյանը ներկայացվում է որպես ընդամենը «Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար» և խոսք չկա նրա և Թովմասյանի բարեկամական կապերի մասին։

Դատախազությունը

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թովմասյանին Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ արդարադատության նախարար եղած ժամանակ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Դատախազության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 2012 թ. փետրվարին Թովմասյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, «միջամտել է ինքնակառավարման սկզբունքով գործող նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպության՝ ՀՀ նոտարական պալատի կառավարմանը, հարկադրել է պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը»։

Կոռուպցիայի էությունը

Խոսքը Ալեք Մանուկյան փող. 8/1 շենքի առաջին հարկի տարածքի մասին է, որը, Fip.am-ի կողմից Կադաստրի կոմիտեից ձեռք բերված փաստաթղթերի համաձայն, 2009-ից պատկանում է Թովմասյանի կնոջ՝ Լամարա Սամադի Խուդավերդյանի քրոջը՝ Սոնա Սամադի Խուդավերդյանին, և վերջինիս ամուսնուն՝ Ռուբիկ Նորիկի Ղազարյանին։ 

Վերջիններս, ըստ Հրայր Թովմասյանի, 1980-ականներից Հայաստանում չեն բնակվում։ Նրանք գրանցված են Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասի Բարնաուլ քաղաքում։

Հատկանշական է, որ տարածքի առքուվաճառքի ժամանակ որպես վաճառողի լիազորված անձ հանդես է եկել հենց Հրայր Թովմասյանը։ Իսկ վաճառողը 131 քմ տարածքը Թովմասյանի բարեկամներին վաճառել է ընդամենը 3 մլն դրամով (մոտ 8 հազար դոլար)։ 

Այդ տարածքը 2012-2014 թթ. վարձակալել է «Նոտարական պալատը», որը վերահսկվում է Արդարադատության նախարարության կողմից։ Պալատը 3 միլիոն դրամով ձեռք բերված տարածքի վարձակալության համար ամսական վճարել է 300,000 դրամ, այնինչ այն 2016-ի օգոստոսից վարձակալության է հանձնվել ամսական ընդամենը 85,000 դրամով։ 

Այսինքն, կարելի է եզրակացնել, որ Հրայր Թովմասյանի՝ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած տարիներին Նոտարական պալատը Հրայր Թովմասյանի բաջանաղից այդ տարածքը վարձակալել է շուկայական արժեքից մոտ 3.5 անգամ թանկ գնով։

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am