Ընդդիմադիր ակտիվիստ, ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը փորձագետները կապում են ներքաղաքական զարգացումների հետ:
«Սերժ Սարգսյանը փորձում է մանեւրել. մի կողմից մեղմ գնահատականներ է հնչեցնում ընդդիմության հասցեին, մյուս կողմից` գնում է նման քայլերի, փորձում է ուժ ցույց տալ»,- վերջին իրադարձությունների մասին «Մեդիալաբին» ասում է անկախ քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանը:
Կիրակի` մարտի 13-ին, Խաչատրյանը «Դինամո» մարզադաշտի հարակից տարածքից ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին է տարվել: Երկուշաբթի նրան տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Քր. օր.-ի 316-րդ հոդվածի 1-ին մասով` ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու հատկանիշներով:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` «2011 թվականի մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոցի-Կորյունի փողոցների խաչմերուկում չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:
Փորձագետները, սակայն, կարծում են, որ տեղի ունեցածը նախօրեին Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի արձագանքն է: Սերժ Սարգսյանը շաբաթ օրը լրագրողների հետ ունեցած զրույցում բավականին մեղմ գնահատականներ էր հնչեցրել ընդդիմության հասցեին:
«Ինչ վերաբերում է քաղաքական կյանքին, պետք է ասեմ, որ մենք պատրաստ ենք լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե այդ քննադատությունը և առաջարկություններն ուղղված լինեն կոնկրետ խնդիրների լուծմանը, իրատեսական լինեն, կյանքում օգտագործելի լինեն, այլ ոչ թե այդ քննադատություններն ու առաջարկություններն արվեն, որպեսզի դրանցով շահարկեն, կարողանան էլեկտորատ ձեռք բերել, որպեսզի կարողանան ինչ-որ գործընթացների վրա ազդել: Թեև դա էլ է նորմալ երևույթ: Ընդդիմության դերը կայանում է հենց նրանում, որպեսզի տեսնի խնդիրները, քննադատի և հաջորդ ընտրություններում ունենալով կողմնակիցների մեծ բանակ` դառնա իշխանություն և այսպես շարունակ»,- ասել էր Սարգսյանը:
Սարգսյանի այս հայտարարությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք էր տվել, հատկապես սոցիալական ցանցերում, օգտատերերը փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ է Սարգսյանը մեղմացրել իր դիրքորոշումը: Փորձագետները պնդում են, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունից հետո կարելի է եզրակացնել, որ իրականում Սարգսյանն իր դիրքորոշումը ոչ թե մեղմել է, այլ` կոշտացրել:
«Սերժ Սարգսյանի ելույթի մեջ խուճապի տարրեր կան, երեւում է, որ արդեն իրեն էլ են հասել այն ազդակները, թե ինչպիսի աղետալի վիճակ է տնտեսության մեջ, ինքն էլ է հասկանում, որ երկիրը սոցիալական պայթյունի շեմին է, որպես այդ ամենի հետեւանք կա վախ առաջիկա կայանալիք հանրահավաքից»,-նշում է Երվանդ Բոզոյանը:
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, որ ըստ երևույթին այսպիսով Սարգսյանը փորձել է այնպես անել, որ «մարդիկ իր խոսքերը ճիշտ հասկանան, և որպեսզի տարաբնույթ մեկնաբանություններ չլինեն»:
«Եթե Սերժ Սարգսյանը փոփոխություններ է ցանկանում, ապա նա իր ելույթում կարող էր ասել, որ էլ երբեք Հայաստանում մարտի 1 չի լինելու, փոխարենը նա հասկացնում է, որ եթե ձեզ ճիշտ չպահեք, ապա ահա այսպես կլինի: Այս ձերբակալությունը կարելի է նաև քաղաքական շանտաժ ընկալել»,- ասում է Սարգսյանը:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` Սամսոն Խաչատրյանը բաժնում հայտարարել է, որ «քաշքշուկի ընթացքում հնարավոր է հարվածած լինի, սակայն չի կարող ասել, թե ում է դիպել հարվածը»: Փաստաբան Արա Զաքարյանը, սակայն, կիրակի ոստիկանության քննչական բաժնի մոտ լրագրողներին ասել է, որ Խաչատրյանը ոստիկանությունում հրաժարվել է ցուցմունք տալուց:
«Նա հրաժարվել է ցուցմունք տալուց և հայտարարել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում իր քաղաքական հայացքների, մասնավորապես, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում լույս տեսած հոդվածի համար»,- ասել է փաստաբանը:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի շաբաթ օրվա համարում հայտնի բռնցքամարտիկը հարցազրույց էր տվել, որում խիստ քննադատության էր ենթարկել իշխանություններին և նաև կոչ էր արել մարդկանց ակտիվորեն մասնակցել մարտի 17-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին:
Ընդդիմությունն արդեն հայտարարել է, որ Խաչատրյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի:
«Կատարվածն այլ բան չէ, քան Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքին ընդառաջ ոստիկանական գործողություն, որը նպատակ ունի նվազեցնել հանրահավաքի մասնակիցների սպասվող մեծ թիվը, ինչի մասին շատ լավ տեղյակ է և ինչից խուճապի ու մղձավանջի է մատնված վարչախումբը։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի ոստիկանական հերթական այս ապօրինությունը և պահանջում անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին»,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։
ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը ևս տարակուսանք է հայտնել ոստիկանության տարածած այն հաղորդագրության կապակցությամբ, թե Խաչատրյանին ձերբակալել են մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած քաշքշուկի պատճառով:
«Եթե նույն էպիզոդի համար են այս գործը հարուցել, ապա ես ինքս այնտեղ կանգնած եմ եղել, ինքս եմ ականատես եղել, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ մտնում, հարձակվում մարդկանց վրա, բնական է, որ որոշ մարդիկ կարող են նաև ինքնապաշտպանություն դրսևորած լինել: Այնպես որ, միանշանակ` սա ոստիկանության սադրանքն է, միանշանակ սա քաղաքական հայացքների համար հետապնդում է, իսկ այն հանգամանքը, որ դա 12 օր հետո են արել, այն բանից հետո, երբ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում տպագրվեց Սամսոն Խաչատրյանի հարցազրույցը, վկայում է, որ արդեն ամենապարզ քննադատությանը չեն դիմանում»,- լրագրողներին ասել է Լևոն Զուրաբյանը:
Երկուշաբթի Սամսոն Խաչատրյանի ծննդավայրում` Վանաձորում, տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել դատախազությանը:
Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են փողոց դուրս գալ նաև երեքշաբթի:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am