«Մարդը, ցավոք սրտի, հակված է վարկաբեկելու զոհին, թե՝ դե, երևի մի բանում մեղավոր է եղել, դե, երևի մի բան արել է». Կարինե Նալչաջյանը՝ սպանված 16-ամյա աղջկա մասին

Կարինե Նալչաջյան (Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Նալչաջյանը

– Տիկի՛ն Նալչաջյան, ամանորից հետո երևանյան բնակարաններից մեկում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու դեպքից հետո հասարակության արձագանքը հակասական էր, շատերը մեղադրում էին անգամ սպանված աղջկան: Նման արձագանքն ինչի՞ մասին է խոսում:

– Հայտնի հոգեբանական օրինաչափություն կա՝ զոհի վարկաբեկում: Երբ այդպիսի մի բան է պատահում, երբ մեկը զոհն է լինում, մյուսը՝ դահիճը, վարկաբեկման տրամադրություններ են առաջանում: Նախ՝ զոհին վարկաբեկում է ինքը՝ դահիճը, որովհետև եթե մեկին ուզում ես վնաս պատճառել, դու պետք է ներքուստ համոզված լինես, թեկուզ պահի ազդեցության տակ կամ երկարատև, որ ինքն արժանի է, որ իրեն վնաս հասցվի կամ մահանա: Բացի դահճից, նաև դիտորդի կողմից վարկաբեկում կա: Այսինքն՝ կողքից այդ տեղեկատվությունն ստացող մարդը, ցավոք սրտի, հակված է վարկաբեկելու զոհին, ու դա մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ դե, երևի մի բանում մեղավոր է եղել, դե, երևի մի բան արել է: 

Այսպիսի տրամաբանություն է աշխատում, դա հոգեբանության մեջ ուսումնասիրված երևույթ է: Այս դեպքում՝ 16-ամյա աղջկա նկատմամբ եղած բացասական վերաբերմունքը հենց այս օրինաչափությամբ ես կբացատրեի:

Ինձ համար շատ ավելի մտահոգիչ է, որ նույն հասարակության մեջ մի տեսակ վատ սովորություն է դարձել մարդկանց մեղադրանքներ ներկայացնելու՝ առանց լուրջ փաստերի տիրապետելու: Մեկին հայտարարում են մարդասպան, մյուսին մեկ այլ որակում են տալիս և այլն: Բայց հարց է առաջանում՝ չէ՞ որ ձեր ձեռքի տակ չկան լիարժեք տվյալներ: 

Նույնիսկ քրեական գործում, որ հարուցվել է, բռնաբարության թեման չկա, բայց տեսեք՝ մարդկանց ֆանտազիաները սկսում են աշխատել: Դեպքի մանրամասները ո՛չ ես գիտեմ, ո՛չ դուք գիտեք, և պետք էլ չի, որ այդպիսի ողբերգությունները դառնան հասարակության մեկնաբանությունների ու շահարկումների թեմա: 

Մենք պետք է հասկանանք, որ ողբերգություն է տեղի ունեցել: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք մահացածի հարազատների, ընտանիքի անդամների վիճակը. իբր իրենց վիշտը քիչ է, կողքից էլ տարբեր տեսակի մեկնաբանություններ ու պիտակներ են հնչում: 

Մենք չգիտենք՝ այդ աղջկա պահվածքն ի՛նչ է եղել, մենք չգիտենք՝ այդ տղամարդու և աղջկա միջև ի՛նչ է տեղի ունեցել, ի՛նչ կրքեր են բորբոքվել, ի՛նչ կապի մեջ են եղել, ով են, ինչ են, բայց ամեն մեկն ըստ իր ֆանտազիաների վերագրումներ է կատարում, ինչ-որ փոքրիկ ինֆորմացիայի բեկորներից պատմություն են լրացնում և սկսում են վարկաբեկել: 

Այստեղ միանում է զոհի վարկաբեկման մեխանիզմը, և մենք ունենում ենք այն, ինչ ունենք: Ցավոք սրտի, սա խոսում է մեր հասարակության շատ ցածր իրավագիտակցության մասին: 

Մեկն ասում է՝ մարդասպան է, ասում ես՝ դու փաստեր ունե՞ս, ապացուցի՛ր, եթե ունես փաստեր: Սկսում է արդեն խուսանավել, որովհետև ապացույցներ չունի, ուղղակի իր գլխում նստած է, որ նա մարդասպան է: 

Հիմա այս աղջկա դեպքում էլ՝ որևէ բան ասելուց առաջ որևէ ապացույց ունե՞ս, չէ՞ որ չունես: Պետք չի սոցիալական ցանցերում ինքնահաստատվել: Կարող եք ձեր կարծիքը ձեր մտերմիկ շրջապատում, ձեր տանը ասել, իսկ սոցցանցերում կարծիք գրելով դու այն հանրայնացնում ես: 

Պատասխանատվության զգացում պետք է ունենալ: Մեկը հարցնի՝ դու որտեղի՛ց գիտես, որ այդ աղջիկը այսպիսի կամ այնպիսի պահվածք է ունեցել: Ի՞նչ իմանաս, ամեն տեսակի հանգամանքներ լինում են: Ես չեմ բացառում, որ այդ աղջիկը նաև կարող է պատահել, վարքի ինչ-որ շեղումներ ունեցած լինի, բայց դա էլ է դժբախտություն: Մենք ուրիշի դժբախտության հետ գործ ունենք, և պետք է ընդհանրապես մարդու հետ զգույշ լինել:

– Ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան ծայրահեղ:

– Որ իրավագիտակցության պակաս կա, դա փաստ է: Մյուս կողմից՝ վերջին շրջանում մեր հասարակությունը, ցավոք սրտի, ներքաշվել է էմոցիոնալ վիճակների մեջ, երկփեղկվածության, էմոցիոնալ պոռթկումների ինչ-որ մի զոնա են մտել մարդիկ: Այսպիսի պատմությունները, կոպիտ ասած, միշտ էլ հետաքրքրաշարժ են, սուր զգացողություններ են տալիս, մարդն ուզում է իր գնահատականը տալ, ու քանի որ այսօր սոցցանցերը կան, արդեն ստացվում է, որ այդ անհարկի կարծիքները տարածվում են:

Ժողովուրդն այսօր էմոցիոնալ գերլարված վիճակում է, ամեն ինչի մասին իր պարտքն է համարում ինչ-որ բան ասել, գնահատականներ տալ: Պատկերացրեք՝ ձե՛ր հարազատի, մտերիմի, ծանոթի հետ այդ բանը կատարված լիներ, չի կարելի, ինչ-որ սահմաններ կան, բոլոր դեպքերում կոռեկտության սահմաններ պահպանելու խնդիր կա: 

Նույնիսկ եթե տրված գնահատականները համընկնեն իրականության հետ, մեզ մոտ ամոթի մշակույթ կա, որ մարդու անձնական կյանքը, ինտիմ կյանքը պետք է մի տեսակ փակ լինի: Մենք չենք սիրում այդաստիճան մտնել մարդու ինտիմ կյանքի մանրամասների մեջ: 

Բայց վերջին շրջանում սեռական բնույթի տեղեկատվությունը դարձել է շատ կարևոր, հասարակական նշանակություն ունեցող թեմա, կարծես թե այլ թեմաներ չկան մեր կյանքում: Ես նույնիսկ վախենում եմ, որ այն մարդիկ, որոնց համար շատ կարևոր է ապացույցներ ունենալ, որ Հայաստանում կանայք բռնության թիրախ են, տղամարդիկ կանանց ծեծելով ու սպանելով են զբաղված, այս ողբերգությունը մատի փաթաթան դառնա նման շահարկումների համար: 

– Երեկ արդեն լրագրողների հետ զրույցում այդ աղջկա մայրը փորձել էր արդարանալ՝ ասելով, որ բժիշկը թուղթ է տվել, որ իր աղջիկը կույս է: Կարո՞ղ ենք արձանագրել, որ հասարակությունը իր, այսպես կոչված, բարոյականությամբ ստիպեց աղջկա հարազատներին նման ձևակերպումներ տալու: 

– Ասում են՝ պատերազմում, ինչպես պատերազմում: Եթե հաղորդակցությունն այսպիսին է, ագրեսիային ագրեսիայով են պատասխանում: Ինչքան էլ մարդը կոռեկտ է, իրեն թույլ չի տալիս անպարկեշտ ինչ-որ արտահայտություններ, բայց երբ դիմացինդ շատ է ցավեցնում, մարդը երբեմն կարող է կոռեկտությունից դուրս գալ: Ես չեմ ուզում որևէ մեկին պաշտպանել, բայց նաև չեմ ուզում որևէ մեկին մեղադրել: Դուք պատկերացնո՞ւմ եք կին, որի միակ երեխան սպանվել է, այն էլ՝ այդպիսի դաժան ձևով: Հիմա հերիք չի՝ նա այդ վիշտը կրում է, կողքից էլ լսում է, որ իր երեխայի բարոյականության մասին այդպիսի բաներ են ասում: Պետք չի որևէ մեկին ինչ-որ բան ապացուցել, բայց այդ կինն էլ հակահարձակման է անցել: Այսինքն՝ նույն բնույթի մեջ են մտնում մարդիկ: Հենց դա է, որ պետք է չլինի: 

Մանե Հարությունյան

MediaLab.am