«Մենք այսօր տեղեկատվական պատերազմի մեջ ենք, որովհետև սրանք պարզ մանիպուլյացիաներ չեն, կեղծ լուրերի տարածում չէ»․Գայանե Աբրահամյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը

– Տիկի՛ն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Գեորգի Կուտոյանի մահից հետո մեդիադաշտում որոշ լրատվամիջոցներ շտապեցին տեղի ունեցածը որակել որպես ինքնասպանություն։ Ընդհանուր առմամբ, այդ մանիպուլյացիաներն ինչի՞ կարող են հանգեցնել։ Այս իրավիճակը շտկելու համար ի՞նչ կարգավորումներ պետք է կիրառվեն։

– Մանիպուլյացիաները վերջին շրջանում մեր մեդիադաշտի հիմնական գործելաոճն են կարծես դարձել, և սա մեդիագրագիտության գրեթե բացակայության պայմաններում բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ։

Կուտոյանի ողբերգական դեպքի հետ կապված խնդիրներն իրականում փոքր-ինչ այլ դաշտում էին, այն, որ որոշ լրատվամիջոցներ շտապեցին մահվան դեպքը որակել ինքնասպանություն, սա գուցե այնքան էլ շահարկում չէր, քանի որ հղում էին անում իրենց աղբյուրներին, հարց է, թե լրատվամիջոցները որտեղի՛ց կարող էին ավելի վաղ տեղեկություն ունենալ, քան քննչական մարմնի ուսումնասիրությունների ու նախնական դիտարկման արդյունքներն էին, բայց մեկ այլ, առավել ցավալի խնդիր է այդ օրերին էթիկայի համատարած խախտումները։

Ընդհանուր առմամբ, հայաստանյան մեդիադաշտը վերջին երկու տարիների ընթացքում ահռելի տեկտոնական ալեկոծումների մեջ է, նաև ֆինանսական ինտերվենցիաների հսկայական փոփոխությունների, որոնք հանգեցրել են ատելության խոսքի, կեղծ լուրերի ու մանիպուլյացիաների մեծ չափաբաժնի ներմուծմանը։

Ես ուզում եմ իրերը հստակ կոչենք իրենց անուններով` մենք այսօր տեղեկատվական պատերազմի մեջ ենք, որովհետև սրանք պարզ մանիպուլյացիաներ չեն, կեղծ լուրերի տարածում չէ զուտ լայքեր հավաքելու համար, ինչպես նախկինում էր։ Նախկինում՝ մինչհեղափոխական շրջանում, կեղծ լուրերի տարածումը հիմնականում, հատկապես վերնագրային մակարդակում, արվում էր զուտ թրաֆիք ու լայքեր հավաքելու համար։

Դա զուտ ֆինանսական դրդապատճառներ ուներ։ Մինչդեռ այսօր նպատակները զուտ ֆինանսական չեն, մենք ունենք հստակ փաստեր, որ այսօրվա կեղծ լուրերի հիմնական դրդապատճառը քաղաքական մանիպուլյացիաներն են, և որոշակի դիսկուրսներ ձևավորելու խնդիրն է լուծում։

Բազմիցս ասել եմ, և հատկապես վերջին դեպքը՝ «Դիանա Հարությունյան» անունով ֆեյքի կողմից, փաստեց, որ կեղծ լուրերը ազգային անվտանգության խնդիր են։

Մի բան, որ տարիներ շարունակ ողջ Եվրոպան է արձանագրում և որպես մարտահրավեր դիտարկում, և հենց կարգավորումները այս՝ որպես ազգային անվտանգության լուրջ մարտահրավեր են տրվում։

Այսինքն՝ սահմանում են, որ դա ազգային անվտանգության խնդիր է, պետականության և ժողովրդավարության դեմ ուղղված վտանգ, ըստ այդ վտանգավորության էլ տրվում են դրա դեմ պայքարի ուղենիշները։

– Այն աշխատանքային խումբը, որ ձևավորվել է ատելության խոսքի հետ կապված, ուղղված է նաև այսպիսի՞ հարցերի լուծմանը։ Ինչպիսի՞ արդյունք եք ակնկալում։ Հնարավո՞ր է, որ աշխատանքային խումբն այդպես էլ չկարողանա օրենսդրական լուծում գտնել՝ հաշվի առնելով, որ աշխարհում իսկապես փնտրտուքներ կան այդ ուղղությամբ, սակայն լուծումներ կարծեք թե չկան, քանի որ այդ հնարավոր լուծումները գուցե կարող են վտանգել խոսքի ազատությունը։

– Նախ՝ աշխատանքային խմբի հիմնական նպատակը ատելության խոսքի դեմ պայքարն է։ Եթե զուտ սահմանում ենք ատելության խոսքը և սահմանում ենք դրա քրեական կարգավորումը, ապա դիտարկում ենք 226-րդ հոդվածը և այն, թե ինչպես պետք է այդ հոդվածի կարգավորումները մի փոքր ընդլայնել և խտրականության այլ հիմքեր այդտեղ ներառել։

Մեկ այլ հսկայական շերտ է այսօր մամուլում և սոցիալական ցանցերում տարածվում, որը ատելության խոսքի զուտ քրեաիրավական կարգավորման մեջ չի մտնում, բայց մտնում է խտրական խոսքի կարգավորման մեջ։ Այսինքն՝ դրանք զուտ հայհոյանքներն են։

Սրանց մասով գուցե իսկապես չկարողանանք ելք գտնել, որովհետև եթե ատելության խոսքի դեպքում այնտեղ պետք է պարտադիր լինեն հստակ նպատակը, դրդապատճառը, հստակ ապացուցվի դրա պարբերականությունը, ապա խտրական խոսքը, որ այսօր համատարած է դարձել, այդտեղ կարգավորումները շատ բարդ են և, այո՛, չեմ կարող բացառել, որ այդտեղ որևէ կարգավորում չգտնենք։

Մեր նպատակը այդ մի դաշտում հստակ կարգավորում տալն էր։ Ինչ վերաբերում է նրան, որ ավանդական լրատվամիջոցները, որոնք իրավաբանական անձ են, որոնք ունեն հստակ ԶԼՄ-ների մասին օրենքի ներքո գործող, դրա պահանջներից բխող տարբեր իրավահարաբերություններ, իրենք են հաճախ տարածում այդ ամբողջ ատելության խոսքը, զրպարտությունը, մանիպուլյացիաներն ու հատկապես կեղծ լուրերը։

– Լրատվամիջոցների իրական սեփականատերերին բացահայտելուց հետո կարծում եք՝ այդ խնդիրը կլուծվի՞։

– Իրական սեփականատերերի, ֆինանսական թափանցիկության հարցերի կարգավորումը որոշ չափով կմեղմի վիճակը, բայց ցանկացած իրավակարգավորում բոլոր հարցերին երբեք լուծում չի տալիս։

Պե՞տք է արդյոք պատասխանատվություն դնել լրատվամիջոցների վրա, որպեսզի պատասխանատվություն կրեն ցանկացած մեկի, ասենք՝ ֆեյքի ստատուսի համար, որը տարածել ու գեներացրել են։ Այս մասով ևս պետք է քննարկումներ գնան, որովհետև սա իրապես խնդիր է։

Այսինքն՝ եթե մի ֆեյքը կարող է ունենալ 100 հետևորդ, և սուտը կարող է տարածվել այդ 100-ի մեջ, ապա այդ սուտը գեներացնող լրատվամիջոցը արդյոք պե՞տք է պատասխանատվություն կրի այդ ֆեյքի ասածը տարածելու համար, որը սուտ է, որը լրատվամիջոցը չի ճշտել, որևէ կերպ չի փորձել հասկանալ դրա ճշմարտացիությունը։

Տարբեր միջազգային փորձեր դիտարկելով հենց այստեղ են նրանք լուծում գտել, բայց սա ևս խնդրահարույց է, որովհետև էլի կեղծ լուրի հաստատման փաստը դատարանն է որոշում։

– Կարո՞ղ ենք ասել, որ այս մանիպուլյացիաները, մեդիա դաշտում տիրող այս իրավիճակն ավելի շատ հետհեղափոխական Հայաստանում գլուխ բարձրացրեցին։ Նախկինում, կարծեք թե, այլ խաղի կանոններ էին գործում, ֆեյքերի այսպիսի բանակներ չկային։ Սա նախորդ իշխանության կողմից ուղղորդված քայլե՞ր են։

– Անշուշտ, որովհետև, տեսեք՝ նախկինում էլ ֆեյքերի բանակ կար, բայց այդ բանակը բոլորովին այլ սկզբունքներով էր գործում։ Այն ժամանակ սկզբունքը քարոզչություն իրականացնելն էր, տարբեր հարցերի շուրջ հանրային կարծիք ձևավորելը կամ այդ հանրային կարծիքը հնարավորինս սահմանափակելը։ Օրինակ՝ ասենք տարածելով, որ ձեր քվեն ոչ մի բանի պետք չէ, ավելի լավ է գնաք, փող վերցնեք և այլն։

Այսինքն՝ որոշակի տարբեր մոտեցումներ տարածելու նպատակ ունեին ֆեյքերը։ Կամ, ասենք՝ աշխատում էին քաղհասարակության դեմ, որ սրանք ծախված են, ինչը հիմա նույնպես արվում է, թե սրանք Ղարաբաղի դեմ են աշխատում՝ որ խաղաղություն են քարոզում, կամ բանակի դեմ են աշխատում՝ եթե բարձրացնում են բանակում կոռուպցիայի հարցը։

Մինչդեռ, հակառակը՝ եթե դու բանակում կոռուպցիայի հարց ես բարձրացնում, առաջինը հենց դու ես մտածում բանակի մասին։ Այսինքն՝ նրանց նպատակը հիմնականում դա էր։ Հեղափոխությունից հետո նրանց մարտավարությունը շատ հստակ ուրվագծվեց՝ հակազդել և ուղղակիորեն հակառակ ուղղությամբ գործել։ Օրինակ՝ հեղափոխության նպատակներից մեկը սիրո և համերաշխության մթնոլորտի ձևավորումն էր։ Նրանք դրան հակադրեցին այն, որ ստեղծեցին ամբողջական ատելության մթնոլորտ։

Ակնհայտորեն դա ուղղորդված էր։ Նրանք անընդհատ մեղադրում են, որ այդ ֆեյքերը իշխանության կողմից են ղեկավարվում։ Նախ փաստենք, որ 70-80 տոկոս քվե ունեցող կառավարող ուժը ֆեյքերի անհրաժեշտություն բոլորովին չունի, երկրորդ՝ եթե այդ ֆեյքերն իշխանության կողմից ղեկավարվեին, չէին լինի այդքան անգրագետ, այդքան սարսափելի բառապաշարով և հայհոյանքներով, որովհետև եթե իշխանությունն անընդհատ քարոզում էր սեր ու համերաշխություն, այդ ֆեյքերը նույնպես կգործեին այդ գաղափարախոսության ներքո։ Ակնհայտ է, որ հենց դրան են հակազդում։

Ինչո՞ւ նախկինում չկար ատելության այսպիսի սարսափելի մթնոլորտ, որովհետև չկային այդ ֆեյքերը, որովհետև նրանց նպատակն ուրիշ էր, իրենց փող տվողներն ու կառավարողները բոլորովին ուրիշ նպատակ էին դրել։ Հիմա ակնհայտ է, թե որտեղի՛ց են դրանք կառավարվում և ի՛նչն են թիրախավորում, իսկայս մթնոլորտի հիմնական թիրախը իշխանությունն է։ Իշխանությունն ինքն իր դեմ չի աշխատում, դա տարրական տրամաբանություն է։ Ընդհանրապես, ֆեյքերի դեմ պայքարը հողմաղացների դեմ պայքար է։

Միակ բանը, որ մենք կարող ենք իրավական առումով կարգավորել, այն է, որ լրատվամիջոցներին բերենք պատասխանատվության որոշակի դաշտ, և դա էլ պետք է անել ոչ թե սահմանափակումների միջոցով, այլ տալով արտոնություններ այն բոլոր լրատվամիջոցներին, որոնք կցանկանան թափանցիկ և էթիկայի որոշակի կանոնների ներքո աշխատել։

Եթե մյուսները չեն ուզի, մենք կհասկանանք, որ նրանք ուրիշ նպատակներ ունեն։ Միևնույն է, մենք չպետք է գնանք սահմանափակման ճանապարհով, այլ պետք է գնանք արտոնություն տալու, լիազորությունների խրախուսման մեխանիզմով։ Այդ խրախուսման մեխանիզմները շատ տարբեր կարող են լինել, ընդհուպ հարկերից որոշակի նվազեցում, տարբեր պետական հաստատություններում հավատարմագրման կարգի հեշտացում և այլն։

Մանե Հարությունյան

MediaLab.am