«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը
– Պարո՛ն Մանուկյան, նախօրեին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ոչ պարկեշտ արտահայտություններ է թույլ տվել գործող իշխանությունների հասցեին՝ նշելով. «Մի գեղեցիկ օր պառկեցնելու եմ ասֆալտին, ոտքերս սրբեմ իրենց վրա»։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը, սա խոսում է այդ մարդու պատկերացումների, աշխարհընկալման մասի՞ն:
– Այդ ամենը խոսում է այն մասին, որ այդ մարդն այնպիսի դաստիարակություն է ստացել, որը մերժելի է բոլոր ժամանակներում, բոլոր հասարակություններում: Որոշ հասարակություններում դա անվանում են խուլիգանություն, կան երկրներ, որտեղ նման բանի համար շատ լուրջ պատիժ կա, ասենք՝ կախաղան են հանում կամ գնդակահարում են:
Որոշ պետություններում չեն կարող որևէ պատասխանատվության կանչել, բայց բոլոր դեպքերում կարող ենք արձանագրել, որ մարդը դաստիարակության բացակայություն ունի, ո՛չ մանկապարտեզ է գնացել, ո՛չ դպրոց կամ գնացել է, չգիտեմ՝ ինչ է սովորել, ովքեր են եղել դաստիարակները:
Ավգյան ախոռը, պարզվում է՝ կարող է անգամ մարդու բերանում լինել, մարդու խոսքի մեջ լինել։ Դա նշանակում է, որ ծնող չեն կանչել դպրոց կամ կանչել են՝ ծնողը չի եկել, կամ էլ եկել է՝ չի հասկացել։
Մեծանալ նման տարիքի հասնել, իմաստնությունը պետք է գար տարիքի հետ, բայց ստացվում է՝ դպրոցում բաց են թողել դաստիարակները։ Ամենակարևոր միտքը, որ ուզում եմ շեշտել՝ այն, ինչ ինքն ասել է այսօր, ամբողջ կյանքում արել է։
Սա խոսում է այն մասին, որ ինքը Նեմեց Ռուբո է։ Սա մի փոքր հաղթանակ է, որ Նեմեց Ռուբոն, որ ամբողջ կյանքում արել է, հիմա կարող է ընդամենը հոխորտալ և դրանից բացի ոչինչ չի կարող անել, որովհետև ինքը սովոր է մարդկանց վրա կոշիկները մաքրել։
Ցավոք, մեր հասարակությունում կարծես մարդիկ կան, որ դրան ծափահարում են: Դա խոսում է նաև այն մասին, որ այդ տեսակ դաստիարակություն ունեցող անձինք կարող են խնջույքից հետո ռազմական բժիշկ Վահե Ավետյանին ծեծելով սպանել:
Այդ մարդիկ որևէ հետևություն չեն արել, ու դա մեր բացթողումն է, մեր օրենքների բացթողումն է, մեր դատական համակարգի բացթողումն է: Ընդհանրապես, Հայաստանում արդարության պրոբլեմ կա, և այդ պրոբլեմը հիմա էլ կա:
Արդարությունն ապահովում են դատարանները, իսկ հասարակությունը վստահություն չունի դատարանների նկատմամբ: Հասարակությունը չի զգում, որ ինքը պաշտպանված է: Խուլիգանական արտահայտություններ անողները այն ժամանակ ոչ թե արտահայտություններ էին անում, այլ գործողություններ էին իրականացնում։
Ռուբեն Հայրապետյանի մասին մենք երկար տարիներ ասեկոսեներ ենք լսել, կրակոցների մասին լուրեր ենք լսել, բայց ոչ մի կերպ չենք կարողացել ստուգել դրանք։ Այդ մարդը մի քանի անգամ իր հարցազրույցներում ասել է, որ պտի ծեծեմ, պտի պատժեմ։
Երևի այդ մարդուն փոքր ժամանակ ասել են՝ կամ դու ես ծեծում, կամ քեզ են ծեծում։ Նա հիմա անթույլատրելի արտահայտություն է արել, չեմ ուզում անգամ հակադարձել, և եթե հիմա խոսում էլ եմ, ոչ թե Ռուբեն Հայրապետյանի մասին եմ խոսում, այլ իր նմանների։ Դատելով ծափահարողներից, ենթադրում եմ, որ կան այդպիսի մարդիկ, ցավոք։
– Տեսակետ կա, որ եթե այսօր Ռուբեն Հայրապետյանը կարողանում է այդ տոնայնությամբ խոսել, դրանում նաև մեղավոր է իշխանությունը, որովհետև 1,5 տարի ուշացրեց այն խոստումները, որ տվել էր։ Խոսքը օլիգարխներից ու նախկին պաշտոնյաներից նրանց թալանած գումարներն ու գույքը վերադարձնելու մասին է։ Ձեր կարծիքով՝ այստեղ իշխանությունը մեղքի բաժին չունի՞։
– Այս հարցին պատասխանելն ինձ համար շատ դժվար է, որովհետև օրենքի ճանապարհը շատ վատն է, բայց դա միակ ճանապարհն է, որպեսզի մենք տեղ հասնենք։ Այս մարդիկ, շատ լավ իմանալով օրենքները, գիտեն նաև դրանք շրջանցելու տարբերակները և, իրենց համար անվտանգության մեխանիզմներ թողնելով, կատարել են իրենց սև գործը։
Ու հիմա շատ դժվար է օրենքով առաջ գնալով հասնել արդյունքի։ Բայց դա միակ ու ճիշտ ճանապարհն է, այլապես մենք ոչ մի տեղ չենք հասնի։ Եթե մենք փորձենք օրենքից մի քիչ էս կողմ, էն կողմ անել, դա լավ տեղ չի տանելու։
Տեսեք, էս մարդն ասում է՝ ես զենք ունեմ, քանի որ ինձ վրա մահափորձ է արվել և այլն։ Բայց ամբողջ հարցն այն է, որ ինքն էլ ինչ-որ մարդկանց սպառնում է, ինչ-որ մարդկանց նկատի ունի։
Հիմա այդ մարդիկ ի՞նչ անեն՝ զենք վերցնեն, ճակատին կրակեն՝ ասելով, որ նա պատրաստվում էր մեզ գցել քացու տա՞կ։ Սա՞ է էդ մարդու պատկերացրած պետությունը։ Էդ մարդն ո՞վ է, որ ես իր մասին խոսեմ։
– Նախկինների կողմից այս հոխորտանքները, որ շատացել են, կարո՞ղ է տանում է նրան, որ նրանք ամեն կերպ ուզում են վերադառնալ և այդ ճանապարհին քայլեր են կատարում։
– Այն, որ իրենք ուզում են վերադառնալ և դրա համար ծախսում են ահռելի միջոցներ, վկայում է առկա մեդիա դաշտը, որն իրենք ուղղակի գրավել են։ Նրանք ունեն թալանած փող ու հիմա այդ թալանած փողով, ոնց որ խաբել են ժողովրդին և փողը թալանել են, հիմա էլ այդ փողով շարունակում են խաբել ժողովրդին։
Ես սա որպես պատգամավոր չեմ ասում, այլ որպես ՀՀ քաղաքացի։ Դժբախտ ժողովուրդ է մեր ժողովուրդը, որը 30 տարի խաբվել է, հիմա էլ թալանած փողերով շարունակում են մարդկանց խաբել։
Ռուբեն Հայրապետյանն ու իր նմանները, որոնք բռնության, անօրինականության միջոցով հասել են կարողությունների, հիմա այդ կարողությունները ներդնում են, որպեսզի շարունակեն ժողովրդին խաբել։ Ժողովուրդը շատ հստակ պետք է մերժի այդ վարքագիծը։
Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց օրենքներով գրված չի, որ այդպիսի բաների համար կարող են իրեն ծակը կոխել, հասարակությունից մեկուսացնել։ Իրենք դա շատ լավ գիտեն, որովհետև իրենք են գրել այդ օրենքները։
Բայց եթե իրենց իշխանության ժամանակ որևէ մեկը այդպիսի հայտարարություն աներ, որը նախօրեին արեց Հայրապետյանը, նրան էլի օրենքով չէին դատելու, ուղղակի անելու էին այն, ինչը շարունակաբար արել են 30 տարի շարունակ։
Ես ցավում եմ ժողովրդի համար, որ իր մեջ կան նրա նման անդաստիարակ տարրեր, որոնք կարող են իրենց թույլ տալ այդպիսի արտահայտություններ անել։ Կարևոր էլ չի, թե ում նկատմամբ է դա ասվել։ Ես, օրինակ, ինձ թույլ չեմ տա հակադարձել նրան նույն որակով, նույն մակարդակով։ Իմ ոտքերը երբևէ որևէ մեկի վրա սրբելու համար չեն։
– Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե ժողովուրդը մինչև հիմա իր կոշիկները չի մաքրել Նեմեցի վրա, դա այս իշխանության շնորհիվ է։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։
– Ժողովրդի ցասումն այնքան մեծ է եղել, որ եթե մենք արգելող գործողություններ չանեինք, ոչ թե հիմա իրենք չէին խոսի, այլ վաղուց չէին լինի ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ժողովրդի ցասումն այդքան մեծ է եղել և հիմա էլ կա։
Այդ մարդիկ դաստիարակության նշույլ անգամ չունեն։ Նրանք չգիտեն՝ ինչ են ազնվությունը, արժանապատվությունը, պատիվը։
Այսօր «պատիվ» բառն արժեզրկել են, այսօր ամեն մի անպատիվ մեկը ասում է՝ ես պատիվ ունեմ։ Հիմա իմ պատիվը թույլ չի տալիս հավասարվել նրանց և նույնկերպ հակադարձել։
Մանե Հարությունյան
MediaLab.am