«Հայոց Հայրապետն ազգընտիր է, Աստծո ցկյանս օծյալը, ինչ-որ ակնկալիքներ որևէ մեկը չի կարող փայփայել». Հայր Ասողիկ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը: 

Հա՛յր Ասողիկ, սոցիալական ցանցերում մարդիկ արդեն բարձրացնում են Վեհափառի հեռացման հարցը նրա այն հայտարարությունից հետո, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի:

Ֆեյսբուքյան գրառմամբ դուք դատապարտել էիք ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության մասին: Ըստ ձեզ՝ ո՞րն է մարդկանց նման բուռն արձագանքի պատճառը: 

– Նման ոչ մի հարց չկա և չի կարող լինել: Իսկ եթե հանրության մեջ կան հատուկենտ անձինք, որ նման հարց են արծարծում, անգիտության, չարամտության ու սիրո բացակայության արդյունք է:

Ինչ վերաբերում է պետական այր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ես այդ մասին իմ էջում գրել եմ, շարադրել իմ մոտեցումն ու պահանջը ոչ միայն որպես քրիստոնյա, եկեղեցական, այլ նաև որպես ՀՀ քաղաքացի: Պետական պաշտոնյան պարտավոր է հարգելու իր ժողովրդի ամենահին ու բացառիկ ազգային ինստիտուտի՝ Հայոց Եկեղեցու և Ամենայն Հայոց Հայրապետի հանգամանքը:

Պետական պաշտոնյան պետք է տարբեր լինի, քան փողոցում գործունեություն ծավալող որևէ գործիչ: Նա այլևս պետություն է մարմնավորում: Այս է նաև ՀՀ Սահմանադրության օրինավոր պահանջը: Ալեն Սիմոնյանին անձնապես ճանաչելով՝ ինձ համար նաև անձնական ցավ է, որ նա կարող էր այդպես դրսևորել իրեն: 

– Իսկ ինչի՞ց է գալիս ձեր նշած սիրո բացակայությունը: 

– Հոգևոր անկրթությունից է, հոգևորապես անկիրթ են շատերը: «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որ ժամանակին իմաստուն վճռով մուտք գործեց հանրակրթական դպրոց, հենց այդ էր հետապնդում, որպեսզի ապագա հայ քաղաքացին ոչ միայն մտավորապես զարգացած լինի, այլ նաև հոգևորապես, իր հոգում ու սրտում ունենա առողջ, անանձնական սերը, որը ոչնչով չի պայմանավորվում, չի կաշառվում:

Դա Ավետարանի այն սուրբ սերն է, որը մեզ ավանդում է Փրկիչ Հիսուս Քրիստոս, որն էլ և մեր կյանքում դառնում է բարություն, համերաշխություն, հանդուրժողություն, կարեկցանք, միություն, միով բանիվ, աստվածային սիրո դրսևորում: Եվ այդ սիրո դրսևորումներով է, որ մենք ճանաչվում ենք որպես ճշմարիտ քրիստոնյաներ:

Քրիստոս Աստված իր հետևորդներին ասաց՝ «Եթե դուք միմյանց սիրեք, բոլորը կիմանան, որ իմ հետևորդներն եք, իմ աշակերտները»: Իսկ սերը վերացական մի բան չէ, սերը կյանք է և տեսանելի ու զգալի գործողություններ:

Միշտ հնչել է այն հարցադրումը, թե ինչո՞ւ է Եկեղեցին աշխարհիկ կյանքին ու հարցերին խառնվում: Գարեգին Բ-ի այդ հայտարարությունն ըստ էության քաղաքական հայտարարություն էր, արդյո՞ք չպետք է զերծ մնալ նման հայտարարություններից:

– Եկեղեցին երբեք քաղաքական հայտարարություններ չի հնչեցնում: Եկեղեցին քաղաքական կառույց չէ: Հայ կյանքում Եկեղեցին ինքը ժողովուրդն է, հասարակական կյանքը նաև հոգևոր, եկեղեցական կյանք է: Եթե մենք ընդունում ենք, որ մեր հասարակության 80 և ավելի տոկոսը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է, հետևաբար հասարակական որևէ խնդիր՝ մեծ կամ փոքր, արժանանում է նաև Եկեղեցու ուշադրությանը: 

Հոգևոր հովիվներն են իրենց խոսքն արտահայտում, թեմակալ առաջնորդներն են իրենց պատգամը բերում իրենց ժողովրդին, և, ի վերջո, նաև Վեհափառ Հայրապետն է, որ իր ամենաբարձր խոսքն է հնչեցնում ի լուր իր ողջ ժողովրդի: 

Մեր կյանքում, մանավանդ անկախությունից ի վեր, չկա մի իրադարձություն, որին Եկեղեցին արձագանքած չլինի՝ պարզ հոգևոր սպասավորից մինչև Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Եկեղեցու ձայնը միշտ լսելի է եղել հանրային կյանքում, և Եկեղեցին միշտ տեսանելի է եղել։ Ցավոք, հաճախ այդ ամենը միտումնավոր չեն տեսնում, չեն նշում կամ էլ խեղաթյուրում են իրականությունը:

– Սա կոնկրետ անձի մասին հայտարարություն էր, և քաղաքական երանգ կար դրանում:

 – Միտքը կոնտեքստից հանելով, այո՛, ամեն ինչ փոխվում է, ինչպես Ավետարանից բառը հանելով՝ մենք վերածվում ենք աղանդավորի: Այնտեղ հստակ ասված է, խորհուրդ կտամ, որ նորից կարդան: Իսկ եթե հարցադրումը կոնկրետ անձի մասին է եղել՝ հստակ պատճառաբանությամբ, հետևաբար, որևէ եկեղեցական այլ կերպ չէր կարող վարվել: 

Երբ գալիս ասում են՝ քո հոտի այսինչ անդամը տառապում է այս հիվանդությամբ, կյանքին վտանգ է սպառնում, և որպես հիմնավորում բերում են բժիշկների մասնագիտական եզրակացությունները, ինչպե՞ս կարող ես դու, որ միշտ սեր ու գթություն ես քարոզում, հանկարծ կարծրացած սրտով այլ մոտեցում ցուցաբերել: 

– Տեսանելի է, որ տարիներ շարունակ Եկեղեցու ղեկավարության նկատմամբ հանրության որոշ հատվածների մոտ անվստահության մթնոլորտ է ձևավորվել: Արդյոք սա նախորդ տարիների գործունեության հետևա՞նք է, որն է պատճառը, թե՞ դուք նման խնդիր չեք նկատում: 

– Չկա նման մթնոլորտ: Անհատների մոտ, այո՛, կարող է լինել, տարբեր պատճառներով, բնական է և օրինաչափ: Բայց հասարակության կյանքում ընդհանուր առմամբ երբեք անվստահություն չկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Եկեղեցու հանդեպ: Հասարակությունն ինքը Եկեղեցին է, հետևաբար Եկեղեցին ինքն իր հանդեպ չի կարող նման վերաբերմունք ունենալ: 

Անհատ եկեղեցականների կամ հավատացյալների նկատմամբ, այո՛, կարող են լինել տարբեր կարծիքներ, դժգոհություններ, նեղսրտություններ, որոնք ենթակա են միմիայն եկեղեցական պատկան ատյաններում մասնավոր քննության և հենց այդտեղ լուծման: 

Մեր հասարակությունն իր ամբողջության մեջ երբեք ու երբեք ժխտողական վերաբերմունք չունի: Ես՝ որպես հոգևորական, շփվում եմ տարբեր ոլորտների շատ անձանց հետ և միայն ու միայն սեր, ակնածանք ու նվիրում եմ տեսնում: Նաև պահանջ կա, որ հոգևորականներս ավելի ակտիվ լինենք, լուծենք հարցեր, որոնք շատ հաճախ մեր իրավասությունների տիրույթից դուրս են: 

Ահա այդ ժամանակ սկսվում է Եկեղեցու անտեսանելի, ոչ բարձրաձայնելի գործունեությունը, երբ պետական պատկան պաշտոնյաների հետ համախորհուրդ փորձ է արվում, ճիգ ու ջանք է գործադրվում ի շինություն Հայրենիքի և ի բարօրություն հարազատ ազգի: Եվ սա պատմության բաժինն է:

– Հեղափոխությունից հետո ինչ-որ փուլում դարձյալ բարձրացվել էր Կաթողիկոսի հեռացման հարցը: Այսինքն՝ այնպես չէ, որ հանրությունն այդ հարցը չի բարձրացնում։

– Այդ հարցը երբեք ու երբեք չի կարող բարձրացվել, և ինչ-որ ակնկալիքներ որևէ մեկը չի կարող փայփայել: Հայոց Հայրապետն ազգընտիր է, Աստծո ցկյանս օծյալը: Հետևաբար, նման հարց նույնիսկ որևէ մեկի մտքում անգամ չի կարող քննարկվել: Բոլոր այդ հարցով ասպարեզ իջնողներին սպասում է այն ճակատագիրը, ինչին արժանացան Կորխը, Դաթանն ու Աբիրոնը. ևս մի հրաշալի առիթ, որ բացենք և ուսումնասիրենք Աստվածաշունչը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am