«Վարչապետի տեսաուղերձի կադրերն այսչափ զզվելի հանրայնացնելը պետք է անպայման արժանի գնահատական ստանա». Գիսանե Պալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Էմփիրեյ» խմբի անդամ, երաժիշտ, կոմպոզիտոր, երաժշտագետ Գիսանե Պալյանը

– Տիկի՛ն Պալյան, երեկվանից բուռն քննարկումների առիթ է հանդիսացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի օգտագործումը և հոլովակի տարածումը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ նպատակով է այդ տեսանյութը շրջանառության մեջ դրվել: Ինչպիսի՞ն պետք է լինի իշխանության արձագանքը: 

– Վարչապետի տեսաուղերձի կադրերը վերցնել և այսչափ զզվելի մոնտաժելը և հանրայնացնելը, ես կարծում եմ, խիստ դատապարտելի են և պետք է անպայման արժանի գնահատական ստանան: Ինչ վերաբերում է պատճառներին, կամ թե ինչու է դա արվել, պարզ է, որ արվել է վարկաբեկելու և էժան ձևով ծաղրելու համար, ինչն անընդունելի է: 

Բոլորս էլ ունենում ենք նկարահանումների ընթացքում աշխատանքային կադրեր, միգուցե կենցաղային տարրերով, ինչը և եղել է վարչապետի պարագայում, բայց դա օգտագործելը, մանավանդ հանրայնացնելը և այսպես մոնտաժելը, այսպիսի զզվելի երանգ տալը այս ամեն ինչին, անընդունելի են և էթիկայի կանոններից դուրս, մանավանդ երբ վերաբերում է երկրի ղեկավարին:

Չեմ կարծում, թե առանձնապես դժվար կլինի հասկանալ և պարզել, թե ով է դա արել, և այս արարքը անպայման պետք է պատժվի, իմ կարծիքով: 

– Տիկի՛ն Պալյան, անդրադառնանք այն իրականությանը, որի մեջ հայտնվել է ամբողջ աշխարհը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կյանքը արտակարգ դրության պայմաններում։ Նկատվում է, որ մարդիկ խստորեն չեն հետևում արտակարգ դրության պահանջներին, փողոցներն ու խանութները մարդաշատ են։ Ինչո՞ւ է այս իրավիճակը։

– Չէի ուզի դատել մարդկանց, բայց մի կողմից մի քիչ անհասկանալի իրավիճակ է։ Կոնկրետ ես՝ որպես քաղաքացի և մարդ, թեպես բժիշկ չեմ, բայց կարծում եմ, որ իմաստ կա այն միջոցառումների մեջ, որոնք առաջադրվել են ու արվում են մեր կառավարության կողմից։

 Եվ ես՝ որպես օրինապահ, ենթարկվում եմ կարանտինի կանոններին, այսինքն՝ երկար ժամանակ տանն եմ։ Այսօր ես իսկապես նկատեցի, որ բակում երեխաներ էին խաղում, մարդիկ գնում-գալիս էին։ 

Հասկանալի է, որ մարդիկ հոգնում են տանը նստելուց, ուզում են դուրս գալ, բայց եթե մենք դա անում ենք ընդհանուր նպատակի համար, բոլորիս համար, պետք է պահպանել կանոնները։

Մենք տեսնում ենք, որ վարակվածության դեպքերը շարունակում են ավելանալ։ Եվ ինձանից ինչ կախված է, ես անում եմ՝ մնալ տանը, չվտանգել իմ ընտանիքի ու իմ առողջությունը, նաև ընդհանուր հանրության։

– Գուցե մարդիկ լո՞ւրջ չեն վերաբերվում այս իրավիճակին, դրանից է գալիս խնդիրը։

– Այո՛, կա այդպիսի խնդիր, լուրջ չեն վերաբերվում։ Եվ ես չեմ կարող մարդկանց մեղադրել, որովհետև մեդիադաշտն այսօր շատ տարբեր տեղեկատվությամբ է հեղեղված։ 

Մարդիկ կարդում են տարբեր տեղեկություններ, դրանցում տողատակերով նաև հասկացվում է, որ պետք չէ լուրջ մոտենալ այս վիճակին, վիրուսն այդքան էլ վտանգավոր չէ և այլն։ 

Ես ինքս էլ վերջնական չեմ հասկանում՝ այս պանդեմիան, որի մասին խոսվում է, իրակա՞ն պանդեմիա է, թե՞ ոչ այդքան։ Բայց զգուշության տեսանկյունից նախընտրում եմ, որ ավելի լավ է տանը մնալ, քան ուղղակի ասեմ՝ ոչ մի բան չի լինի։ Եվ, Աստված մի արասցե, այդ դեպքում կարող է ինչ-որ փորձանք լինի, հարազատիս կամ ուրիշներին վնասեմ։

– Կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հետևանքով սրվում են մարդկանց սոցիալական խնդիրները, ինչպե՞ս պետք է դիմակայել այս վիճակին։

– Ամենացավալի ու սուր հարցն այս իրավիճակում հենց սոցիալական խնդիրներն են։ Մարդիկ ֆինանսական խնդիրներ ունեն, քանի որ այս ընթացքում չեն կարող աշխատել։

Դրա համար կառավարության կողմից ձեռնարկվում են որոշակի միջոցներ, բայց ես կարծում եմ, որ դրանք լիարժեք չեն կարող փոխարինել աշխատող մարդկանց եկամուտներին։

Մենք ցուրտ ու մութ տարիներն անցած հասարակություն ենք, որն աննորմալ զրկանքների միջով է անցել՝ կտրոնով հաց, առանց լույսի, գազի, ջրի, պատերազմ, երկրաշարժ։ Մենք ապրել ենք, չէ՞, այդ տարիներին, ինչ-որ կերպ գոյատևել ենք, դժվարությամբ դիմացել ենք։ 

– Այսինքն՝ դիմացկուն ազգ ենք, սրա՞ն էլ կդիմանանք։

– Ես ուզում եմ ասել, որ մենք այդ ամենի միջով անցանք, որովհետև գիտեինք, որ դա է իրավիճակը, անխուսափելի է։ Շատերը, իհարկե, մեկնեցին Հայաստանից այդ տարիներին։ 

Ուզում եմ ասել՝ անելանելի վիճակ էր ու ավելի ծանր, քան հիմա։ Եթե մենք ընդհանուր գաղափարի, հանրության մասին մտածենք, որ մեր քայլով օգտակար կլինենք ընդհանուր վիճակը շտկելուն, կարելի է ինչ-որ բաների դիմանալ։ Իհարկե, եթե մարդը ծայրահեղ ֆինանսական խնդիրներ ունի, այդ դեպքերում կառավարությունը հնարավորինս փորձում է ինչ-որ բաներ անել։

Եթե մարդիկ դուրս են գալիս, ինչ-որ տեղ են գնում, չեն պահպանում այդ կարանտինը, որովհետև պետք է աշխատանքի գնան, գումար աշխատեն, ես դա որոշ չափով հասկանում եմ։ Բայց եթե մարդիկ ուղղակի ոտնահարում են արտակարգ դրության կանոնները, առանց անհրաժեշտության են տնից դուրս գալիս, ես դա չեմ հասկանում։

Կառավարության աջակցության քայլերն արդյոք բավարա՞ր եք գնահատում։ Օրինակ՝ որոշ խմբերի համար կոմունալ վարձավճարները մասնակի փոխհատուցելու ծրագրերը բուռն քննարկվեցին, ոմանք քիչ են համարում աջակցության չափը։

– Մեր կառավարությունն ու իշխանությունը հայտնվել են շատ ծանր ու երկակի դրության մեջ։ Ես տնտեսագետ չեմ, բայց որպես շարքային քաղաքացի հասկանում եմ, որ մեր՝ ոչ այնքան փայլուն վիճակում գտնվող տնտեսության պայմաններում երևի մաքսիմալ քայլեր են արվում, որպեսզի այս ամենից դուրս գալուց հետո նաև մեր տնտեսությունը չփլուզվի։

Ես իշխանություններին վստահում եմ, համենայնդեպս, ուզում եմ հավատալ, որ արվում են մաքսիմալ քայլեր, որոնք այս պարագայում պետք էին։

Եթե մենք հաշվի առնենք, թե ինչքան մարդ է ստանալու աջակցությունը, եթե այդ մարդկանց թիվը բազմապատկենք աջակցության միջին գումարներով, երևի մեծ թվեր կստանանք, որոնք կանգ առած կամ մասնակի աշխատող տնտեսության պարագայում բավական մեծ թվեր են։

Ես չեմ կարող ասել՝ ավելին կարելի՞ էր անել, թե՞ ոչ։ Եթե այսօր վերցնեն ու բաժանեն բոլոր գումարները, հետո՞, բա վաղն ի՞նչ ենք անելու։ Ես ուզում եմ հավատալ, որ հնարավոր ամեն ինչ արվում է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am