Կաբինետային աշխատաոճը վերադարձել է նախարարություն, կրթական բարեփոխումներ չեն իրականացվում, տեսլական չկա․ Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

– Պարո՛ն Խաչատրյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությունից են դժգոհ, և որոշ շրջանակներ պնդում են, որ նախարարը ձախողել է ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Դուք ի՞նչ կասեք, տեսնո՞ւմ եք էական կամ հեղափոխական փոփոխություններ կրթության ոլորտում։

– Սկզբնական շրջանում, այսինքն՝ հեղափոխությունից անմիջապես հետո, շատ լավ իրավիճակ էր երկրում, մեծ ոգևորություն կար, բոլոր կրթական քննարկումներին դահլիճները լեփ-լեցուն էին, այսինքն՝ մեծ թվով մարդիկ ասելիք ունեին, քննարկումներ էին գնում։

Բայց ինչ-որ մի պահ եղավ, որ այդ թելը կտրվեց, այսինքն՝ նախարարության, քաղաքացիական հասարակության, փորձագետների, քաղաքացիների, ծնողների հետ կապը, մասնակցայնության էլեմենտը կտրվեց, և նախարարությունը մի տեսակ սկսեց խոսել այն մասին, որ իրենք գիտեն՝ ինչ կանեն, ծրագրերը շուտով կլինեն և այլն։

Խոստում տրվեց, որ 2022 թվականին բոլորովին այլ կրթական համակարգ է լինելու Հայաստանում, և մի տեսակ էդպես պաուզա տրվեց, և բոլորը սպասում են, որ ինչ-որ բան պետք է փոխվի։ Երկու տարուց ավելի անցավ, բայց այսօր ո՛չ տեսլական կա, ո՛չ ռազմավարություն։

Այսինքն՝ փաստաթղթերը սահմանված ժամկետներից էապես հետ են մնում։ Որոշ փաստաթղթեր պետք է անցած ամռանը պատրաստ լինեին, որոշ փաստաթղթեր՝ այս տարվա սկզբին, բայց այդ ամենը չարվեց։

Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ այդ հեղափոխական էներգիան, դրական ոգևորությունը ինչ-որ կերպ մուլտիպլիկացիա չարվեց, չինստիտուցիոնալացվեց, և հիմա անընդհատ խոստումներ են տրվում, որ շուտով կլինի, շուտով կլինի, բայց ժամանակը գնում է։ 

Արդեն իսկ կան որոշակի հիասթափություններ։ Նախարարության թիմը փոխվեց, եկան նոր փոխնախարարներ, մշակույթի և սպորտի ոլորտի միացումը նախարարությունը դարձրեց դանդաղաշարժ, որովհետև 4-5 ոլորտներ մեկ նախարարության մեջ են։

Այս իմաստով իրավիճակը շատ մտահոգիչ է։ Հիմա արդեն մենք բոլորս տեսնում ենք, որ իշխանության գործը ավելի է դժվարացել, որովհետև շատ մարդիկ հիասթափվեցին, քաղաքական պրոցեսներ են գնում, և գուցե իշխանությունը հիմա ավելի շատ կենտրոնանա այդ հարցերի վրա, քան բուն կրթության ոլորտի բարեփոխումների։ Ես թիմ չեմ տեսնում, բարեփոխիչների թիմ չկա։ Այն մարդիկ, ովքեր իր հետ էին, այսօր չկան։

Ինչպե՞ս կարող է նախարարությունը հեղափոխությունից հետո երկու տարվա ընթացքում տեսլական չունենալ։ Նայեք՝ Շիրակի պետական համալսարանը երկու տարի է՝ ռեկտոր չունի, նույնը ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Գնահատման և թեստավորման կենտրոնը տնօրեն չունի։ Այսինքն՝ հեղափոխությունից հետո այս հարցերը դու պետք է շատ արագ լուծես, բայց թիմը չկա, ու այդ հարցերը անընդհատ ձգձգվում են։

– Իսկ ի՞նչը խանգարեց նախարարին առաջ տանել այդ փոփոխությունները։ Համակարգում սաբոտա՞ժ է արվում, ինչպես հաճախ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, թե՞ այլ պատճառներ կան։

– Ռեֆլեքսիա չարվեց, այսինքն՝ նախկինում տեղի ունեցած պրոցեսները վերլուծության չենթարկվեցին։ Այսինքն՝ ես մտածում էի էսպես․ նախարարությունը առաջին քայլով պետք է փորձեր հասկանալ՝ նախորդ տարիներին ի՛նչ է արվել և ի՛նչն է սխալ արվել, որտե՛ղ են եղել թերացումները, վրիպումները, որտե՛ղ պետք է այլ կերպ աշխատել։

Այդ ռեֆլեքսիան եթե չես անում, արդեն մնում ես ընթացիկ հարցերի իներցիայի մեջ։ Այդպես էլ եղավ՝ նախարարությունը սկսեց կենտրոնանալ պայուսակների քաշի, դպրոցական համազգեստի վրա, և այդպիսի ոչ այդքան կարևոր հարցեր բերվեցին օրակարգ, իսկ այն գլխավոր հարցերը, որոնք պետք է քննարկվեին, չքննարկվեցին։

Կաբինետային աշխատաոճը նորից հետ եկավ, և, բնականաբար, այդ պարագայում դու ռեֆլեքսիա չես անում, կորցնում ես կապը հասարակության հետ, իսկ դա քեզ դարձնում է այդ իներցիայով գնացող։ Ցանկացած նախարարություն ունի շատ ուժեղ իներցիա, որովհետև համակարգում աշխատողները երկար տարիներ է՝ այդտեղ են, ու ես նրանց չեմ մեղադրում, նրանք իրենց իներցիայով գնում են։ Պետք է առաջնորդը այդ իներցիան փոխի։

Ես չեմ ընդունում այն տեսակետը, երբ ասում են՝ միջին օղակները դիմադրում են։ Այդքան էլ այդպես չէ։ Ղեկավարի հիմնական խնդիրն այն է, որ փորձի օգտագործել միջին օղակների ներուժը, կարողությունները։

Ղեկավարն իրավունք չունի բողոքել միջին օղակներից, դա կառավարման տեսանկյունից ճիշտ չէ, եթե ղեկավարը բողոքում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանցից, դա վատ նշան է, դա նշանակում է, որ համակարգը նորմալ չի կառավարվում։ 

– Նաև ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանն էր համակարգի խնդիրների մասին բարձրաձայնել հրաժարական ներկայացնելիս։ Ի դեպ, ինչպե՞ս եք վերաբերվում նրա հրաժարականին։

– Քանի որ երկար տարիներ կրթության ոլորտում աշխատել եմ, ես Սմբատ Գոգյանին հիշում եմ դեռ աշակերտական տարիներից, երբ նա մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում որպես դպրոցական մեդալ նվաճեց։

Այսինքն՝ նա բավական տաղանդավոր տղա է, բոլորս էլ գիտենք, որ համաշխարհային օլիմպիադայում մեդալ նվաճելը շատ բարձր ինտելեկտի նշան է։ Սմբատը նաև ֆիզիկայի ոլորտում կրթություն ստացավ, ուսուցիչ էր, դասախոս էր, գիտությունների դոկտոր, այսինքն՝ մարդ է, որը կրթության ոլորտը շատ լավ գիտի։ Բացի այդ, ազնիվ, սկզբունքային մարդ է, արժեքներ ունեցող։

Այս իրավիճակում մենք պետք է այդ տեսակի մարդկանցով փորձենք համակարգը փոխել։ Ես հասկանում եմ՝ գուցե շատ քայլեր կտրուկ վախեցրեցին, և դիմադրություն եղավ, չթողեցին, որ այդ քայլերն անի, ես հասկանում եմ, որ գիտության ոլորտում երբեմն երբ փորձում ես համակարգային խնդիրներ փոխել, շատ ցավոտ է լինում։

Բայց այդ ամենը մի կողմ, պետք է փորձենք մեր լավագույն կադրերին պահել։ Այստեղ ես անձի հարց չեմ քննարկում, խնդիրը հետևյալն է՝ համակարգը պետք է կարողանա լավագույններին պահել, վատ աշխատողներին դուրս անել։ Եթե համակարգն այդ ուղղությամբ չի աշխատում, ուրեմն լավ չի աշխատում։

Եթե բազմաթիվ ազնիվ, լավ, սկզբունքային մարդիկ հիմա Սմբատի օրինակին նայեն, միգուցե իրենք էլ ասեն, որ չեն ուզում պետական համակարգում աշխատել։ Այն մարդիկ, ի դեպ, որոնք Սմբատի հետ մեդալներ նվաճեցին, այսօր Հայաստանում չեն, այսօր այդ մարդիկ իրենց ուղեղը ծառայեցնում են ուրիշ երկրների տնտեսությանը և գիտությանը։

Մենք անընդհատ բողոքում ենք, թե ուղեղների արտահոսք է եղել Հայաստանից, է, հիմա այս մարդը մնացել է Հայաստանում, ինչո՞ւ չենք օգտագործում նրա ուղեղը։

– Պարո՛ն Խաչատրյան, Գոգյանը կոնկրետ օրինակ էր մատնանշել՝ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի մասին, և ասել, որ նրա ատենախոսությունը ևս արտագրություն է, և որ նա այժմ զբաղեցնում է այդ պաշտոնը հովանավորչության շնորհիվ։ Ինչպե՞ս է այդպես ստացվում։

– Ամբողջ խնդիրն այստեղ այն է, որ այդ համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարը հեռացվեց պաշտոնից այն ժամանակ, երբ նրա ատենախոսության մեջ խնդիրներ հայտնաբերվեցին։

Հիմա եթե մենք հայտարարում ենք, որ սա մեզ համար գործելաոճ է, որ մենք թույլ չենք տա խնդիր ունեցող մարդը բուհ ղեկավարի, ուրեմն պետք է այդ սկզբունքը միշտ կիրառել։ Հիմա կարծում եմ, այս հարցը էլի կարելի է լուծել, միգուցե փորձել ստեղծել օբյեկտիվ մի քանի խմբեր, օրինակ՝ երեք միմյանցից անկախ խմբեր, և եթե երեքն էլ նույն եզրակացությունը տան գիտական աշխատանքի վերաբերյալ, ուրեմն այդ ժամանակ կարելի է ճանաչել աշխատանքը։

Այս պրոցեսը պետք է թափանցիկ լինի։ Հիմա Սմբատ Գոգյանը կասկած արտահայտեց, տեսակետ հայտնեց, պետք է հիմա համոզիչ փաստերով ցույց տալ, որ այդպես չէ։ Չէ՞ որ հայտարարվեց, որ մենք կարևորում ենք ակադեմիական ազնվությունը, դեմ ենք գրագողությանը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am