«Բուկովսկի ավելի լավ եմ կարդում, նեղվեցի, Բուկովսկու պատճառով սիրտս ցավեց․․․.». Արթուր Մանուկյան

«Մեդիալաբի» հարցազրույցը նախկին դերասան, այժմ ԱԺ պատգամավոր Արթուր Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, քիչ առաջ ԱԺ դահլիճում ձեր և Նաիրա Զոհրաբյանի միջև հեռակա վեճ եղավ․․․

– Չենք վիճաբանել, տիկին Զոհրաբյանն ինձ ասաց՝ կկարդաս Բուկովսկի, ես էլ ասացի՝ կկարդամ, Բուկովսկի ավելի լավ եմ կարդում։ Մի քիչ նեղվեցի, Բուկովսկու պատճառով սիրտս ցավեց․․․

– Ինչո՞ւ

– Դե, Բուկովսկի շատ եմ սիրում, չեմ սիրում, որ նրան ընդհանրապես օգտագործում են, էլի։

– Տեղին չէ՞ր այսինքն Բուկովսկի կարդալը։

– Չէ՛, քաղաքական նպատակներով չեմ սիրում, որ արտասանում են Բուկովսկի։

– Ի՞նչ էր ուզում Զոհրաբյանը ասել՝ Բուկովսկի ընթերցելով, ըստ ձեզ։

– Բուկովսկու գործը կյանքի տարբեր ոլորտներում անարդարությունների դեմ է։ Նա դա կարդաց որպես մեզ մեղադրանք, բայց ինձ թվում է՝ մի հատ էլ պետք է կարդա Բուկովսկի ու գտնի իրական հասցեատիրոջը՝ ում է ուղղված։

– Լավ, քաղաքական գլխավոր թեմայի մասին։ Ի վերջո, դուք ձեզ համար պարզե՞լ եք՝ քաղաքական գործընթա՞ց է խորհրդարանում այսօր կատարվողը, թե՞ իրավական։

– Այո՛, իհարկե պարզել եմ, քանի որ իրավական գործընթացը վերաբերում է քաղաքական գործչի, պարզ է, որ կարող է սխալ թվալ, և հայտարարեն, թե քաղաքական գործընթաց է։ Բայց սա իրավական գործընթաց է, վստահ եմ։ Մարդը կուսակցության, քաղաքական ուժի ղեկավար է, և ոմանք կարող են շահարկել։ Այսօր ամբողջ օրը ծանոթացանք գործի նյութերին, ու դրա հիման վրա եմ ասում։ Եվ ընդհանրապես, շուտով 50 տարեկան կլինեմ և ապրել եմ այս երկրում, կներեք, էլի, շատ բան եմ տեսել։ Կարծում եմ՝ չեք մտածում, որ ես լուսնից եմ իջել։ Հեղափոխությունից հետո բացվել են դռներ փաստեր հավաքելու համար, մարդիկ հավաքել են, մենք էլ մեր որոշումը կկայացնենք։ 

– Ի՞նչ կարող է լինել հետո։

– Կհարցաքննվի պարոն Ծառուկյանը, իրավական գործընթացը կգնա, և եթե պարոն Ծառուկյանը անմեղ է, կգա խորհրդարան, կնստի, կասենք՝ այո՛, արդարությունը հաղթեց, եթե մեղավոր է, կգնա, կնստի, կասենք՝ այո՛, արդարությունը հաղթեց։ Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ արդարությունը կհաղթի, որովհետև մեր ժողովուրդը արդարության կարիք ունի։ Ես լսեցի դատախազին, կանեմ իմ հետևությունները և կսպասեմ արդարադատությանը, արդարությանը։ Ինչ էլ լինի՝ պետք է անմեղության կանխավարկածը հաշվի առնել։

– Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ երկրի տնտեսությունը վատ վիճակում է․․․

– Կներե՛ք, բայց աշխարհում 200-ից ավելի պետություն կա, և բոլոր այն պետություններում, որտեղ կորոնավիրուսի վարակ կա, դրանցում տնտեսական լուրջ խնդիրներ կան։ Կորոնավիրուսի պատճառով շատ-շատ պետություններ մեծ դժվարություններ են կրում, այդ թվում՝ նաև Հայաստանը։

– Այսինքն՝ չե՞ք տեսնում հիմքեր կառավարության հրաժարականը պահանջելու։

– Ես չեմ հասկանում իրենց մոտիվը հրաժարական պահանջելու, թող իրենք բացատրեն։ Իրենք ի՛նչ են ասում, ասում են՝ տնտեսությունը վատ վիճակում է, բոլոր ոլորտներում կառավարումը ձախողված է, և կառավարությունը 100 տոկոսով պետք է հրաժարական տա։ Ես չեմ կիսում նրանց այդ մտքերը։ 

– Նաև միավորվում են Արթուր Վանեցյանի ղեկավարած ուժի, Դաշնակցության հետ․․․

– Այո՛, պատմությունը կրկնվում է՝ առաջին անգամ ողբերգություն էր, երկրորդ անգամ՝ որպես կատակերգություն։ Առաջին անգամ, եթե մենք հիշենք 1920 թվականը, այն ժամանակ ողբերգություն տեղի ունեցավ հայ ժողովրդի համար, իսկ երկրորդ անգամ՝ 2020 թվականին՝ որպես կատակերգություն։ Կատակերգուները հանրությունից կստանան իրենց գնահատականը։

– Պարո՛ն Մանուկյան, դուք քաղաքական մարմնի ներկայացուցիչ եք, դուք ձեզ համարո՞ւմ եք քաղաքական մարդ։

– Ես ինձ համարում եմ հեղափոխական մարդ։

– Զղջո՞ւմ եք, որ եկել եք խորհրդարան։

– Իհարկե ցավում եմ, որ այս պահին թատրոններում չեմ խաղում, կինոներում չեմ նկարվում, դա շատ ցավալի է ինձ համար, բայց հեղափոխություն է եղել, ես հեղափոխական եմ ու շարունակում եմ հեղափոխություն անել։ Այս երկիրը պետք է հեղափոխություն անի մինչև վերջ՝ ֆիզիկական, մտային և հոգևոր։ Այդտեղ ես դեռ գործ ունեմ անելու։

– Այսօր ինչ կատարվեց խորհրդարանում՝ հեղափոխությո՞ւն էր ըստ ձեզ։

– Իմ կարծիքով՝ Հայաստանում ֆիզիկական հեղափոխությունը եղել է, սկսվել է մտքի հեղափոխությունը, և կգա նաև հոգու հեղափոխությունը։

– Շատերն ասում են՝ իշխող ուժը հեղափոխության օրակարգից շեղվել է, դուք ի՞նչ եք կարծում։

– Արդարությունը վերականգնում են արդար ձևով, օրինականությունը վերականգնում են օրինական ձևով։ Դա դժվար ճանապարհ է, դա մի քիչ երկար ճանապարհ է, բայց դա, ես կարծում եմ, միակ ճանապարհ է, որ ինչ-որ մի հանգրվանի կբերի։

Եվ ճիշտ հանգրվանի կբերի։ Մյուս ճանապարհները զարգացման չեն տանում։ Օրինականությունը պետք է վերականգնել միայն օրինական ձևով, արդարությունը պետք է վերականգնել միայն արդար ձևով։ Այլ կերպ չի լինում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am