ՍԴ դատավորի պաշտոնում նախկին կոռուպցիոների անհայտ որդուն թեկնածու առաջադրելը խայտառակություն է․ Լուսինե Հակոբյան

Կառավարության այսօրվա նիստում միաձայն որոշվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածու առաջադրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Կառավարության ներկայացրած թեկնածուն դեռ քննություն պետք է անցնի նաև Ազգային ժողովում, որտեղ էլ կամ կընտրվի, կամ ոչ։ 

Այս հարցի շուրջ «Մեդիալաբը» զրուցել է «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության համանախագահ, իրավապաշտպան, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ։

– Տիկի՛ն Հակոբյան, դուք կարծես դժգոհ եք, որ Կառավարությունն այդ թեկնածուին է առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում։ 

– Ես դժգոհ չեմ, ես դա խայտառակություն եմ որակում։

– Ինչո՞ւ։

– Որովհետև դա արժեբանական հարց է և չի կարող հետհեղափոխական Հայաստանում նման առաջադրում տեղի ունենալ հեղափոխական կառավարության կողմից։ 

– Կմանրամասնեք՝ ի՞նչ նկատի ունեք, որպեսզի ավելի հասկանալի լինի ընթերցողի համար։ 

– Ես իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել եմ տեսանյութ , որում կարող եք տեսնել՝ 2010 թվականին միջազգային իրավապաշտպան հայտնի «ՖԻԹԱՇ» կազմակերպությունը իր համաժողովն էր անցկացնում Հայաստանում, և Դավիթ Ավետիսյանը՝ այդ Վահրամ Ավետիսյանի հայրը, ելույթ էր ունենում, ու իրավապաշտպանները ակցիա էին անցկացնում։

Այդ իրավապաշտպանների թվում էին՝ Լևոն Բարսեղյանը, Վարդգես Գասպարին:  «Նուվել դ՚Արմենի»-ի թղթակից Սեդա Մավյանը ևս միացավ և ֆրանսերեն ներկայացրեց մասնակիցներին՝ ինչ է կատարվում, և ինչ է ակցիայի մասնակիցների պահանջը։

Մավյանը ֆրանսերենով ամոթանք հնչեցրեց Դավիթ Ավետիսյանի հասցեին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը, և նա էր հիմնական պատասխանատուն այդ տարիներին Հայաստանում առկա քաղբանտարկյալների ու խեղված ճակատագրերի համար։

Մարդիկ պարզապես թույլ չտվեցին, որ նա խոսի, ամոթանք տվեցին, ու նա հեռացավ այդ դահլիճից։ Հիմա, ինչքանո՞վ է նորմալ, որ այդ կոռուպցիոներները, այդքան ճակատագրեր խորտակած անձանց երեխաները, որոնք փափկասուն կյանքով են ապրել ու վայելել են իրենց հայրերի տխրահռչակ գործունեության պտուղները ու դրա շնորհիվ են հարթել իրենց կարիերան, նոր Հայաստանում առանց արժեբանական թեստ անցնելու, որևէ լուրջ իրավապաշտպան գործունեությամբ հայտնի չլինելով, նրանց վստահվի նման կարևորագույն, պատասխանատու պաշտոն մեր պետության պատմության ամենապատասխանատու ժամանակահատվածում։

– Գուցե որդին արդարացնո՞ւմ է իրեն և տարբեր է, քան հայրը։

– Ամբողջ հարց այն է, որ որևէ մեկը չգիտի՝ արդյոք որդին արդարացնո՞ւմ է իրեն կամ արդյոք որդին տարբեր է, քան հայրը, և ինքն էլ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, որ հասկանալի լիներ՝ արդյոք դատապարտելի՞ է համարում իր հոր անցյալի գործունեությունը։

Չէր էլ ակնկալվում, որ նա նման հայտարարությամբ հանդես կգար, հակառակ դեպքում չէր հարթի այն ճանապարհը, որն անցել է պրոֆեսորադասախոսական ասպարեզում։ Ակնհայտ է, որ ինքն իրեն պարտական է համարում հորը։ Կարծում եմ՝ այս հարցականների պարագայում անգամ նման առաջադրումը խայտառակություն է։ 

– Ինչո՞ւ են Կառավարության նման որոշումները դժգոհության տեղիք տալիս, նրանք ձեր մատնանշած արժեբանական թեստն անցկացնելու անհրաժեշտությունը չե՞ն զգացել, անհրաժեշտ չե՞ն համարել։ 

– Այդ հարցը, իմ կարծիքով, պետք է հենց իրենց ուղղել։ Բայց կարծում եմ, մեր պետությունում կային արժանավոր թեկնածուներ, որոնք նույն այդ Կառավարության պայքարի ընկերներն են եղել, գաղափարակից են եղել, ունեն արժեբանական ընդհանրություններ այսօր իշխանության գտնվող ուժի հետ։ Սա արժեքների հարց է։

Չի կարող իսկապես էդպիսի պատմություն ու անցյալ ունեցող մեկի անհայտ որդին ուղղակի նշանակվի այդ կարևոր պաշտոնում։ Ես կարծում եմ՝ այդ թեկնածությանը Ազգային ժողովը պետք է դեմ քվեարկի և հնարավորություն ընձեռի, որպեսզի Հայաստանում այդ պատասխանատու պաշտոնը զբաղեցնի բարձր հեղինակություն և արժանավոր արժեհամակարգ ունեցող մեկը։

– Հնարավո՞ր է Կառավարությունը նման թեկնածուով իրեն երաշխավորում է, որ միանգամայն անկախ թեկնածու է առաջադրում, որը կապ չի ունեցել իր հետ և, ինչպես դուք ասացիք, պայքարի ընկեր չէ։

– Ինչպես տեսնում եք՝ նման մտածողությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնում,ս և այդ, այսպես կոչված, անկախները, տեսնում ենք, թե որքանով են անկախ իրենց դրսևորում հատկապես նախկին շրջանակներից։ Ես կարծում եմ՝ եթե այդպես են մտածում, դա ուղղակի նաիվություն է։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am