Խաղաղ գործընթացում մենք որևէ առաջընթաց չունենք

Վահրամ Թոքմաջյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը արտաքին քաղաքականության ամենաառանցքայինն է: Այն միակն է, որ կարող է ճակատագրական ազդեցություն ունենալ Հայաստանի նաև ներքին կյանքի վրա՝ մեկ օրում բնականոն զարգացումը փոխարինելով ռազմական օրակարգով:

Մենք դա անցել ենք ու այսօր դեռ չենք հեռացել այդ հեռանկարից: Քանի ունենք արկածախնդրությունը չբացառող հարևան, միշտ պետք է պատրաստ լինել պատերազմի:

Վերջինիս միակ այլընտրանքը բանակցություններն են, խաղաղության տեսլականն ու հույսը (գուցեև՝ հույսի պատրանքը), որ կարող է զսպել Ադրբեջանին ռազմական գործողությունների դիմելու բուռն մղումից:

Ընդ որում, հարցն այն չէ, որ մենք պետք է ցուցաբերենք ավելորդ զգուշավորություն, պարզապես յուրաքանչյուր գերատեսչություն պետք իր աշխատանքը պատշաճ կատարի: Բանակը կատարում է:

Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը ստանձնելուց մի քանի ամիս առաջ ԵԱՀԿ նախարարական հավաքում կողմերին պաշտոնապես ներկայացվեց Մադրիդյան փաստաթուղթը:

Ութ տարի անպտուղ բանակցություններից հետո իրավիճակն այնքան սրվեց, որ Ալիևը հավատաց իր ուժերին և սանձարձակեց պատերազմ, որի հետևանքները մենք դեռ երկար ենք կրելու:

Սարգսյանի օրոք մեզ ներկայացվեցին Կազանի փաստաթուղթը, որը նա պատրաստ էր ստորագրելու, ապա՝ Լավրովի պլանը, որն անընդունելի դրույթներ էր պարունակում:

Հաշվի առնելով հարցի խորությունը՝ մենք չենք կարող բոլոր մանրամասներով ասել, թե ինչ ժառանգություն է հասել Փաշինյան վարչապետին: Դրա փոխարեն գիտենք վարչապետի նոր մոտեցումը, որի հիմքում բանակցությունները բնականոն ձևաչափի վերադարձնելն է՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ:

Այդ հայտարարությունից անցել է շուրջ 2 տարի 3 ամիս: Ի՞նչ նորություն կա խաղաղ գործընթացում, որտե՞ղ ենք մենք այսօր:

Բանակցությունները հիմնականում վարում է արտաքին գործերի նախարարը: Այլ օղակ չկա: Վարչապետը տևական ժամանակ է՝ ինչ չունի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական կամ օգնական:

Բանակցություններ վարող Մնացականյանն առիթ է ունեցել ասելու, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ իրենց հերթին պնդում են, որ իրենց միջնորդության հիմքում Մադրիդյան սկզբունքներն են:

Թողնենք համանախագահներին, տեսնենք, թե ինչ է ասում Հայաստանի ԱԳ նախարարը:

«Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա մի քանի մանրամասներ է բացել բանակցային գործընթացում մեր մոտեցումներից:

Մասնավորապես, պատասխանելով բովանդակային բանակցություններ վարելու վերաբերյալ հարցին, նախարարը ասել էր. «Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, և այս շրջանում մեզ համար ձևավորվել է երեք աշխատանքային ուղղություն։

Առաջին ուղղությունը վերաբերում է սուբստանտիվ հարցերին, որտեղ մենք հետապնդել ենք էական, կարևոր նպատակներ՝ ամրագրելու այն գերակայությունները, որոնք մեզ համար առաջնային են, և որոնց ճիշտ արտահայտումը հիմնական անհրաժեշտ բաղադրիչներից է՝ համապատասխան փոխզիջումներ կառուցելու համար: …

Դա ստատուսն է և անվտանգությունը։ Եվ այդ երկու բառը իրենց մեջ պարունակում է բավական մեծ բովանդակություն՝ սուբստանցիա։

Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով»:

Երկրորդը՝ բանակցությունների համար համապատասխան միջավայրի ձևավորումն է, առանց որի բովանդակային քննարկումները անհնար են:

Երրորդ հիմնական ուղղությունը Արցախի մասնակցությունն է, ներգրավումը բանակցային գործընթացի մեջ:

Հուլիսյան իրադարձությունների ժամանակ մեզ որևէ երկիր չսատարեց: Արձագանքելով այս խնդրին՝ նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «այն հարթակն է, այն ձևաչափն է, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես խաղաղ գործընթացի համար հիմնական հարթակ, և այդ մանդատը տրված է երեք համանախագահներին միջազգային հանրության կողմից:

Իրենց դիրքորոշումը ստացել է միջազգային հանրության կողմից լայն աջակցություն, որն արտահայտված է բազմաթիվ ձևերով՝ թե՛ առանձին պետությունների կողմից, թե՛ ԵԱՀԿ-ի կողմից, թե՛ ԵՄ-ի կողմից, թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: …

Այդ դիրքորոշումը մեզ համար ավելի մեծ նշանակություն ունի, քան որևէ սպորտի մեջ ներգրավվելը և գնահատելը, թե ինչպես Թուրքիան ավելի շատ աջակցեց Ադրբեջանին, թե ավելի քիչ Հայաստանին»: 

Այստեղ կարելի է անել եզրակացություններ: Մենք չենք խոսի միջազգային այն հեղինակավոր ինստիտուտների մասին, որոնք կարևորել են Մադրիդյան սկզբունքները՝ որպես բանակցությունների հիմք, այլ կշեշտադրենք միայն նախարար Մնացականյանի կողմից կարևորվող ԵԱՀԿ Մինսկի խումբը: Եվ ահա թե ինչ է ասում վերջինս Մնացականյանի կողմից վերը նշված երեք ուղղությունների մասին:

Ստատուս ու անվտանգություն:

Մինսկի խումբը դա դիտարկում է 2009 թ. փաթեթի մեջ, ինչի մասին հստակ խոսում է իր վերոնշյալ հայտարարություններով:

Առանձին ստատուս ու անվտանգություն չկա. համանախագահները դա պայմանավորում են տարածքների հարցով, փախստականների վերադարձով և ԼՂ այնպիսի միջանկյալ կարգավիճակով, որ անվտանգության երաշխիքներ կտա:

Ու ընդգծում, որ բոլոր փորձերը այս սկզբունքները այլ սկզբունքներից առանձնացնել անհնարին կդարձնի բալանսավորված կարգավորումը:

Կրկնում եմ՝ սա ասում են համանախագահները, նրանք, ում գործունեությունը ամենակարևորն է գործընթացի համար: Այսինքն՝ «ստատուսի ու կարգավիճակի» խնդիրների մեզ ձեռնտու որևէ ամրագրում չի արվել:

Բանակցությունների համար նպաստավոր միջավայրի ձևավորում:

27 ամիսը բավական չեղավ դրա համար, և ռազմատենչ հռետորաբանությունը, որը մի պահ, կարծես, նվազել էր, հիմա կրկին վերադարձել է:

Դիվանագիտությունը չկարողացավ զսպել նման կոչերը: Մինսկի խումբն էլ երկրորդ տասնամյակը շարունակ իր հերթապահ հայտարարություններով կոչ է անում ձեռնպահ մնալ նման գործելաոճից: Կարծես թե բավարար չեղավ նաև Փաշինյանի աննախադեպ լեգիտիմությունը ներսում:

Արցախի մասնակցությունը, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ:

Որևէ միջազգային ինստիտուտ կամ երկիր չի սատարել մեր այս նախաձեռնությունը:

Երկու տարուց ավելի այս պատկառելի ժամանակահատվածում մենք չունենք և ոչ մի առաջընթաց այս հարցերում: Ավելին, ունեցանք ռազմական բախում, լարվածություն սահմանին, զոհեր:

Այն, որ մեր զինված ուժերն իրենց ցուցաբերեցին լավագույնս, որևէ կապ չունի դիվանագիտության հետ: Պատերազմը, ռազմական բախումը դիվանագիտության պարտությունն են:

ՀՀ ԱԳՆ-ն առանձնացրել է երեք հիմնական ուղղություն. որևէ մեկում չունի որևէ առաջընթաց: Ավելին՝ ստատուսի ու կարգավիճակի հարցում մենք հայտնվել ենք 2009 թ. մակարդակին, և դրա մասին են ասում հենց համանախագահները:

Սա լրջագույնն է, որի շուրջ իշխանությունները կարիք ունեն մտածելու: Առաջընթացի բացակայությունը նույն տեղում մնալը չէ, դա հետընթաց է, որը այս դեպքում արտահայտվեց սահմանին լարվածության աճով՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Հ.Գ. Հուլիսի 23-ին վարչապետը հրապարակել էր մեր նոր դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ: Դրանցից կառանձնացնեի Արցախի ներգրավումը բանակություններում և հրադադարի պահպանման միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը:

Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչպե՛ս է կատարվելու այս հանձնարարությունը, և արդյո՞ք դիվանագիտությունն իր տեղում է:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am