570 հազար 294 եվրո ՀՀ պետբյուջեից` արդարադատության պակասի համար. Մարդու իրավունքների եվրոպական դատարան

570 հազար 294 եվրո ՀՀ պետբյուջեից` արդարադատության պակասի համար. Մարդու իրավունքների եվրոպական դատարան
570 հազար 294 եվրո ՀՀ պետբյուջեից` արդարադատության պակասի համար. Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը 2013-ի հունիսի 21-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումներով սեփական երկրում արդարադատություն չգտած և Հայաստանի դեմ ՄԻԵԴ հայց ներկայացրած քաղաքացիներին վճարել կամ վճարելու է 570.294 եվրոյին համարժեք դրամ: 

Փաստաբան Հայկ Ալումյանն ասում է, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկված գանգատները հիմնականում վերաբերում են արդար դատաքննության իրավունքին, անհիմն ազատազրկմանը և սեփականության իրավունքի խախտմանը: Կան նաև խոշտանգումներին, անձնական կամ ընտանեկան կյանքին անհիմն միջամտությանը, խղճի, դավանանքի ազատության խախտմանը վերաբերող գանգատներ:

«Իմ տվյալներով՝ հիմնական գանգատները առաջին երեքն են: Ընդհանրապես, արդար դատաքննության իրավունքի խախտումն առավել հաճախ քննարկվող հարց է, մնացած բոլոր խախտումներն այս կամ այն չափով առնչվում են սրան»,-«Մեդիալաբին» ասում է Ալումյանը և հավելում, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 6-րդ հոդվածը` արդար դատաքննության իրավունքը, լայն է մեկնաբանվում:

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ն սկսել է քննել և լուծում տալ 2007-2010 թվականներին ներկայացված գանգատներին: «Սրանք այն տարիներն են, երբ Հայաստանի Վճռաբեկ դատարանը 95 տոկոս դեպքերում առանց պատճառաբանական մասի հետ էր ուղարկում դիմումները: Այսինքն՝ այն ֆիլտրը, որը պետք է բացառեր, որ իրավունքի խախտումները դադարեն, հիմնականում չէր գործում: Սրանք այն գործերն են, որոնք Վճռաբեկ դատարանում համարել են քննության ոչ արժանի»,- նշում է Ալումյանը:

ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանի խոսքով, Հայաստանից ՄԻԵԴ ներկայացվող դիմումների թիվը այլ երկրներից ստացվող դիմումների համեմատ,  փոքրաթիվ է:

Այդ դիմումների 80 տոկոսը, չեն մերժվում և ընդունվում են հետագա քննարկման: Ալվինա Գյուլումյանը սա բացատրում է մեր երկրի փաստաբանների  բարձր պրոֆեսիոնալիզմով:

Հայաստանի դեմ Եվրոպայի խորհրդին անդամակցությունից ի վեր,  տասը տարվա ընթացքում 50 վճիռ է կայացվել, որից միայն մեկ դեպքում է, որ խախտում չի արձանագրվել: Այս պահի դրությամբ Հայաստանի դեմ ներկայացված և չքննված կա 833 դիմում: Լինում են դիմումներ, երբ ՀՀ-ն ներկայացնող դատավորն ամաչում է, ինչպես օրինակ ոստիկանությունում խոշտանգումների ենթարկված քաղաքացիներ Գրիշա Վիրաբյանն ու Միշա Հարությունյանը ընդդեմ ՀՀ գործի պարագայում:

«Գիտեք` տհաճություն ես զգում, որ նման գործեր են եղել Հայաստանում: Միշա Հարությունյանի դեպքում անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների միջոցով ստացված ապացույցը դրվել էր վճռի հիմքում: Բնականաբար նման վերաբերմունքի դրսևորումը հարիր չէր մեր հասարակությանը: Ես համենայնդեպս վատ էի զգում, որ մենք մեր հանրապետությունից կարող ենք նման գործ ունենալ, որտեղ մարդը խոշտանգումների է ենթարկվել»,-  ասում է Ալվինա Գյուլումյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանի ներկայացրած պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի վերաբերյալ կայացված վճիռները հիմնականում վերաբերում են անձի ազատության իրավունքին (ՄԻԵԿ-ի 5-րդ հոդված), արդար դատաքննության իրավունքին (ՄԻԵԿ-ի 6-րդ հոդված), սեփականության իրավունքին (ՄԻԵԿ-ի թիվ 1 արձանագրության 1-ին հոդված): Նա նշում է, որ Հայաստանի վերաբերյալ վճիռների կառուցվածքն էապես չի տարբերվում Եվրոպական դատարանի ընդհանուր վիճակագրության մեջ դրսևորված միտումներից:

Փոխնախարարի խոսքով՝ Եվրոպական դատարանը կոնկրետ գանգատը վարույթ ընդունելիս հաշվի է առնում ոչ թե ենթադրյալ խախտման հոդվածը, այլ գանգատի հիմնավորվածության աստիճանը: Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2013-ի հունիսի 21-ի դրությամբ Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի վերաբերյալ 45 վարույթներով կայացվել է 48 վճիռ, այդ թվում` 16 վճիռ 2012 թվականին, 2 վճիռ`ընթացիկ տարում: Երկու վարույթներով ՄԻԵԴ-ի Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության և արդարացի փոխհատուցման վերաբերյալ: Իսկ մեկ վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով:

Մելիքյանն ասում է, որ Հայաստանի դեմ ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներով փոխհատուցման գումարների տարեկան բաշխումը համաչափ չէ, և օբյեկտիվ օրինաչափություն էլ գոյություն չունի: «Այսպես, 2012 թվականին ունեցանք 16 վճիռ, իսկ 2013 թվականի 1-ին կիսամյակում՝ ընդամենը 2 վճիռ, որոնցից մեկով է ճանաչվել խախտման բացակայությունը»,- վիճակագրությունն է ներկայացնում փոխնախարարը` հավելելով, որ ՀՀ վերաբերյալ վճիռներով վճարված կամ վճարման ենթակա փոխհատուցման ընդհանուր գումարը 570.294 եվրոյին համարժեք դրամ է և վերաբերում է 2007-2013 թվականներին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասում է, որ այդ միջոցների հաշվին մի շարք խնդիրներ կարելի էր լուծել և առաջին հերթին պետբյուջեից վճարվող այդ գումարները կարելի էր ուղղել հենց արդարադատության համակարգին: «Եթե դատաիրավական բարեփոխումներն ընթանային այնպես, ինչպես իրենց առաքելությամբ նախանշվում էր, ապա այդ գումարները կարող էին տնտեսվել և դատաիրավական համակարգը բարելավելուն ուղղվել: Դա նշանակում է՝ մենք կարող էինք ունենալ արդար դատավորներ, հանիրավի կալանքի տակ չգտնվող մարդիկ, դա նշանակում է, որ այդ ընտանիքները, որոնք տուժում են անիրավությունից, չէին տուժի»,- «Մեդիալաբին» ասում է Փոստանջյանը:

Պատգամավորը, նյութականից զատ, առավել կարևորում է Հայաստանի դեմ կայացված վճիռների հոգեբանական ազդեցությունը: «Բացի այս պահի նյութական վնասից, սա ՀՀ դատական համակարգի խայտառակ վիճակի գնահատականն է: Մենք միայն նյութական առումով չենք տուժում: Այդ գանգատները մի չնչին տոկոսն են ընդամենը, որոնք հասել են ՄԻԵԴ, բայց հազարավոր մարդիկ կան, որոնք նույնատիպ խնդիրներից տուժել են և դեռ չեն հասել այնտեղ»,- նկատում է նա:

Կայացած դատաիրավական համակարգի պայմաններում, ըստ Փոստանջյանի, մենք կարող էինք արձանագրել ամենակարևորը` մարդիկ Հայաստանում ապրելու հույս կունենային: «Մենք այսօր չենք հասկանում, որ պետությունն առանց քաղաքացու չի կարող լինել: Ամենակարևորը` մենք կունենայինք քաղաքացի, որը չի հեռանում և հավատում է իր պետությանը, ոչ թե դատի է տալիս: Ամենակարևորը դա կլիներ»,- շեշտում է պատգամավորը:

ՄԻԵԴ-ը «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով կոմունիկացրել է կառավարությանը, այսինքն՝ ՀՀ կառավարությունը պետք է պարզաբանումներ ներկայացնի: Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը պետք է վճիռ կայացնի: Գանգատը Եվրոպական դատարան ուղարկած փաստաբան Հայկ Ալումյանը սպասում է վճռին:

«Մարդուն ապօրինաբար զրկել են սեփականության իրավունքից և ընթացքում խախտել արդար դատաքննության իրավունքը: Ինձ համար ամենաանընդունելին այն է, որ մեր Վճռաբեկ դատարանը այդտեղ խնդիր ընդհանրապես չտեսավ և վարույթ չընդունեց: Չտեսնել խնդիրը, որը բղավում էր, ճչացող էր, նշանակում է՝ մեր Վճռաբեկ դատարանն իր դիրքում չէ, և նման գործեր դեռ լինելու են»,- ասում է փաստաբանը և հավելում, որ կարելի է բազմաթիվ նման օրինակներ բերել:

Պատճառների շարքում, թե ինչո՛ւ ներպետական դատարանների կայացրած վճիռներով գանգատները բավարարվում են ՄԻԵԴ-ում, արդարադատության փոխնախարարն առանձնացնում է մի քանիսը` սկսած օրենսդրական և համակարգային խնդիրներից, որոնք Մելիքյանի գնահատմամբ գերակշիռ են, մինչև սխալ իրավակիրառումը:

ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացվող վճիռների բացասական միտումը նվազեցնելու համար ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես երկրի ներսում արդարադատության պակասի խնդիրը լուծելու ուղղությամբ հարցին արդարադատության փոխնախարարը «Մեդիալաբին» ասում է.

«Մենք մշտապես փորձում ենք լուծումներ տալ ՄԻԵԴ-ի արձանագրած համակարգային խնդիրներին: Ի դեպ, ՄԻԵԴ-ի վճիռը կայացնելու պահին հաճախ ներպետական մակարդակում լուծումն արդեն իսկ տրված է լինում: Արձանագրված համակարգային խնդիրները լուծելիս մենք հատկապես կարևորում ենք ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքի նախագծի մշակումը: Նախագիծն արդեն ներկայացվել է կառավարության քննարկմանը, և մենք հուսով ենք, որ աշնանը այն կքննարկվի Ազգային ժողովում»:

© Medialab.am